ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն արդեն չորս օր է՝ հացադուլ է անում, այսօր արդարադատության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ հացադուլը շարունակելու է։
Նա հրապարակային ուղերձ հղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որում մասնավորապես ասվում է, որ նախարարն անձամբ խախտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը՝ քննարկման չդնելով իրեն փոխանցված բարեփոխումների հայեցակարգը եւ Սահմանադրության նախագիծը, որը հեղինակել է Պարույր Հայրիկյանը։
«Ցավում եմ, որ ձեր ծանոթ-բարեկամների մեջ չկան մարդիկ, որ ձեզ զգուշացնեին, որ քրեական ծանր հանցագործություններն անհետեւանք չեն մնում դրանք կատարողների համար։ Դուք պարտավոր էիք ինձնից հանրագիր ստանալուց հետո այն փոխանցել նախ այսպես կոչված Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որի ղեկավարն եք, ապա նաեւ՝ մասնագիտական հանձնաժողովին եւ կազմակերպեիք պատշաճ քննարկումներ։ Չեք արել, ուրեմն՝ չարաշահել եք ձեր իշխանությունը, որպեսզի, խախտելով սահմանադրական օրենքի հստակ պահանջը, հայ ժողովրդին զրկեք առարկայորեն երկրի տերը դառնալու, Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական եւ աշխարհի բոլոր պետությունների համար օրինակելի երկիր դարձնելու հնարավորությունից։ Այս քայլով դուք ստանձնում եք կոռուպցիոն հանցախմբի կամավոր աջակցի դերը եւ ինքնակամորեն դառնում այդ կոռուպցիոն հանցախմբի անդամ։
Օրերս դուք գնացիք նաեւ նոր սահմանադրական նախագիծ պատրաստելու մասին նորմատիվ իրավական ակտի դրույթների անտեսմանը՝ հայտարարելով, որ, թքած ունենալով հայեցակարգ ներկայացնելու պահանջի վրա, միանգամից նոր Սահմանադրության տեքստ եք գրում։ Տիկին արդարադատության նախարար, օրենսդրությունն այն բանի համար է, որ դրանով առաջնորդվենք, դուք այն անտեսելով՝ հանցախմբի ղեկավարի հրամաններո՞վ եք առաջնորդվում։ Ո՞վ է ձեզ համոզել, թե մարսելու եք այսօրինակ կեցվածքը եւ չեք դառնալու քրեակատարողական հիմնարկի բնակիչ։ Ես հորդորում եմ ձեզ շտապ կարգով ուղղել ձեր սխալը եւ իմ հանրագրի հետ, թեկուզեւ մեծ ուշացումով, վարվել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պարտադրած կանոններով»,- հայտարարեց Հայրիկյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պարույր Հայրիկյանին քննարկման հրավիրեցին արդարադատության նախարարություն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































