Մասիսի ավագանին նոյեմբերի 17-ին համայնքի ղեկավար էր ընտրել Նորայր Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նոյեմբերի 20-ին համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը:
«Ստանձնելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, իմ ուժերի ներածին չափով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-երդման խոսքում ասաց Նորայր Հակոբյանը:
Բարեմաղթության խոսքով հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը:
Կարդացեք նաև
«Ես երդվեցի ձեռքս Աստվածաշնչին եւ Մայր օրենքին, բայց ես խոստում ունեմ տրված նաեւ մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, խոստում՝ ընկերոջ. խոստում տղամարդը՝ տղամարդուն, որ պիտի անեմ ամեն ինչ՝ առավելագույնը եւ անհնարինը, որպեսզի Մասիս համայնքի բնականոն զարգացումը մեկ վայրկյան անգամ չտուժի»,-ընդգծեց Նորայր Հակոբյանը:
Մասիս համայնքի ղեկավարի օգնական Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ համայնք եկել է Դավիթ Համբարձումյանի հրավերով: Նշեց, որ Համբարձումյանին ճանաչել է երկար տարիներ, գիտի նրա պատասխանատվության չափը եւ վերաբերմունքը համայնքի նկատմամբ, ուստի շարունակելու է նույն սկզբունքով աշխատել:
Հիշեցնենք,որ Մասիսի համայնքապետի միակ թեկնածուն «Դավիթ Համբարձումյան» դաշինքից Նորայր Հակոբյանն էր։ Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Դավիթ Համբարձումյանի ազատազրկումից հետո:
Ավագանու նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































