Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անդամակցությունը ԱՃԹՆ-ին ոլորտային նախաձեռնություն լինելուց զատ շատ ավելի ընդգրկուն գործընթացի, այն է՝ բաց, հաշվետու և մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ է. Տիգրան Խաչատրյան

Նոյեմբեր 19,2025 23:23

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Խորհրդի 64-րդ նիստին, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է Երևանում:

Խորհրդի նիստին ներկա էին  ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, հանքարդյունահանող կազմակերպությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության և ԱՃԹՆ անդամակից շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՃԹՆ միջազգային համայնքի շարունակական համագործակցությունը, մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը նշել է. «ԱՃԹՆ Խորհրդի նիստի անցկացումը Հայաստանում նշանակալի իրադարձություն է՝ որպես Հայաստանի և ԱՃԹՆ միջազգային համայնքի շարունակական համագործակցության երաշխիք։ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին ոլորտային նախաձեռնություն լինելուց զատ շատ ավելի ընդգրկուն գործընթացի, այն է՝ բաց, հաշվետու և մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ է։ Մեր անդամակցության առաջին իսկ օրերից ԱՃԹՆ-ն դարձել է գործնական հարթակ՝ պետական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի միջև բաց երկխոսության ձևավորման և դրա հիմքով իրական փոփոխությունների ապահովման համար»:

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման կարևորությանը. «Այժմ մեր նպատակը տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ պատասխանատու, բնապահպանորեն անվտանգ և սոցիալապես արդար ոլորտի ձևավորումն է, ինչն առանձնակի կարևորություն է ձեռք բերում էներգետիկ անցմանը զուգահեռ բնական ռեսուրսների, մասնավորապես՝ գունավոր և հազվագյուտ մետաղների նկատմամբ աճող պահանջարկի համատեքստում։ Այս նպատակին է ծառայում 2023 թվականին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը։ Այն ոչ միայն ամրագրում է ԱՃԹՆ անդամակցությունը որպես հանքարդյունաբերության կառավարման համակարգի անբաժանելի մաս, այլև առաջնային է համարում տվյալների բաց, համակարգված և թվային կառավարման միջոցով ԱՃԹՆ ստանդարտի պահպանումն ու ընդլայնումը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք»։

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը վերահաստատել է բնական ռեսուրսները ողջ հասարակության զարգացմանը ծառայեցնելու նպատակով թափանցիկ և բաց կառավարման համակարգ ձևավորելու Կառավարության հանձնառությունը:

ԱՃԹՆ Խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և ԱՃԹՆ Խորհրդի նախագահ Հելեն Քլարկի առանձնազրույցը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930