Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկչի» գալուստը. ապազգային հարձակումներ եկեղեցու վրա. Ֆիլիպ Ռաֆֆի Կալֆայան

Նոյեմբեր 19,2025 16:41

Ֆրանսալեզու Armenews-ում ««Մեսիայի» գալուստը. հակասահմանադրական և ապազգային հարձակումներ եկեղեցու վրա» խորագրով իր հոդվածում Ֆիլիպ Ռաֆֆի Կալֆայանը, մասնավորապես, գրում է.

«2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը բնութագրվում է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված աղետալի բևեռացմամբ:

Սկզբում ականատես եղանք «վհուկների որսի»՝ որպես հաշվեհարդար և վրեժխնդրություն նախկին իշխանությունների նկատմամբ: Այնուհետև նա թիրախավորեց բոլոր նրանց, ովքեր դատապարտեցին կապիտուլյացիան Ադրբեջանին:

Այսօր ճնշումները շարունակվում են շատ ավելի լայն մասշտաբով։ Դրանք դրսևորվում են որպես նպատակային գործընթաց՝ շատ ավելի խորը և համապարփակ նպատակներով:

Ճնշումները ծառայում են վարչապետի այս նոր, խիստ անձնական «գաղափարախոսությունը» ամրապնդելուն՝ ըստ որի․

– հայ ազգը սահմանափակվում է միայն ՀՀ սահմաններում ապրող մարդկանցով,

– անկախ Արցախի գոյությունը սպառնալիք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը,

– սփյուռքը չի դիտարկվում «իրական» Հայաստանի բաղադրիչ,

– հարևանների հետ խաղաղությունը պահանջում է անցյալի հետ կապի ամբողջական խզում:

Հարկ է հիշել, որ 2018 թվականի օգոստոսից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով վերացնում է սահմանադրական բոլոր հակակշիռներն ու զսպումները:

Իհարկե, իշխանությունը լրիվ օրինականորեն զբաղեցնում է խորհրդարանի երկու երրորդից ավելին, բայց այլևս չկա ժողովրդավարական բանավեճ, քանի որ խորհրդարանական հանձնաժողովների որևէ նախագահություն չի վերապահվում ընդդիմադիր խմբակցություններին։

Ընդդիմության ներկայացրած բոլոր քննարկումներն ու նախագծերը կամ մերժվում են, կամ նախապես դատապարտված են ձախողման՝ եթե հակասում են վարչապետի ծրագրին ու «տեսլականին»։

Նա աշխատանքից ազատել է այն բոլոր դատավորներին, թե՛ դատական համակարգից, թե՛ Սահմանադրական դատարանից, որոնք չեն կիսում նրա քաղաքականությունը կամ չեն ենթարկվում նրա հրահանգներին: Միով բանիվ՝ դատական համակարգի անկախություն այլևս գոյություն չունի։

Նա նաև աշխատանքից ազատել է իրավապահ մարմինների, հետախուզության, ազգային անվտանգության ծառայության, զինված ուժերի և ոստիկանության՝ իր դեմ հանդես եկող բարձրաստիճան պաշտոնյաներին:

Վերջնական ինքնակալություն (ավտոկրատիա) հաստատելու համար դեռ երկու հաստատություն է մնացել ենթարկեցնելու՝ Եկեղեցին և լրատվական դաշտը։

Քաղաքական ասպարեզը մի քանի ամիս է՝ անհանգիստ է հասարակությունը պառակտելու նոր արշավի հետևանքով: Արշավ, որի թիրախը Եկեղեցին և նրա առաջնորդներն են։

Վարչապետի թշնամանքը եկեղեցու առաջնորդի նկատմամբ սկիզբ է առել 2020 թվականից, բայց այժմ այն ագրեսիվ բնույթ ստացել. կառավարությունը փորձում է լռեցնել և «ստվերել» բոլոր քաղաքական կամ ինստիտուցիոնալ ուժերին, որոնք քննադատում են հրաժարման և հանձնման նրա քաղաքականությունը հանդեպ Ադրբեջանի, որն ավելի ու ավելի պահանջկոտ ու ծավալապաշտ է դառնում:

Այս քաղաքականությանը դեմ լինելու համար ընդդիմադիրները մեղադրվում են ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ, քանի որ նրանք իբր սպառնում են «խաղաղությանը», որը, ըստ իշխանության, հաստատվել է, սակայն այն ակնհայտորեն դեռևս վերջնական համաձայնագրի է սպասում:

Սա այն համատեքստն է, որը հանգեցրել է վրա կառավարության հարձակմանը Հայ Առաքելական եկեղեցու՝ ազգի և նրա մշակութային ինքնության պաշտպանության ու պահպանման խորհրդանիշի ու հենարանի վրա:

Այս ինստիտուտը հոգևոր կյանքի շրջանակից դուրս՝ թույլ տվեց հայ ազգին գոյատևել 1700 տարի և վեց դար շարունակ՝ առանց պետականության: Եկեղեցու առաքելությունը թուլացնելու համար հարձակումները կատարվում են այն քահանաների վրա, որոնք դիմադրում են հանձնման ոգուն կամ դեմ են ազգային հասկացություններից և արժեքներից հրաժարվելուն այն օրենքներում, որոնք կառավարությունը փորձում է պարտադրել:

