«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Միայն Լոս Անջելեսի ծագումով հայ, իրենց հայ համարող գործարարների հավաքական պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետության գործարարներինը։ Միայն Լոս Անջելեսի հայ գործարարների համախմբված ՀՆԱ-ն շատ ավելի մեծ է, քան Հայաստանի ՀՆԱ-ն։
Ավելի շատ բացեմ, որ լավ պատկերացնեք։ Ծագումով հայ, ԱՄՆ-ի հայ գործարարների համատեղ ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ՀՆԱ-ն։

Իսկ ինչո՞ւ մենք ու մեր պետությունը շատ չնչին է օգտվում այդ ահռելի ռեսուրսից։ Ճիշտ է, մեծ գործ է արվում. օրինակ՝ կրթության ոլորտում Հայաստանի նորարարական նախագծերի մեծ մասի կազմակերպիչները Սփյուռքից են՝ «Թումո», COAF, «Այբ» և այլն, ՏՏ ոլորտում Սփյուռքը մեծ դեր ունի…: Բազմաթիվ այլ ոլորտներում էլ պատկերը նույնն է. Հայաստանի շատ նորարարություններ մեր Սփյուռքից են նախաձեռնվում։ Բայց այդ ամենով հանդերձ՝ դա շատ չնչին է, այն համեմատ, ինչ կարող է անել Սփյուռքը Հայաստանի համար։
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ չի անում։ Որովհետև կազմակերպող չկա, որովհետև պետությունը Սփյուռքի կազմակերպման հարցում հնարավորությունների մինիմալն է անում, որովհետև վստահության համակարգեր չկան, որովհետև մենք Սփյուռքի նկատմամբ միայն սպառողական մոտեցում ունենք, որովհետև մենք նույնիսկ հայկական ռեսուրսի հաշվառում չունենք, թե, որ գաղութում ինչքան հայ կա ու ինչով են զբաղվում։ Ո՞նց կարող ենք օգտվել մի բանից, որի մասին պատկերացում չունենք:
Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, Սփյուռքի կազմակերպման հարցում էլ մենք այս 30 տարիներին շատ ապաշնորհ ենք եղել: Սփյուռքի կազմակերպման հարցում ամենամեծ գործը եկեղեցին է անում, բայց դա էլ շատ քիչ է:
Արդյունքում, Սփյուռքը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում իր նախաձեռնության ու համառության հաշվին ու իր հնարավորությունների չնչին տոկոսով։
ԱՄՆ-ի հայկական ծագումով բիզնեսի ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ՀՆԱ-ն։ Սա նորից շեշտեմ՝ հիշեցնելու համար, թե մենք ինչքան անհեռատես ենք, որ 30 տարվա ընթացքում նույնիսկ չենք պատկերացնում, էլ ուր մնաց կազմակերպենք այդ պոտենցիալի միավորումն ու համագործակցությունը։
Ադրբեջանը նավթ ունի, հարուստ են, հետո ի՞նչ, իսկ մենք հայրենիք պահելու կամք ունե՞նք։
Լոս Անջելեսի «Մանթաշյանցը» «Մանթաշյանցի» գլոբալ ցանցում մեծությամբ երկրորդն է (Երևանից հետո)՝ մոտ 120 ակումբականով, բայց դեռ շատ գործ ունենք անելու ԼԱ-ում, ԱՄՆ-ում և ողջ աշխարհում։
Մի քանի օրով ԼԱ-ում եմ և գրեթե ամեն օր մասնակցում եմ հայ գործարարներին միավորող որևէ նախագծի՝ «Մանթաշյանցի» շրջանակներում ու ամեն անգամ վարակվում եմ մեր սփյուռքի ընկերների ոգևորությամբ:
Մենք քայլ առ քայլ միավորում ենք հայ գործարարներին ինչպես ԼԱ-ում, այնպես էլ ողջ աշխարհում։ «Մանթաշյանցը» հենց այդ բացը լրացնելու համար է։
Մեր ստեղծած յուրաքանչյուր համագործակցություն, միավորում ոչ միայն տնտեսական արժեք է ստեղծում, այլև քաղաքական ու հոգեբանական անվտանգություն՝ ամբողջ համահայկական տարածքի համար։ Սա դեռ սկիզբն է:


















































