Լրահոս
Օրվա լրահոսը

Firebird-ն ԱՄՆ արտահանման լիցենզիա է ստացել և հայտարարել «Dell Technologies»-ի հետ գործընկերության մասին՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը արհեստական բանականության զարգացման ոլորտում

Նոյեմբեր 20,2025 12:04

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։

Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ։

Firebird-ի հաղորդագրության մեջ նշվում է.

«Նոյեմբերի 19, 2025 – Սան Ֆրանցիսկո, Երևան – Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։

Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։

Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։

«Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։

«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով», – նշեց Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։ Նա հավելեց․ «Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»։

Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հավելել է․ «Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար»։

Նա հավելել է․ «Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»:
Այս համագործակցությունն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով քարտուղար Հովարդ Լատնիկի ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ։ ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Enterprise Armenia-ի համատեղ ջանքերն էլ ավելի են ամրապնդել այս համագործակցությունը։
Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։ Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունից տեղեկանում ենք.

«ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ։

Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930