Հայ հոգևորականների դիմադրությունը ազգի կործանմանը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանն առաջինն էր, որ թողեց իր եկեղեցական պաշտոնը՝ առաջնորդելու դիմադրության շարժումը, որը պահանջում էր վարչապետի հրաժարականը:

Նրա թեմը՝ Տավուշը, որն Ադրբեջանի սահմանին, ադրբեջանական ներխուժումների հետևանքով արդեն կորցրել է բազմաթիվ քառակուսի կիլոմետրեր։ Բագրատ սրբազանն այժմ կալանավորված է՝ «պետական հեղաշրջման փորձի» կասկածանքով։

Մեկ այլ հոգևորականի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վրա հարձակումը, (նա նույնպես կալանքի տակ է), պաշտոնապես արդարացվում է նրանով, թե նա իբր կոչ է արել տապալել իշխանությունը:

Միքայել սրբազանն, իրականում վիճարկում էր փոփոխությունները, որոնք կառավարությունը ցանկանում էր կատարել պետություն-եկեղեցի հարաբերություններին վերաբերող օրինագծում, մասնավորապես՝ Հայոց Եկեղեցու պատմության դասավանդման վերաբերյալ։ Այս օրինագիծը հանրային քննարկման առարկա է դարձել 2020 թվականի հունիսին։ Եկեղեցին ձևավորել էր աշխատանքային խումբ, որի նախագահը Միքայել սրբազանն էր:

Այս խումբը 2020 թվականի հուլիսի 10-ին իր մեկնաբանություններն է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ օրինագիծը կրթական չափորոշիչներից բացառում է «ազգ», «հայրենիք», «հայություն» և «քրիստոնեություն» հասկացությունները: Բացի այդ, խումբը ափսոսանք է հայտնել, որ անտեսվում է հայոց լեզվի դերը հայկական ինքնության պաշտպանության գործում:

Խմբի անդամները նաև բողոք են հայտնել Սփյուռքի մասին որևէ հիշատակության հեռացման դեմ. «Տպավորություն է ստեղծվում, որ նախագիծը չի վերաբերում ազգային եկեղեցու քրիստոնեական առաքելության հետ կապված երկհազարամյա պատմություն և ինքնություն ունեցող ուժեղ ազգին»:

Այսպիսով, բարձրաստիճան կրոնական գործիչների վրա հարձակումների դրդապատճառները բոլորովին այլ երանգ է ստանում, քան պետական հեղաշրջման փորձի մասին այս պահին չհաստատված պնդումները:

Կառավարությունը ցանկանում է հանրային բեմից հեռացնել բոլոր նրանց, որոնք դեմ են իրենց ապազգային նախագծին։

Ինչպես գրում է ամերիկահայ մի հեղինակ՝«հայ ժողովուրդը խորը անհանգստություն է ապրում. Ադրբեջանը քանդում է Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները, մինչդեռ միաժամանակ Հայաստանի կառավարությունը, կարծես, մտադիր է ոտնահարել հայկական եկեղեցու արժանապատվությունը Հայաստանում։

Մի կողմից՝ Ադրբեջանը ոչնչացնում է մեր ժառանգությունը, մյուս կողմից՝ աստվածային առաքելության քողի տակ փորձ է արվում կոտրել ազգի հոգին։ Երկու տարբեր մեթոդներ են, բայց միտված են նույն ողբերգական նպատակին՝ հայ ազգին կտրել իր հոգևոր արմատներից»:

Իր նպատակներին հասնելու համար վարչակազմը բացահայտորեն խախտում է օրենքները և պարկեշտության բոլոր կանոնները: Եկեղեցու առաջնորդի վարչապետի հարձակումները բացառապես գռեհիկ բնույթ են կրում, որոնք հարիր չեն պետության ղեկավարին:

Քաղաքացիական հասարակության տարբեր հայտնի գործիչներ, որոնք աջակցում են եկեղեցուն այս դիմակայության մեջ, նույնպես հետապնդվում են և կալանքի տակ պահվում՝ առանց որևէ լուրջ մեղադրանք առաջադրելու (օրինակ՝ Սամվել Կարապետյանը):

Իր նպատակներին հասնելու համար վարչակազմը բացահայտորեն խախտում է օրենքները և պարկեշտության բոլոր կանոնները: Եկեղեցու առաջնորդին և նրա փոխանորդներին իշխանությանը ենթարկվող մարդկանցով փոխարինելու փորձերը բացառիկ ագրեսիվ և գռեհիկ բնույթ են կրում, որոնք հարիր չեն պետության ղեկավարին:

Նույն ճնշումը կիրառվում է բոլոր այն հանրային դեմքերի նկատմամբ, որոնք այս դիմակայության մեջ աջակցում են Եկեղեցուն (օրինակ՝ Սամվել Կարապետյանը)։

