«Մեծ պատասխանատվությամբ մտել ենք այս գործընթացի մեջ դեռեւս 2021թ., երբ հայտ ներկայացրինք ՏԻՄ ընտրություններում մեր ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով մասնակցելու: Այդ ժամանակվանից մինչեւ այսօր զգում ենք նույն պատասխանատվությունը, ինչն ամեն օր ավելանում է, չենք վախենում դրանից: Ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի, քանի որ մեր բնակիչները մեզ վստահել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մասիս համայնքի նորընտիր ղեկավար Նորայր Հակոբյանը, որն այսօր պաշտոնապես ստանձնեց Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը:
Նա ասաց, թե որն է լինելու իր առաջին քայլը՝ որպես համայնքի ղեկավար. «Առաջին բանը, որ պետք է անեմ՝ այն է, որ ամբողջ աշխատակազմին խնդրեմ եւ պահանջեմ, որ ավելի մեծ թափով աշխատենք, որ մեր թիմի ձեւավորած ծրագրերն իրականացնենք»: Հավելեց, որ որեւէ կրճատում չի սպասվում, 2016-ից թիմի հետ աշխատել են նույն թիմով, 2021-ից թիմն ավելի է ընդլայնվել, ինքն էլ իրեն այդ թիմի մաս է համարում:
«Հաշվի առնելով, որ մեր թիմի ղեկավարն այս պահին ապօրինաբար գտնվում է կալանավորման մեջ՝ մենք պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի ապացուցենք, որ շարունակում ենք նույն տեմպով աշխատել»,-ասաց Նորայր Հակոբյանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով Մասիս համայնքի առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցին՝ նա հետեւյալը նշեց. «Մեր ամենօրյա խոսակցությունը եւ մեր միտքը 2 բանի են վերաբերում՝ կարողանանք ի վերջո հասնել մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ազատությանը, նաեւ մեր՝ 2021թ տրված խոստումները հասցնենք տրամաբանական ավարտին: Բնականաբար, մեր թիմի կողմից կլինի ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































