Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ամենաառաջին պահանջը հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն է. Արտակ Բեգլարյան

Նոյեմբեր 19,2025 23:45

Արցախ Միության նախագահ, ԱՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10–18-ը դանիական Mission10Forty կազմակերպության հրավերով այցելել է Դանիա, Իսլանդիա և Ֆարեյան կղզիներ՝ մասնակցելով մի շարք հանդիպումների, քննարկումների և հանրային միջոցառումների։

Միջոցառումներին մասնակցած ավելի քան 500 անձանց ներկայացվել են Արցախի հակիրճ պատմությունը, 2020–2023թթ․ իրականացված ցեղասպանական գործընթացները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, պատանդների խոշտանգումների փաստերը, ինչպես նաև տեղահանված բնակչության խաթարված ու ծանր մարդասիրական վիճակը։ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև հայրենիք վերադառնալու իրավունքի միջազգային հիմքերն ու դրա կյանքի կոչման հրատապ անհրաժեշտությունը։

Իր ելույթներում Արտակ Բեգլարյանը ընդգծել է միջազգային հանրության լռության ու անգործության ծանր հետևանքները՝ նշելով.

«Քաղաքակիրթ աշխարհի կուրությունն ու անգործությունը թույլ տվեցին, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնի մեր ժողովրդի դեմ։ Այսօր ամենաառաջին պահանջը հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն է, ինչպես նաև Հայաստանում ապաստանած ավելի քան հարյուր հազար տեղահանված արցախցիների ծանր մարդասիրական վիճակի հաղթահարումը։ Սա ոչ թե բարեգործության, այլ՝ արդարության ու իրավունքի հարց է»։

Mission10Forty կազմակերպության գլխավոր տնօրեն Կիմ Հարցները իր խոսքում շեշտել է, որ Արցախի դեպքերը համամարդկային և քրիստոնեական պատասխանատվություն են դնում միջազգային կառույցների ու հասարակությունների վրա՝ ընդգծելով.

«Արցախի ողբերգությունն այժմ էլ փորձություն է ամբողջ աշխարհի, հատկապես՝ քրիստոնեական քաղաքակրթության համար։ Մարդիկ ապրում են սուր կարիքների մեջ, և մենք պարտավոր ենք շարունակել մեր մարդասիրական ու զարգացման ծրագրերը՝ մինչև նրանց արժանապատվությունն ու կենսական իրավունքները լիարժեք վերականգնվեն»։

Ֆարեյան կղզիներում տեղի ունեցած միջոցառումներում ելույթ է ունեցել նաև Դանիայի խորհրդարանի պատգամավոր Շուրուր Սկոլեն՝ հայտարարելով.

«2023թ. սեպտեմբերին տեղի ունեցածը տարածքի դաժան էթնիկ զտում էր և ահավոր հանցագործություն։ Սակայն դրան հաջորդեց եվրոպական քաղաքական թուլությունն ու նույնիսկ վախկոտությունը։ Վերացվեց հնագույն եվրոպական մշակութային ժառանգության և քրիստոնեական քաղաքակրթության բնօրրաններից մեկը։ Թեև եղան որոշ բողոքներ ու աջակցության հայտարարություններ, հիմնական արձագանքը խուլ լռությունն էր, որն ուղերձ հղեց՝ մենք սա ընդունում ենք»։

Միջոցառումները եզրափակվել են դանիահայ դաշնակահար Իրինա Հայրապետյանի կատարումներով, որոնք փոխանցել են հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթի խորությունն ու զգայունությունը՝ միջոցառումներին հաղորդելով մշակութային և հոգևոր ընդգծում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930