Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն»՝ ինքնության ոչնչացման գնով. Արմեն Հարությունյանի հոդվածը

Նոյեմբեր 19,2025 17:19

Ֆրանսահայ Armenews կայքը հրապարակել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-2025թթ. դատավոր Արմեն Հարությունյանի հոդվածը, որը ներկայացվում է թարգմանաբար.

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում ձևավորում է ազգային խորհրդանիշների համակարգ՝ հիմնված սեփական պատմության և մշակութային ժառանգության վրա։ Այս ամբողջության հիմքում ընկած են ժողովրդի մշակութային և քաղաքակրթական կոդերը, որոնք էլ ձևավորում են նրա ազգային ինքնությունը։ Պատմությունը վկայում է, որ հենց այս կոդերն ու ինքնությունն են տևականորեն ապահովում ժողովրդի գոյությունն ու զարգացումը՝ ինչպես պատմական, այնպես էլ մշակութային հարթություններում։ Անշուշտ, պետականությունը նպաստում է ինքնության զարգացմանը, սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը կարող է գոյատևել անգամ առանց պետության, բայց ոչ առանց ինքնության։

Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսույթի ու քաղաքականության վերլուծությունը պարզ ցույց են տալիս, որ նրա նպատակը հայ ժողովրդի ինքնությունն ապահովող բոլոր հիմքերի ոչնչացումն է։

Այս համատեքստում, թվում է՝ ՀՀ-ում տարվող ներկայիս քաղաքականությունը երբեմն ուղղված է հայ ազգի՝ իր պատմական, մշակութային և հոգևոր արմատներից աստիճանական հեռացմանը։ Հեռացում, որն, անկախ իր շարժառիթներից, սպառնում է թուլացնել ինքնության և հավաքական հիշողության շարունակականությունը։ ։

Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները, մշակութային ժառանգության և պատմական հիշողության ժխտումը, ինչպես նաև սփյուռքի ներսում առաջացող պառակտումները խթանում են այդ հեռացումը։ Ակնհայտ է, որ նման քաղաքականության շարունակումը կարող է զրկել Հայաստանին իր պատմա-մշակութային և հոգևոր հիմքերից՝ թուլացնելով նրա ինքնությունը։

Ներկայումս որոնվող «խաղաղությունը» չպետք է հանգեցնի ազգային ինքնության պարտադրված փոփոխության, այլ հակառակը՝ պետք է նպատակ ունենա պահպանել ժողովրդի հիշողությունն ու համախմբվածությունը՝ հիմնված ազգային համերաշխության և արդարության վրա։

Սեփական պատմության ընկալումը կորցնելուց հետո, թուլացած Հայաստանը հեշտությամբ կարող է ուղղորդվել դեպի «խաղաղություն»՝ ցանկացած պայմաններով՝ լի արտաքին, տարածքային կամ գաղափարական զիջումներով։

Ինչպե՞ս է արտահայտվում ինքնությունից հեռացումը

  • Պատմա-մշակութային սեփական ժառանգությունից աստիճանական հրաժարում՝ «Արևմտյան Հայաստան»-ը և «Արևմտյան Ադրբեջան»-ը նույն հարթությունում դիտարկելու միջոցով։
  • Ազգը միավորող խորհրդանիշներից՝ օրինակ Արարատ լեռից, հրաժարում ։
  • Աճող լարվածություն՝ պատմական շարունակականությունը մարմնավորող հաստատությունների, ինչպես Հայ առաքելական եկեղեցու հետ։
  • Սփյուռք–Հայաստան կապի թուլացում և ազգային միասնականության տրոհում։
  • Լեռնային Ղարաբաղի հարցում արտաքին նարատիվների որդեգրում՝ հայոց պատմության մոռացության վտանգով։
  • Հայոց ցեղասպանության հարցը պատմական ոչ առաջնային հարթության մեջ տեղավորում և թուրքական կեղծ նարատիվի որդեգրում։
  • Հայոց պետականության գաղափարախոսությունից և պատմական շարունակականությունից աստիճանական հրաժարում։

