Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում բացվել է «Արվեստով միեղեն. Երվանդ եւ Մելինե Քոչարներ» խորագրով ցուցահանդեսը: Համադրողներն են արվեստաբաններ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի ղեկավար Արփինե Սարիբեկյանը եւ Հայկուհի Սահակյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի ղեկավար Արփինե Սարիբեկյանը նշեց, որ «Արվեստով միեղեն. Երվանդ եւ Մելինե Քոչարներ» ցուցահանդեսը արվեստագետ զույգերին ներկայացնող երկրորդ նախագիծն է իրենց թանգարանում: Առաջինը «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսն էր:
«Մելինե Քոչարը Երվանդ Քոչարի երկրորդ կինն է, որը 1936թ հարկադրաբար բաժանվեց ամուսնուց, երբ Քոչարը վերադարձավ Հայաստան: Մելինեն ամբողջ կյանքում ուղիներ էր փնտրում Քոչարին Փարիզ բերելու համար, սակայն ապարդյուն, այնտեղ կազմակերպում էր ցուցահանդեսներ, ստորագրահավաքներ, բայց ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար: Զուգահեռաբար Մելինեն շարունակում էր ստեղծագործել Փարիզում, իսկ Երվանդ Քոչարն արդեն Խորհրդային Հայաստանում: Մելինե Քոչարի ցուցահանդեսը շատ կարեւոր է մի շարք առումներով, նախ սա առաջին ցուցահանդեսն է, որ ներկայացնում է արվեստագետ կնոջը, ֆրանսահայ արվեստագետին, նաեւ շատ սիմվոլիկ նշանակություն ունի՝ Երվանդ եւ Մելինե Քոչարներին միացնում է մեկ հարկի տակ»,-տեղեկացրեց Արփինե Սարիբեկյանը:
Կարդացեք նաև
«Ցուցահանդեսի կոնցեպտով ներկայացված է Երվանդ Քոչարի Փարիզյան շրջանի մի քանի աշխատանք, իսկ հիմնական գործերը Մելինե Քոչարի աշխատանքներն են, որոնք մեզ սիրով հավաքորդ է տրամադրել: Առհասարակ համագործակցել ենք հավաքորդների հետ, որովհետեւ Հայաստանի ազգային պատկերասրահում Մելինեից ունենք միայն 2 գործ, որը նվիրել է նկարչուհին 1964թ ԱՕԿՍ-ի միջոցով, մյուս գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են»,-հավելեց Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի ղեկավարը:
Դառնալով Քոչարի փարիզյան շրջանին՝ նա նաեւ նշեց. «Քոչարի Փարիզյան շրջանը կարեւոր է, որովհետեւ Քոչարը հայտնվեց համաշխարհային արվեստի կենտրոնում, երբ արվեստն ուղղակի լի էր բազմաթիվ նորարարություններով, կողք կողքի ստեղծագործում են նշանավոր արվեստագետներ, եւ Քոչարը կարողացավ իր տեղն ապահովել այդ շատ կարեւոր եւ բարդ միջավայրում՝ դարասկզբի Փարիզում»:
Արփինե Սարիբեկյանը ափսոսանքով նշեց, որ Մելինեի արվեստն առհասարակ դուրս է մնացել արվեստաբանական շրջանառությունից շատ տարբեր պատճառներով. «Դրանցից մեկը, թերեւս, այն է, որ երբ Մելինեն մահացել է, մայրն է տնօրինել ժառանգությունը, նրա մահից հետո իր ատելյեն աճուրդի է հանվել եւ ցաքուցրիվ է եղել ողջ ժառանգությունը, բայց մասնավոր հավաքորդների մոտ աշխատանքները պահպանվել են: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Սեդա Մավյանը սիրով մեզ տրամադրել է իր հավաքածուն, նաեւ շատ կարեւոր գործ է արել, զբաղվել է Մելինեի կենսագրությամբ , արխիվներից տարբեր տեղեկություններ է պեղել եւ էլի մեզ տրամադրել, որպեսզի ավելի ամբողջական ներկայացվի Մելինե Օհանյան (Քոչարը) եւ որպես արվեստագետ, եւ որպես Քոչարի երկրորդ կին»:
Համադրողների ձեւակերպմամբ, Մելինեի նուրբ, քնարական ու նաիվ արվեստը ձեւավորվել է Երվանդ Քոչարի համարձակ գեղարվեստական փորձերի կողքին։ Ստեղծագործական կյանքի սկզբնական փուլում ակնհայտ է ամուսնու ազդեցությունը նկարչուհու արվեստի վրա. մի քանի աշխատանքներում նկատվում են Քոչարին ընդօրինակելու փորձեր։ Մելինեն մասնագիտական կրթության բացը լրացրել էր՝ դասեր ստանալով ֆրանսիացի ավանգարդիստ նկարիչ Ֆեռնան Լեժեի արվեստանոցում։ Նկարչուհու արվեստը հարում է նեո-պրիմիտիվիզմին, ուղղություն, որն ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել որպես հոգեւոր եւ մարդասիրական հակազդեցություն ժամանակակից աշխարհին, որպես արվեստի պարզությունն ու բարոյականությունը վերագտնելու փորձ։
Ըստ արվեստաբանների, նկարչուհու գործերում հաճախ հանդիպող թռչնի լեյտմոտիվը իր արվեստի առանցքային կոդերից է, որն ընդգծում է ստեղծագործական ինքնատիպությունը՝ արտացոլելով կյանքի փորձառությունը: Այն կապված է սպասումի թեմայի հետ. Մելինեի սեփական կյանքի դրամատիկ հանգամանքները՝ ամուսնուց բաժանումը եւ վերամիավորման անհնարինությունը, թռչնի կերպարին տալիս են ինքնակենսագրական նշանակություն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

































































