Նոյեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է պատգամավորների հարցերին ու քննադատություններին։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, նա խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը, մենք պատրաստ կլինենք Հայաստանի հետ կարգավորմանը։ Մենք դա նախապես հայտարարել էինք։ Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հանդեպ այսքան մեծ պատրաստակամության գլխավոր պատճառը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզանից կամքի դրսևորում տեսնելն է»,- նշել է Ֆիդանը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը կարևոր է Հայաստանի համար։
Ֆիդանը նշելով, որ իրենք չեն ցանկանում Հարավային Կովկասում տեսնել «սառեցված հակամարտություն», ընդգծել է․ «Եթե մենք այս պահին կարգավորենք, ապա Հայաստանի ձեռքից կվերցնենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ ամենամեծ պատճառը։ Այդ պատճառով մենք տարածաշրջանում կարող ենք մնալ սառեցված պատերազմի հետ դեմ հանդիման։ Մենք դա չենք ուզում»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանը, հիշեցնելով, որ երկու երկրները նախաստորագրել են պայմանագիրը Վաշինգտոնում, հայտնել է, որ պայմանագրում չի ներառվել երկու հարց՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը և Հայաստանի սահմանադրությանը վերաբերող որոշ հարցեր։ Նա հավելել է, որ երբ այս հարցերը լուծվեն և Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանային անցակետերը Հայաստանի հետ։
«Ադրբեջանն է, որ Հայաստանում տարածք է (ի նկատի ունի՝ Զանգեզուրի միջանցք) պահանջում։ Տարածքն էլ, որ իրար է կապում՝ Նախիջևանն ու Ադրբեջանն են։ Մենք այստեղ կողմերի համար հանդես ենք գալիս որպես դյուրացնող կողմ/ միջնորդ, իսկ Եվրոպայից եկող տարանցիկ երթուղու համար ամենամեծ ցամաքային հատվածը հենց մենք ենք կազմում, և մենք էլ դրա կարիքն ունենք։ Սովորաբար մեր առևտրի մեծ մասը, քանի որ այս պահին Զանգեզուրի միջանցքը բաց չէ, իրականացնում ենք Վրաստանի և Իրանի տարածքով՝ Կենտրոնական Ասիայով, Կովկասով և Ռուսաստանով։ Նաև օգտագործում ենք ծովային ուղիները՝ դեպի Ռուսաստանի նավահանգիստներ՝ Սև ծովով ու այլ ուղղություններով»,-ընդգծել է Ֆիդանը։
Ըստ թուրք արտգործնախարարի՝ պատերազմից առաջ դրանք Թուրքիան ավելի շատ էր օգտագործում։
Նա նաև հավելել է, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» այս պահին հատկապես Ադրբեջան–Հայաստան շրջանակում շարունակում է մնալ քննարկվող հարց։
Ինչպես հայտնում է «Թուրքիան այսօր» տելեգրամյան ալիքը՝ Հաքան Ֆիդանը, մասնավորապես, հետևյալ հայտարարություններ է արել ՀՀ-ԹՀ հարաբերությունների, Հրվ․ Կովկասում Թուրքիայի քաղաքականության համատեքստում։
📍«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին գուցե այսքան հեշտ չկարողանար հասներ, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, տնտեսության կենդանացման հարցը կարևոր են Հայաստանի համար։ Մեզ համար էլ և սահմանային առևտուրն է կարևոր, և՛ տարածաշրջանային տնտեսությունն է կարևոր, և՛ Կովկասում, հատկապես Հրվ․ Կովկասում սառեցված հակամարտություն չենք ցանկանում։
📍Պայմանագրի ստորագրման համար երկու հարց կա․ Մեկը Զանգեզուրի միջանցքը, երկրորդն էլ սահմանադրության հետ կապված որոշ հարցեր, երբ դրանք իրականացվեն ադրբեջանական կողմը արտահայտում է ստորագրելու իր կամքը։ Մենք էլ ասել ենք, որ սահմանները բացվելուն պես, բացելու ենք մեր սահմանադռները։
📍Զանգեզուրի միջանցքը հիմա հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող հարց է։ Վաշինգտոնում երկու երկրների հանդիպման ժամանակ Թրամփի կողմից օրակարգ բերված միջանցքի հարց դարձավ: Առաջին անգամ որպես հայեցակարգ միջանցքի ընդունումն իրականում Ադրբեջանի ազգային շահերի տեսանկյունից չափազանց լավ եղավ։
📍Այս պահին որոշակիացված չէ այն հարցը, թե ինչպիսին է լինելու այն։ Շատ լավ, նման վայրի անհրաժեշտություն կա, Վաշինգտոնի հանդիպմանը դա օրակարգ է բերվել, ընդունվել է, հայտարարվել է, անվանվել է TRIPP, սակայն, թե այն ով և ինչպես է գործարկելու, ովքեր են լինելու գործընկերները, այս հարցում դեռևս որոշակիություն չկա»։
Ըստ «Թուրքիան այսօր»-ի՝ Ֆիդանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակելու է ՀՀ-ի հետ կարգավորման հարցն օգտագործել հօգուտ Ադրբեջանի։ ՀՀ-ԹՀ ահմանների բացում պետք չէ ակնկալել նախքան ՀՀ-ԱՀ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։
📎Կարևոր է, որ պաշտոնական Անկարան չի ժխտում, որ ԹՀ-ՀՀ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն հայկական, այլև թուրքական կողմին։ Անկարան ընդունում և հայտարարում է, որ տարածքը, որով անցնելու է «Թրամփի ուղին» ՀՀ ինքնիշխան տարածքն է, իսկ հարցի լուծման ուղղությամբ գործընթացները՝ դուրս ԹՀ-ի վերահսկողությունից։ Անկարայի համար, այդուհանդերձ, էական են «Թրամփի ուղու» գործարկման հետ կապված մանրամասները։


















































