Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Դավիթ Լեւոնյանի եւ ՔՊ-ի Բագրատ սրբազանի հայցի մերժումը քաղաքական որոշակի իրադրությամբ է պայմանավորված. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 19,2025 22:45

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Բագրատ սրբազանի հայցադիմումն ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մերժելու վճիռը Բագրատ սրբազանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը բողոքարկելու է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 27-ին Դավիթ Լևոնյանը հրապարակել է «ԿԳԲ-ի ու Բագրատ «Սրբազանի» կապը. իմ կարծիքը ու մեկնաբանությունը» վերտառությամբ տեսանյութ, որը հրապարակման հաջորդ օրը տեղադրվել է նաև ՔՊ-ին պատկանող civic news յութուբյան ալիքում։

Բագրատ սրբազանը պահանջել էր պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «Քաղաքացիական կուսակցությանը» (civic.am լրատվական կայք) հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում՝ վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (civic.am լրատվական կայք) դեպքում՝ Civic news յութուբյան ալիքում հերքել իր վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները․ «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։

Ինչու դատարանը մերժեց Բագրատ սրբազանի հայցը, ըստ Ռուբեն Մելիքյանի. «Ակնհայտ է, որ վճիռը քաղաքական որոշակի կոնյունկտուրայով է պայմանավորված: Հայաստանում դատական իշխանության ներկայիս պայմաններում գնալով ավելի դժվար է դառնում ակնկալել արդարադատություն նույնիսկ այսպիսի ակնհայտ դեպքերում: Այստեղ դատարանի անկախության մակարդակը խիստ սահմանափակ էր եւ չեմ բացառում, որ խնդիրներ կունենային այս գործով հակառակ վճիռ ընդունելու դեպքում »:

Պարոն Մելիքյանը զավեշտալի համարեց այս գործով հատկապես պատասխանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի պնդումը, թե վիճարկվող արտահայտությունները համարվում են լրագրողական գործունեության ընթացքում արված գնահատող դատողություններ, իսկ հայցվորը՝ որպես հանրային դեմք եւ քաղաքական գործիչ պետք է ցուցաբերի հանդուրժողականության ավելի բարձր աստիճան եւ. «Ես ճանապարհին եմ եւ գնում եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանին, որը բանտում է շատ հստակ քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանի դանոսի հիման վրա՝ «հետույք» բառը եթերում արտասնելու համար: Սա է նրանց հանդուրժողականության մակարդակը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930