Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ի 83-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն լքեց ընտրացուցակը, երբ հույսի նշույլ անգամ չկար Գյումրու ավագանու անդամ դառնալու

Նոյեմբեր 19,2025 19:07

Քիչ առաջ տեղի ունեցավ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում երկու հարցեր էին․ ՔՊ-ի, ինչպես նաև «Կոմունիստական կուսակցության» ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած երկու թեկնածուների դիմումները քննարկումն ու Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին՝ Արտակի Հովսեփյանին տրամադրումը։

Նիստը սկսվեց ՔՊ-ի ընտրացուցակի 83-րդ համարը զբաղեցնող Հմայակ Խաչատրյանի դիմումի քննարկմամբ։ Հմայական Խաչատրյանն այսօր անձամբ էր ներկայացել հանձնաժողովականներին։

Նախորդ նիստին հանձնաժողովը մերժել էր նրան, քանի որ նրա դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ թեկնածուն անձամբ ներկա չէր գտնվել։

Այսօր նա պնդեց իր ցանկությունը, հանձնաժողովը հաստատեց նրա ինքնաբացարկի դիմումը։ Թե ինչո՞ւ էր ընտրացուցակի 83-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն ինքնաբացարկ ներկայացնում, երբ հույսի նշույլ անգամ չկար, որ նրա հերթը կհասնի Գյումրու ավագանու մանդատ վերցնելու, այդպես էլ անպատասխան մնաց։

Հմայակ Խաչատրյանն արագ հեռացավ՝ չցանկանալով լսել լրագրողների հարցը։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը 14 մանդատ ունի, իսկ նրանց ընտրացուցակում թեկնածուների թիվը 99 է․ 97-րդ տեղում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, 98-րդում՝ վարչապետ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է, 99-րդ տեղում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը եզրափակում է ցուցակը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Հմայակ Խաչատրյանը որպես աշխատավայր ու զբաղեցրած պաշտոն նշել է՝ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ։ Հայտարարագրից երևում է, որ նա համեստ ունեցվածքի տեր է, որպես եկամուտ նշել էր՝ համայնքապետարանից ստացված 107 հազար դրամ աշխատավարձը ու նաև Պռոշյան կոնյակի գործարանից ստացված 1 միլիոն 650 հազար դրամ աշխատավարձը։

Ինչևէ, հանձնաժողովը հաստատեց նաև Գնել Մանուկյանի՝ «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակից դուրս գալու դիմումը։

Իսկ նիստի վերջում մանդատը հանձնեց «Իմ քաղաքը» դաշինքի ցուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930