Սոցցանցային տրոլերն ու կեղծ հաշիվները, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, որոնք մասնակցում են հոգևորականների և նրա կողմնակիցների Լինչի դատաստանին, օգտագործելով պիտակներ՝ ռուսամետ, սփյուռք, ընդդիմություն և այլն: Մի մասն էլ փորձում են արդարացնել կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, թե հոգևորականները չպետք է մասնակցեն քաղաքական կյանքին։

Այս բոլոր մանևրները մի նպատակ ունեն՝ 2026թ.-ի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում ապահովել վարչապետի վերարտադրությունը՝ նրան թույլ տալով ավարտին հասցնել իր ապազգային, «փրկչական» ծրագիրը։

Փորձենք Սահմանադրության և օրենքի լույսի ներքո դիտարկել այս հակամարտության հիմքում ընկած խնդիրները, որոնք վերաբերում են եկեղեցական-պետական հարաբերություններին և հոգևորականների մասնակցությանը քաղաքական կյանքին:

Սահմանադրական դրույթները ամբողջովին հստակ են

ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները հաստատում են․
Եկեղեցին ու պետությունը անջատ են,
Եկեղեցու գործունեության ազատությունն ապահովված է,
Եկեղեցին ունի բացառիկ առաքելություն՝ ազգային ինքնության պահպանման գործում։

1991-ի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հստակ ամրագրում է․

  • պետությունը չի կարող ներքին միջամտել Եկեղեցու գործերին,
  • պետությունը չի կարող սահմանափակել հոգևորականների մասնակցությունը քաղաքացիական կամ քաղաքական կյանքին։

Այսպիսով՝ հոգևորականների «քաղաքական չեզոքության» մասին կառավարության միջոցով տարածվող մեկնաբանությունը օրինական հիմք չունի։

Ավելին՝ Եվրոպական դատարանի վճիռները (օր.՝ «Սրբազան սինոդ ընդդեմ Բուլղարիայի») հստակ արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին ղեկավարությանը։

Կառավարությունը դա գիտակցում է և դրա համար էլ հոգևորականների ձերբակալությունները հիմնավորում է իբրև «ապօրինի իշխանափոխության կոչերով»։ Մինչ օրս որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել։ Իրականում դրանք սովորական խոսակցություններ են, ինչպիսին տեղի ունեն յուրաքանչյուր ընտանիքում կամ շրջապատում՝ կառավարության վտանգավոր քաղաքականության շուրջ։

Դրա հետ մեկտեղ, շատերը, այդ թվում՝ պետական լրատվամիջոցի հեղինակները, հղում են անում այն մտքին, թե Եկեղեցին պետք է մնա «մաքուր հոգևոր» դաշտում։ Սակայն ինչո՞ւ Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության հենասյուն, չպետք է արձագանքի, երբ այդ ինքնությունն անմիջական վտանգի տակ է։

Հիշենք Խրիմյան Հայրիկին, որ 1878-ին Բեռլինյան վեհաժողովից վերադառնալով՝ կոչ արեց հայերին ինքնուրույնությանը՝ դադարելով օտարներից օգնություն ակնկալելուց։

Վերջին հանգրվանը՝ անարգանքի մեջ

Սահմանադրական արգելքները շրջանցելու համար վարչապետն ու նրա կողմնակիցները դիմում են անհատական վարկաբեկման։ Իրավական առումով դա ոչինչ չի փոխում։ Հոգևորականի մասնավոր կյանքը Եկեղեցու ներքին հարց է։ Մեղադրանքները՝ իրական, թե մտացածին, Սահմանադրության տեսանկյունից առանցքային չեն։

Որոշ արևելյան եկեղեցիներում նույնիսկ ավելի ճկուն ավանդույթներ են եղել։ Խրիմյան Հայրիկն ամուսնացած էր և ուներ դուստր։ Երուսաղեմի պատրիարք Եղիշե Տերտերյանը նույնպես ուներ երեխա։ Ուստի հայկական հոգևորականության անձնական կյանքի մասով շահարկումները չունեն ոչ իրավական, ոչ էլ բարոյական հիմք:

Վարչապետը այնքան լավ է հասկանում դա, որ փոխել է մարտավարությունը։ Այժմ հանդես է գալիս իբրև «հավատացյալների» պաշտպան։ Նա նույնիսկ հայտարարել է, որ ուզում է «ուժեղացնել պետության կապը Աստծո հետ»՝ իրեն ներկայացնելով որպես այդ կապի մարմնացում։ Այս կերպ նա փորձում է ստանձնել «մեսիայի» դեր։

Օրենքի տեսակետից դա ոչինչ չի փոխում։ Բոլոր քաղաքացիները հավասար են։ Սահմանադրությունը նույնն է բոլորի համար։ 2015թ.-ի Սահմանադրության քննարկումների ժամանակ երբեք հարցականի տակ չէր դրվում եկեղեցի–պետություն հարաբերության հիմքը։

Ըստ Սահմանադրության և օրենքների՝ վարչապետը ստիպված կլինի ընտրություն կատարել կառավարության ղեկավարի կամ նոր փրկչական շարժման ղեկավարի պաշտոնի միջև»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930