Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն, միտումնավոր լիցենզիայից զրկել են, որ արժեքը նվազեցնե՞ն, ուրեմն սա էլ իր հերթին հանցակազմ է պարունակում. Դավիթ Ղազինյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2025 10:39

ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ասում է, որ ՀԷՑ-ում, ըստ էության, ՔՊ ընդունած օրենքների հիման վրա պահպանվելու է ստատուս քվոն, եւ հիշեցնում է նաեւ, որ օրենսդրական այդ փաթեթի սահմանադրականությունը խորհրդարանական ընդդիմությունը վիճարկել է Սահմանադրական դատարանում:

Բայց այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ դեռեւս հայտնի չէ, թե ընկերությունը որքան ժամանակ է շարունակելու իրականացնել բոլոր պարտավորությունները, այդ թվում` ժամանակավոր կառավարչին սեփական միջոցներից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ տալը։ Լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունն ու Կարապետյանները բանակցությունների համար, օրենքով, երեք ամիս ժամանակ ունեն: Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ կամ համաձայնության չգալ։ Ղազինյանը շարունակում է պնդել, որ կառավարությունը չունի ռեսուրսներ՝ ՀԷՑ-ը գնելու. «Մի առիթով ասել եմ եւ կրկնում եմ՝ բյուջեն չունի նման հնարավորություններ, որ կարողանան գնել, եթե, իհարկե, նոր վարկեր չվերցնեն»: Իսկ եթե համաձայնության չգան, գործադիրը կարող է գնալ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն էլ առանց համապատասխան փոխհատուցման չի կարող իրականացվել: Այդ փոխհատուցումը կարող է մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել: Անկախ աուդիտորական եզրակացությամբ, անցած տարեվերջին ՀԷՑ-ի սեփական կապիտալը մոտ 360 միլիոն դոլար է գնահատվել, չհաշված մի քանի հարյուր միլիոնի հասնող պարտավորությունները: Ղազինյանը հիշեցնում է նաեւ, որ «Հանրային գերակա շահի մասին» ՀՀ օրենքով իրենք կարող են անկախ աուդիտորական կազմակերպության գնահատած արժեքի եւս 15 տոկոսի պահանջ ներկայացնել։ Այդուհանդերձ, իշխանական պաշտոնյաները պնդում են, որ ՀԷՑ-ի ֆինանսական հնարավոր բեռի վերաբերյալ հաշվարկներ դեռ չունեն, ավելին՝ առաջ են քաշում թեզը, որ լիցենզիայից զրկվելուց հետո ՀԷՑ-ի արժեքն էականորեն նվազելու է, գնահատելու են հաշվեկշռային արժեքով, այսինքն՝ միայն շենք-շինությունների, այլ գույքի արժեքով:

Սեփականատիրոջ ներկայացուցիչ Ղազինյանը ծիծաղելի է համարում այդ պնդումները․ «Ճիշտն ասած, երեկ լսեցի կառավարչից նման պնդում, հիմա ի՞նչ է ստացվում, եթե դա պետք է գնի փոփոխություն բերի․․․ այսինքն, միտումնավոր լիցենզիայից զրկել են, որ արժեքը նվազեցնե՞ն, ուրեմն սա էլ իր հերթին լրիվ ուրիշ հանցակազմ է պարունակում։ Գիտեք՝ գուցե իրենց թվում է, որ այս վեճերը երկարաժամկետ են, բայց, ի վերջո, դրանք ավարտվելու են, եւ լինելու են որոշումներ, ու վստահ եմ՝ մեր օգտին»։ Սակայն ցավն այն է, որ ի վնաս Հայաստանի որոշումներից անձամբ իրենք չեն տուժելու, այլ՝ պետական բյուջեն:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930