Հարավային Կովկասը՝ կենսականորեն կարեւոր առեւտրային ուղի` խաղաղության համաձայնագրով եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ
Օրերս Երեւանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների հետ: Նիկոլ Փաշինյանը ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը կարեւորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Նա ընդգծել է նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում ձեւավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ եւ ուղղություններ։
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության լրատվականից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Երեւան է այցելել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ «Ալիսոն Հուքերը նշել է, որ Երեւան է այցելել քննարկելու առեւտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը եւ Թրամփի ուղին զարգացնելը` հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիարժեք խաղաղության համաձայնագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարեւոր առեւտրային ուղի», նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նաեւ ասվում էր, որ կողմերը քննարկել են Փաշինյանի եւ Թրամփի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
Ինչպես նկատում ենք, Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես կարեւոր առեւտրային ուղի, բնականաբար, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ընդունումից եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման «առաջընթացից» հետո:
Կարդացեք նաև
ԱԳՆ-ն հաղորդում էր, որ Արարատ Միրզոյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն եւ ներդրումների խթանում: «Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը եւ Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաեւ անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ: Ընդգծվել է վերջինիս կարեւորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային եւ այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում», հայտնեց ԱԳՆ-ն։
Թրամփի վարչակազմի ներկայացուցչի այցը Հայաստան, թերեւս, վկայում է «Թրամփի ուղու» վերաբերյալ հայկական կողմի հետ ընթացող որոշակի քննարկումների մասին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը Երեւան կատարած այցից հետո մեկնեց Բաքու: Նրա հետ հանդիպմանը նոյեմբերի 19-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է. «Բաքուն շահագրգռված է «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղու» շուրջ աշխատանքների արագացմամբ՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ կապ ապահովելու համար»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` կողմերը քննարկել են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցեր։
Այս օրերին ամերիկացի մեկ այլ պաշտոնյա էլ հարեւան Վրաստանում էր: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 18-ին հայտնեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասը գտնվում է Թբիլիսիում՝ քննարկելու TRIPP-ին վերաբերող հարցերը։ «Մենք ուրախ ենք ողջունել Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասին Վրաստանում։ Նրա այցի նպատակն է քննարկել, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել TRIPP-ին։ Այսօր առավոտյան նա այցելել է Սադախլոյի ավտոմոբիլային մաքսային անցակետ, որի կառուցումը հնարավոր է դարձել ԱՄՆ աջակցության շնորհիվ», – ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Հարկ է նկատել, որ անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից որոշ մեկնաբանություններ եղան TRIPP-ի թեմայով, որոնք վկայում են այն մասին, որ ամենը դեռեւս նոր պետք է քննարկվի, բանակցվի ու այստեղ էլ Հայաստանը կարող էր պետության շահով առաջնորդվել եւ հայկական կողմի համար նպաստավոր պայմանների վրա դիրքորոշում պնդեր:
Մասնավորապես, Փաշինյանն անցյալ շաբաթվա վերջին նշեց, թե TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ «մենք կանենք եւ աշխատում ենք դրա վրա», որը նաեւ պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է. «Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը եւ Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»:
Փաշինյանի խոսքով` փորձագիտական շրջանում քննարկվում է հետեւյալ հարցը՝ արդյոք ՀՀ որեւէ ինստիտուտ որեւէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, եւ ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ: Ապա հավելեց՝ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։ Այժմ, նրա ներկայացմամբ, քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 եւ 49 տարվա սցենարը։ Փաշինյանը ժամկետը պայմանավորեց ներդրումներով. «Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետեւ անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ»: Ի դեպ, Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից է պետք սկսել նախագիծը, ու նախնական քննարկմամբ եկել են ըմբռնման, որ ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումն է: Սակայն, միեւնույն ժամանակ ասաց, թե` դա նախնական ըմբռնում է:
