Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»

Նոյեմբեր 19,2025 16:22

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում օրերս բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Դուրգարյանի (Durgo) «6-րդ զգայարան» խորագրով ցուցահանդեսը։ Ստացած տպավորություններով խնդրեցինք Aravot.am-ի հետ կիսվել արվեստաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանին։

Արվեստաբան Մարգարիտա Քամալյան

Նախքան նրա մասնագիտական տպավորությունները ներկայացնելը` մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրինության և իր անունից շնորհավորական խոսքեր հղեց Արթուր Դուրգարյանին՝ ինչպես ցուցահանդեսի բացման, այնպես էլ նկարչի ծննդյան հոբելյանի կապակցությամբ, մաղթելով արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ։

Ապա համաձայնեց մեր դիտարկմանը, այն է՝ Durgo-ի «6-րդ զգայարան» ցուցահանդեսը կարծես հրավիրում է տեսանելիի սահմաններից դուրս՝ խորը զգացմունքային աշխարհ, որտեղ ինտուիցիան դառնում է տեսողություն։ Ի դեպ, շրջելով «6-րդ զգայարան»-ով, մտաբերեցինք ամռանը նկարչի «Մետամորֆոզներ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը արվեստագետի մեզ հայտնած հետևյալ միտքը, ինչը այստեղ էլ էր ներկա. «Իմ ստեղծագործությունները ոչ միայն զգացմունքների շարք են, այլ կոնկրետ սեր։ Եթե նույնիսկ կան գործեր, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում իմ տեսակետին, ապա դրանց թեման, միևնույն է, սիրո գերբնական ուժի քարոզի համատեքստում է։ Եվ ինչքան էլ ստեղծագործելու պահին հոգումս լինի սիրո տխուր պատմություն, ձգտում եմ կտավիս պոզիտիվ տրամադրություն հաղորդել»։

Հիմա անդրադառնանք «6-րդ զգայարան»-ին և Մարգարիտա Քամալյանի խոսքին, որը սկսվեց մասնագետի սեղմ դիտարկումով ժամանակակից արվեստի մասին, ինչը մինչ օրս էլ բազմաթիվ կարծիքների, տեսակետների, նույնիսկ բանավեճերի թեմա է։
«Ժամանակակից արվեստը ներկայացնում է մուսաներին՝ պատրանքային և իրապաշտական հանդերձանքից զուրկ։ Սակայն կրկնօրինակման պարզ գործառույթից հեռացող այս արվեստն այնքան շատ ասելիքներ ունի։ Տեսանելի աշխարհի շղարշը թոթափող այս արվեստը մղում է մարդկային հոգու խորքերի քննությանը։ Այսպես, տեսանելիի և անտեսանելիի սահմանագծին թևածող դուրգարյանական պատկերները ստանում են նշանի, սիմվոլի ուժ, որն առնչակցվում է յունգյան արխետիպերի և խորհրդանիշերի հետ։ Խորության պակասը, պատկերների հարթայնությունը չի խոսում միաչափության և մակերեսայնության մասին, ճիշտ ընդհակառակը՝ Արթուր Դուրգարյանի նշանային համակարգը հրավիրում է ինքնահայեցողության, ինքնաճանաչման»,-վստահեցրեց մասնագետը՝ շարունակելով, թե այսպես արվեստը դառնում է պատուհան դեպի նկարչի հոգու խորքերը։ Սերը ճշմարտության հանդեպ արիաբար բացահայտում է նրա հոգու բոլոր անկյունները, սակայն Արթուր Դուրգարյանը չի պարտադրում իր տեսակետը․ նա ձգտում է երկխոսության, և այդ մասին է փաստում, թերևս, ստեղծագործություններն ուղեկցող մակագրությունների բացակայությունը։

Մեր զրուցակցին խնդրեցինք նկարչի մեկ-երկու աշխատանքների մասին ավելի առարկայական մեկնաբանություն անել։
«Մեկնաբանությունների բացարձակ ազատության այս տիրույթում դուրգարյանական արվեստի բազմաշերտությունը ստանում է հետաքրքիր փոխակերպումներ։ Օրինակ՝ գեղեցիկ կինը ձեռք է բերում մոդեռնին հատուկ կանացիության ստվերային կողմի սառը բարձրամտությունն ու ինքնահմայվածությունը։ Արտաքին կերպարանքի մերօրյա համատարած ֆետիշացման, անթերի երևալու հուսահատ ձգտման հագուրդի մեջ, շքեղ կյանքով ապրելու կոնֆորմիստական թակարդի այս պերսոնիֆիկացիան պատկերված է ռնգեղջյուրի կողքին։ Գուցե դա աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Էժեն Իոնեսկու ռնգեղջուրն է՝ մասսայականացման, բարոյահոգեբանական հաշմանդամության, բնազդային կույր ագրեսիայի սիմվոլը։ Եվ գեղարվեստական արտահայտչամիջոցներով բացահայտված է աստվածաշնչյան Հեզաբելի և Աքաաբի, Բաբելոնյան պոռնիկի և գազանի հավերժական խտոնիկ երկմիասնության գաղտնիքը», — հայտնեց արվեստաբանը։

