Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ. «Հետք»

Նոյեմբեր 20,2025 13:17

«Հետք». Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։

Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի ավագանու ընտրություններից մեկուկես ամիս առաջ և հիմնադիր-նախագահն էլ Կարեն Ղազարյանն է։

Ավագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։

1 մլրդ 25 մլն դրամի պայմանագրեր

Արտաշատ համայնքը 2025 թվականի հուլիսի 23-ին մրցույթ է հայտարարել համայնքի մի շարք բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցման և նորոգման համար՝ 8 չափաբաժիններով՝ ամեն չափաբաժնի մեջ ներառելով մի քանի բնակավայր։ Գնման այս մրցույթին մասնակցել է 9 ընկերություն, այդ թվում՝ Կարեն Ղազարյանին պատկանող «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել 3 չափաբաժիններով, և հոկտեմբերի 22-ին Արտաշատ համայնքը պայմանագիր է կնքել ընկերության հետ։ Ըստ գնումների համակարգում հրապարակված փաստաթղթերի՝ Ղազարյանին պատկանող ընկերությունը պետք է կառուցի և վերանորոգի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Այգեպատ, Կանաչուտ, Մրգանուշ, Դիտակ և Արաքսավան գյուղերի ոռոգման ցանցերը։ Այս աշխատանքի համար համայնքն ընկերությանը կվճարի 258 մլն 378 հազար դրամ։

2024-ի նոյեմբերի 6-ին Արտաշատ համայնքը պայմանագիր է ստորագրել «Գլոբուս շին» ՍՊԸ-ի և «Արտ պլաս» ՍՊԸ-ի կոնսորցիումի հետ։ Մրցույթում հաղթած կոնսորցիումին համայնքը կվճարի 663 մլն 213 հազար դրամ։ Կնքված պայմանագրի մասին հայտարարության փաստաթղթում նշվում է, որ կոնսորցիումը մանկապարտեզ է կառուցելու Արտաշատ քաղաքում և Բուրաստան բնակավայրում։

Արտաշատ համայնքը 2024 թվականի հոկտեմբերին գնման մրցույթ է հայտարարել երեք մասով, ծրագրով երեք բնակավայրերում (Այգեպատ, Մխչյան, Քաղցրաշեն) այգի կամ պուրակ բարեկարգելն է։ Երեք բնակավայրերի մասով էլ մրցույթում հաղթող է ճանաչվել «Գլոբուս շին», «Արտ պլաս» և «Աշիկյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ների կոնսորցիումը։ Այս աշխատանքների համար համայնքը կոնսորցիումին վճարել է 103 մլն 398 դրամ։

Արմեն Ղազարյան, Արեն Նազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930