Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ապրում է թշնամանքի, ատելության անթույլատրելի մթնոլորտում. «168 ժամ»

Նոյեմբեր 20,2025 08:30

Հայաստանն ապրում է թշնամանքի, ատելության անթույլատրելի մթնոլորտում: Նորմալ պետություններում այդ մթնոլորտը մեղմում են իշխանությունները՝ գիտակցելով, որ ներհանրային թշնամանքը թուլացնում է պետությունը ներսից՝ բազմապատիկ թուլացնելով նրա դիմադրողականությունն արտաքին սպառնալիքների հանդեպ: Հայաստանում, սակայն, տրամագծորեն հակառակն է: Իշխանությունը ոչ միայն չի փորձում մեղմել ներհանրային թշնամանքը, այլ սնուցում է այն՝ դա դիտարկելով որպես վերարտադրվելու գլխավոր պայման:

Պետության ներքին ու արտաքին դիմադրողականության թուլացման ռիսկն իշխանություններին չի հուզում, որովհետև նրանք արտաքին թշնամիների հետ հարցերը համարում են լուծված (մտածելով, որ բոլոր պահանջների կատարումը նշանակում է արտաքին վտանգի վերացում) և պայքարում են «ներքին թշնամիների» դեմ, որոնց մտադիր են ջախջախել արդեն համապետական ընտրություններում:

Այս իրավիճակը վտանգավոր է մեկ այլ առումով ևս: Նման իշխանության դեպքում ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի համար գայթակղիչ է կիրառել թշնամական մոդելը՝ նախընտրական պայքարին վերաբերվելով որպես քաղաքական պատերազմի: Բայց դա պայքար է զուտ իշխանության համար, որում, անկախ հաղթողներից, պարտվելու են պետությունն ու հասարակությունը:

Հայաստանին այսօր կենսականորեն անհրաժեշտ է ընդդիմադիր առաջնորդություն, որը կկարողանա վեր կանգնել թշնամանքի մոդելով պայքարի գայթակղությունից և Ադրբեջանի հետ անիրական «խաղաղությունը» հաղթաթուղթ դարձած իշխանությանը հակադրել ներհանրային իրական խաղաղության ծրագիր:

Այլապես հաջորդ տարվա հունիսին, ընտրությունների հաջորդ օրն իր կյանքի ամենակարևոր պատերազմին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է «ջախջախիչ հաղթանակի» մասին: Հայ ժողովրդի հանդեպ:

 

Հարություն Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930