Մեկ այլ նկարում մարդ-ռնգեղջյուրի կողքին պատկերված է միայնակ գայլը. մեր զրուցակիցը վստահ է, որ այստեղ տեղին է Վերածննդի բժիշկ, փիլիսոփա, գիտնական Պարացելսի հետևյալ խոսքը. «Ես հանձնվում եմ, թող ամեն բան ավարտվի։ Մեկուսացում, մութ անկյուն ինձ համար։ Ես ուզում եմ մոռացված լինել նույնիսկ Աստծո կողմից»։ Իսկ «ռնգեղջյուրացման» ակունքներում միայնությունն է, լքվածությունը, կամավոր կտրվածությունն աստվածային շնորհից և բացարձակ սիրուց։ Այս առումներով նկարը ներքին իմաստային նմանություն ունի վրուբելյան «Դևի» հետ։

Մեկ այլ պատկեր նույնպես լուծված է փիլիսոփայական ոգով. կոմպոզիցիայի կենտրոնում հայտնված խնձորն ասես ներկայանում է որպես գայթակղության և զգոնության միջև մշտական ընտրության իմաստակիր կերպար։ Այս ամենի կողքին սիրո մեջ ողողված զույգն է՝ հավանաբար պտղաբերության խորհուրդը կրող ցուլի վրա կանգնած։ Մարդկային գիտակցության ենթաշերտերից մեր աչքի առաջ միս ու արյուն ստացող, կիսաանրջային կերպարները մեզ հետ երկխոսում են՝ մեզ քնից հանելու նպատակով։ Թվում է՝ նկարիչը բացահայտում է գենետիկ կապ սիմվոլիզմի և նրա նախահայր ռոմանտիզմի հետ։ Հոգևոր տատասկների ու փշերի հետ պայքարելու դոնքիշոտյան նրա ձգտումն առնչակցվում է ռոմանտիզմի բուն ոգու հետ։

Նկարիչ Արթուր Դուրգարյան

Մարգարիտա Քամալյանը, շեշտելով, որ Արթուր Դուրգարյանի տաղանդը բազմակողմանի է, հիշեցրեց, որ նկարիչը ստեղծագործական առաջին քայլերն արել է որպես քանդակագործ, ապա տարվել գրաֆիկայով, գեղանկարչությամբ, զբաղվել որմնանկարների վերականգնումով, զարդերի մոդելավորմամբ և այլն։ Ասես սիմվոլիզմի արսենալից են փոխառված գծի ռիթմիկ սահունությունը, երաժշտականությունը։ Գրաֆիկական մտածելակերպը և գծի դոմինանտը չեն խանգարում նրան հասնել նաև գույնի, գունային բծի արտահայտչականության։ Նշեց, թե Դուրգարյանը երբեմն ազատորեն դիմում է նաև այլ «իզմ»-երի արտահայտչամիջոցներին, կիրառում իտալական Վերածննդին հղող պաստիշներ՝ ստեղծելով միանգամայն նորն ու ինքնատիպը.

«Այսպես նկարիչն արարում է տարօրինակի և արտասովորի իր անկրկնելի տիեզերքը՝ օժտված գեղարվեստական արտահայտչականությամբ ու տեխնիկական բարձր վարպետությամբ։ Արտահայտչալեզվով պոստմոդեռնիստական՝ Արթուր Դուրգարյանի արվեստը բովանդակությամբ դասական է, քանի որ ձգտում է գեղեցիկի բնույթի բացահայտմանը և դա անում է գեղարվեստական բազմակի, բազմաբնույթ և շնորհալի եղանակներով։ Հիրավի, պոստմոդեռնիստական այս գլուխկոտրուկի իմաստների վերակազմությունը դիտողից պահանջում է արիություն և անկեղծություն, երկխոսություն մերժված ստվերային կողմերի հետ և ինքնահաշտեցում, ինչի արդյունքը արվեստի ուժով սեփական հոգին վերագտնելու հնարավորությունն է։

«Արվեստը միշտ էլ ավելին է, քան այն, ինչ տեսնում ենք»,- նշում է Արթուր Դուրգարյանը», -հայտնեց Մարգարիտա Քամալյանը, ապա սահուն եզրափակեց իր խոսքը. «Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Արթուր Դուրգարյանի «6-րդ զգայարան» ցուցահանդեսից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930