Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետխորհրդային բոլոր մուսուլմանական երկրները ըստ էության միավորվել են մի համադաշնության մեջ եւ դրա անձրեւանոցը Միացյալ Նահանգներն է». Գագիկ Մինասյան

Նոյեմբեր 19,2025 20:11

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում խոսելով անդրկովկասյան տարածաշրջանում վտանգավոր զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց անխուսափելի ազդեցությունների մասին՝ ասաց. «Պրոցեսները, որոնք տեւական ժամանակ զարգանում էին ոչ թե ամիսներ, այլ տարիներ, դրսեւորվում են շատ ցայտուն ձեւով, ինչն արդեն նույնիսկ կույրը կտեսնի:

Վերջերս Ադրբեջանը հայտարարեց, որ ինքն իր զինական համակարգն անցկացնում է ՆԱՏՕ-ի զինական համակարգ: Սա իսկապես լրջագույն մարտահրավեր է ՌԴ-ի համար: Եվ պատահական չէ, որ դրանից մի քանի օր հետո Ռուսաստանը երբ գործարկեց հյուսիս-հարավ մայրուղու արեւելյան ճյուղը, երկաթգիծն անցավ ոչ թե Ադրբեջանով, այլ Ղազախստանով եւ Թուրքմենստանով: Սա շատ կարեւոր ազդակ է այն մասին, որ մի կողմից Ռուսաստանն ունի դեռ գործիքներ որպեսզի կարողանա վերադասավորել իր հիմնական գործընկերոջ՝ Իրանի հետ կապերը՝ շրջանցելով Ադրբեջանը, բայց մյուս կողմից ասում է, որ Ռուսաստանը տեւական ժամանակ վտանգավոր քաղաքականություն է վարում՝ հիմնական շեշտադրումը դնելով Ադրբեջանի վրա:

Բայց պետք է այստեղ խորությամբ հասկանալ, թե արդյո՞ք այս ամեն ինչը այսքանով կավարտվի: Ես առավել քան համոզված եմ, որ ոչ: Այսօր արդեն շատ ավելի պարզ է, որ ՆԱՏՕ-ի զորատեսակների, հրամանատարական կազմի մեթոդներին անցնելուց հետո ՆԱՏՕ-ի ռազմաբազան Կասպից ծովի ափին հայտնվելը այնքան էլ անհեռանկար չէ, շատ ավելի տեսանելի է, քան ոմանց կարող է նույնիսկ այսօր թվալ:

Այս պարագայում պետք է արձանագրենք, որ Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում վարվող սխալ քաղաքականությունը բերում է լրջագույն պրոբլեմների ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ նրա բնական դաշնակիցների համար, ինչը միայն կույրը կարող էր չտեսնել: Այն «կույրերը», որոնք Ռուսաստանի կողմից իրականացնում էին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Պետք է շեշտել, որ այդ կուրությունը ուներ բավականին ընդգծված նավթի հոտ եւ խավիարի համ: Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ այդ մարդիկ, որոնք մասնագիտացված են այդ խնդիրներում, չտեսնեին այն ռիսկերը, որոնք այսօր տալիս են իրենց դառը պտուղները: Այս առումով շատ կարեւոր է այն խնդիրը, որը վերջնականապես լուծվեց երեկ, թե նախորդ օրը: Ադրբեջանը հայտարարեց, որ ինքը միանում է  միջինասիական հինգ երկրների կոնսուլտատիվ համադաշնությանը եւ իրենք ըստ էության վարելու են միասնական տնտեսական դոկտրին:

Հիշենք, որ մի քանի օր առաջ այդ երկրները Թրամփի հրավերով գտնվում էին Վաշինգտոնում եւ ըստ էության ընդունեցին Միացյալ Նահանգների գերակայությունը տնտեսական եւ անվտանգային քաղաքականության առումով իրենց նկատմամբ: Եվ դա տարածվելու է նաեւ Ադրբեջանի նկատմամբ: Այսինքն, տեսնում ենք, որ մուսուլմանական հետխորհրդային բոլոր երկրները ըստ էության միավորվել են մի համադաշնության մեջ եւ դրա անձրեւանոցը ոչ ՀԱՊԿ-ն է, ոչ Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները»:

Գագիկ Մինասյանը նորից կրկնեց, որ սա իսկապես լուրջ մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ այլ դաշնակիցների, մասնավորապես, Իրանի, Հայաստանի համար, որոնք տեւական ժամանակ իրենց զգում էին որպես նույն առանցքի մասեր:

«Կարծում եմ, որ եթե այստեղ առաջիկայում կտրուկ քայլեր տեղի չունենան, ապա պրոբլեմները գնալով կխորանան եւ դժվար կլինի ապագայում լուծել այն խնդիրները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ շատ հեշտությամբ կարելի էր լուծել: Սա մեր համար նոր իրավիճակ է եւ նոր իրավիճակում մենք պետք  է անենք քայլեր, որպեսզի մեր անվտանգությունը հնարավոր լինի ապահովել, որովհետեւ ըստ էության, Թրամփի մայրուղին, որը կնքված համաձայնագրով իրականացվելու է Սյունիքով, ակնհայտ է, որ ինքը միջին միջանցքի տրամաբանության մեջ չի կարող լինել: Միացյալ Նահանգները հայտնվելով Միջին Ասիայում, ինքը խափանելու է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» ծրագիրը եւ թույլ չի տալու որպեսզի Չինաստանը կարողանա իր ապրանքները ուղարկել եվրոպական մայրցամաք եւ այնտեղից իրականացնել մեծ ապրանքաշրջանառություն:

Պետք է արձանագրենք այն, ինչը վաղուց ակնհայտ էր. Թրամփի մայրուղին, որը հայտարարվել եւ իրականացվել է, ուղղակի կապ է հաստատելու միջինասիական երկրների հետ եւ իրականացնելու է Միջին Ասիա-Ադրբեջան-Եվրոպա կապը՝ Միջին Ասիայի հարուստ հումքը Միացյալ Նահանգների գերակայությամբ տեղափոխելով դեպի եվրոպական մայրցամաք»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930