Փաշինյանն անցյալ շաբաթ խորհրդարանում հարցուպատասխանի նիստի ընթացքում «Թրամփի ուղու» մասով մանրամասնել էր. «Մինչեւ տարեվերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026-ի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին սկսենք շինարարական աշխատանքները»։ Միաժամանակ նկատել էր՝ նման ծրագրերը միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Այնուհետեւ, նա նաեւ վստահեցրել էր, թե` այժմ միայն հստակ է, որ երկաթուղին անցնելու է ԽՍՀՄ ժամանակ ունեցած գծով, իսկ այլ երկաթգծի կառուցումը անիրատեսական է, այսինքն, ըստ նրա` գազամուղը եւ էլեկտրական գծերն անցնելու են երկաթուղուց էականորեն հյուսիս։ Ի դեպ, Փաշինյանը չի կարողացել հստակ ասել, թե` որոնք Սյունիքի մարզում կմնան, իսկ որոնք Վայոց ձորի։
Պաշտոնական Երեւանը չի բացառում TRIPP-ի հետ կապված արտահերթ սահմանազատելի հատվածների սահմանումը
Հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուշադրության կենտրոնում է Սյունիքով անցնող ճանապարհը, սակայն Երասխ-Նախիջեւան հատվածի ապագան մշուշոտ է, նոյեմբերի 8-ին «Sputnik Արմենիայի» հարցմանը պատասխանելով, այսպես է արձագանքել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը` մեկնաբանելով Երասխի եւ Նախիջեւանի միջեւ երկաթուղու վերանորոգման հարցը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի 2026-ի պետբյուջեի նախագծում Երասխ գյուղից մինչեւ Նախիջեւանի սահման երկաթգծի վերանորոգման համար միջոցներ նախատեսված չեն։ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման նոր հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակից լրատվամիջոցը հետաքրքրվել էր` Հայաստանը ծրագրո՞ւմ է վերանորոգել այդ հատվածը, եթե այո, ապա ինչ միջոցներով: Նաեւ հետաքրքրվել էին, թե արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա, որպեսզի նրանք նույնպես պետք է վերականգնեն երկաթուղու իրենց հատվածը՝ Սադարակից մինչեւ Երասխ։ «Ձեր կողմից նշված հարցերը գտնվում են քննարկման փուլում: Նշված հարցերի վերաբերյալ վերջնական որոշումների, լուծումների եւ պայմանավորվածությունների մասին կլինեն պաշտոնական հրապարակումներ»,-պատասխանել են փոխվարչապետի գրասենյակից։
Այս պատասխաններից մի քանի օր անց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում, հնարավոր է, արտահերթ սահմանազատելի հատվածներ լինեն՝ նպաստելու TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը։ Նա վստահեցրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատանքային շփումները պարբերական բնույթ ունեն. «Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա շարունակելու սահմանազատման գործընթացը։ Բացի դա, ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, եւ դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքային բազա ունենանք»։
Նա կարծում է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումները կառուցողական են եւ որոշ ժամանակ անց պարզ կլինի պատվիրակությունների հաջորդ հանդիպման օրը։ «Գործընկերոջս հետ պարբերական աշխատանքային շփումներ կան։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք միասին հարավ եւ Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ ուներ ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Բայց, իհարկե, նաեւ աշխատանքային առանձին կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը»,- նշել էր Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ավելին չի կարող հայտնել։
Այսպես, Փաշինյանն ու Ալիեւը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» եւ Ադրբեջանին առեւտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջեւան: ԱՄՆ-ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` եւս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ-ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Պայմանավորվածությունը չի վերաբերում երկաթգծի Երասխ-Նախիջեւան հատվածին։ Ավելին` Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են Նախիջեւան տանող ճանապարհի նոր հատվածը կառուցել ոչ թե Հայաստանի տարածքով, այլ ուղիղ Կարսից։ Դեռեւս 2023թ. սեպտեմբերին ստորագրվել էր համաձայնագիր, որը վերաբերում էր «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Կարս-Նախիջեւան երկաթուղու նախագծին»։
Իսկ ինչ դիրքորոշում ունի հայաստանյան քաղաքական դաշտը Թրամփի TRIPP-ի առնչությամբ: Արդյոք սա Հայաստանի համար այն բախտորոշ հարցը չէ, որի վերաբերյալ անհրաժեշտ է հստակ դիրքորոշում:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2025


















































