Նոյեմբերի 18-ին Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում, հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների և շուկայավարման կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































