Որպես քաղաքացի՝ ես մի քանի նվազագույն ակնկալիք ունեմ իշխանափոխությունից հետո գալիք քաղաքական ուժի ղեկավարից: Նշեմ այդ ակնկալիքներից առայժմ երեքը:
Ես ակնկալում եմ, որ Հայաստանի նոր ղեկավարը, ի պատասխան «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» Բաքվի պահանջների՝ հստակ կասի՝ «Ո՛չ»: Ոչ թե փորձի «խաբսեր տալ», թե «փախստականների թեման բարձրացնելն այսօր վտանգավոր է» կամ՝ «դե, հնարավոր է, որ հայերն ապրեն Ադրբեջանում, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանում»: Հենց այդ «շուստրի» խուսանավումներն են վտանգավոր, ոչ թե կտրուկ մերժումը: Եվ պետք չէ հեքիաթներ պատմել, որ այդ հստակ «ոչ»-ի պատճառով պատերազմ է սկսվելու. այս պահին պատերազմի համար նախադրյալներ չկան: Իսկ երբ լինեն՝ մեր «այո»-ն կամ «ոչ»-ը որեւէ նշանակություն չի ունենա:
Ես ակնկալում եմ, որ Հայաստանի նոր ղեկավարը նույնքան կտրուկ «ոչ» ասի Տիգրանաշենի եւ Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու պահանջին, ոչ թե սկսի «ֆռիկներ» անել, թե «փոխարենը մենք Արծվաշենը կստանանք»: Դա հավասարազոր փոխանակում չէ (քանի որ վտանգում է Հայաստանի ռազմավարական կոմունիկացիաները)՝ այդ գնով Արծվաշենը մեզ պետք չէ: Եվ դարձյալ՝ դիրքորոշումը պետք է միանշանակ լինի, սողոսկելու տեղեր չունենա:
Վերջապես, ես ակնկալում եմ, որ նոր ղեկավարը կդադարեցնի Հայ առաքելական եկեղեցու դեմ այս անպատկառ արշավը: Կրկնեմ, դա արշավ է եկեղեցո՛ւ, ոչ թե առանձին հոգեւորականների դեմ: Եկեղեցու՝ որպես նվիրապետական՝ հիերարխիկ կառույցի, որտեղ ստորադասը պետք է կատարի վերադասի որոշումները կամ, եթե կարծում է, որ այդ որոշումները սխալ են, դուրս գա կառույցից:
Կարդացեք նաև
Այդ արշավը խորապես վիրավորում է իմ կրոնական զգացմունքները՝ անկախ նրանից, թե ինչպիսիք են մեր կաթողիկոսն ու եպիսկոպոսները: Բայց, եթե ես նույնիսկ մարտնչող աթեիստ լինեի, փաստը պետք է արձանագրել՝ կառավարության կողմից այս հարձակումները Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում են: Վարչապետը եւ նախարարները չպիտի որոշեն, թե ով պետք է լինի կամ չլինի կրոնական կազմակերպության ղեկավարը, ում է պետք կարգալույծ անել, իսկ ում թողնել ծառայության մեջ:
Հիմա մտովի անցնենք վարչապետի հնարավոր թեկնածուների ցուցակով եւ կտեսնենք, որ գրեթե բոլորը (չհաշված ՔՊ-ի մի քանի արբանյակի եւ ընդդիմադիր ձեւացող մի քանի «սփոյլերների», որոնք ակնհայտորեն չեն ուզում վարչապետ դառնալ), ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները համապատասխանում են այդ չափանիշներին: Թե ինչ կլինի նոր վարչապետի ազգանունը՝ այնքան էլ կարեւոր չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Հարգելի պարոն Աբրահամյան
Շատ հստակ և ճիշտ վերլուծություն ։ Ցավոք մեր երկիրն բնակեցնողներից շատերի ֆռռացնելն ու կռւտիտ անելն ավելի շատ դրական կողմեր են դիտարկվում, որովհետև իրենք էլ էդպիսին են
Հարգելի պարոն Աբրահամյան:
Այս երեք ‘ոչ’ պաստառներով ողողենք երկրի բոլոր անկյունները: Իսկապես` պարզ ու հստակ:
Միայն մեկ բան ավելացնեմ, լավ թեկնածուն ‘ոչ’ կամ ‘այո’ ասելուց նախքան պետք է ունենա հաշվարկված logistics այդ պնդումը իրականացնելու համար: Այսինքն այդ մարդը պիտի ունենա բարձր IQ. Բարձր IQ-ն պետք է, որ այդ ‘ոչ’-երը ստեղծարար լինեն, այլ ոչ թե կաշկանդող: Եվ դա դժվար բան չէ խելոք, հեռատես, կարող ու ունակ առաջնոերդի համար: Մեզ հաջողություն:
Աղետը հաստատվեց մեր երկրում որովհետև ‘այո’-ները ու ‘ոչ’-երը փուչ էին, փուչիկներ:
Մինչև նոր իշխանություն գա,սրանք արդեն Տիգրանաշենը տված կլինեն։
Ալֆրեդ ջան, ինձ էլ թվում է, որ հենց սրանք ուզենան Տիգրանաշենը տան, ժողովուրդն իրենց արագ ձևով ռադ կանի։