Ժողովրդի շեղման մեթոդը․ հասարակական խոսույթի քայքայում և քաղաքական մշակույթի գիտակցված դեգրադացում

Հասարակական բանավեճի աղքատացումը և ներքին պառակտումների աճը շեղում են հայ հասարակությանը այն հիմնարար հարցերից, որոնք առնչվում են Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և մշակութային ապագային։ Այդ գործընթացների արդյունքում ձևավորվում են հասարակության հուսալքություն և հիասթափություն, որոնք հանգեցնում են ընտրություններին մասնակցության ցածր մակարդակի՝ թուլացնելով ժողովրդավարությունն ու ընտրությունների լեգիտիմությունը։

Սա է հենց այն, ինչ տեղի ունեցավ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունների ժամանակ, երբ ընտրողների շուրջ 70 տոկոսը չմասնակցեց քվեարկությանը։ Մնացած 30 տոկոսի պայմաններում՝ վարչական ռեսուրսների աջակցությամբ, իշխանությունը կարող է ապահովել իր վերարտադրությունը։

Չափազանց խոշոր զիջումների քաղաքականությունը խրախուսում է ագրեսիան

Թուլությամբ կամ միակողմանի զիջումներով արտահայտվող քաղաքականությունը խրախուսում է արտաքին ճնշումների շարունակությունը։ Ադրբեջանը շարունակում է պահպանել հակամարտական և թշնամական հռետորաբանություն, ինչը խիստ դժվարացնում է հավասարակշռված խաղաղության գործընթացը։

Ադրբեջանական վարչակարգը իր ներքին լեգիտիմությունը կառուցում է հայի հանդեպ ատելության քարոզչության վրա։ Ալիևի պատկերացմամբ, ադրբեջանցին պետք է մշտապես մտածի «հայ թշնամիների» մասին։ Շովինիզմը և գաղափարական մոլեռանդությունը մշտական գործիքներ են բոլոր բռնապետությունների համար, և այս տեսանկյունից Ալիևը բացառություն չէ։ Այդ իսկ պատճառով Հայաստանի հետ խաղաղությունը նրա համար մահացու վտանգ է։

Հենց այս պատճառով է, որ Ադրբեջանի պետական բյուջեն ֆինանսավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և պահանջում է դրա «վերադարձը» «պատմական տարածքներ»։

Այսպիսով, Ադրբեջանում ինստիտուցիոնալիզացված հայատյացությունը ծառայում է որպես քաղաքական գործիք՝ հնարավորություն տալով Ալիևի իշխանությանը սեփական ժողովրդին շեղել երկրի սոցիալ–տնտեսական խնդիրներից՝ ձևավորելով ատելության հիմքով ներքին լեգիտիմություն։

Այս ամենին հնարավոր է հակադրել միայն հստակ կամքով առաջնորդվող խաղաղության քաղաքականություն՝ ոչ թե բռնապետին հանգստացնելու համար և հայկական կենսունակությունն ապահովող Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հաստատությունների քայքայման գնով, այլ ուղղված սեփական երկիրը չարդարացված և ագրեսիվ հարձակումներից պաշտպանելուն։

Անշուշտ, վատ խաղաղությունը նախընտրելի է լավ պատերազմից։ Սակայն խաղաղություն կարող է գոյատևել միայն ինքնությունների փոխադարձ հարգանքի պայմաններում։

Հետևաբար, խնդիրը ոչ թե քաղաքական գործիչների մեղավորությունը գտնելն է, այլ Հայաստանի հոգևոր, մշակութային և պատմական ինքնիշխանության պահպանումը՝ միաժամանակ կառուցելով իսկական և տևական խաղաղության հիմքերը»։

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր /2015-2025/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930