Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 20,2025 14:55

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ Հայաստանից և սփյուռքից:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆորումը հայ արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ «Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում: Արվեստն ու մշակույթը ստեղծվում են նաև այսօր. ներկայում ևս ունենք մեծանուն արվեստագետներ, ստեղծագործողներ, որոնցով, իրավամբ, կարող ենք հպարտանալ: Պետության առաքելությունն ու հանձնառությունն են տաղանդավոր մարդկանց հավաքել մեկ հարթակում՝ միասին քննարկելու կարևոր հարցեր՝  աջակցելով առաջնահերթ ծրագրերին և լավագույն գաղափարներին»:

Խոսելով մշակութային քաղաքականության մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը մատնանշել է պետական աջակցությունը՝ կարևորելով տարբեր մշակութային կառույցների գույքային, նյութատեխնիկական, անհրաժեշտ գործիքներով հագեցվածության ապահովման աշխատանքները:

«Ստեղծագործող մարդիկ պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ, հարմարավետ միջավայր, որպեսզի մշակույթի և արվեստի մասին մտածելու ժամանակ ունենան: Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ և միջավայր, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ: Ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսավորման նոր մոդելներն ուղղված են ինքնաբավության ապահովմանը: Վստահ եմ՝ սփյուռքի մեր հայրենակիցները շատ մեծ աջակցություն կարող են ցուցաբերել՝ կիսելով իրենց փորձն ու գաղափարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ֆորումին մաղթելով  հաջող և արդյունավետ քննարկումներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը տարբեր երկրներում մշտապես ընկալվել է որպես մշակույթի և արվեստի կրող՝ շնորհիվ հայազգի անվանի արվեստագետների. «Մշակույթը միավորում է հայ ժողովրդին՝ անկախ աշխարհագրությունից: Արվեստի և մշակույթի համաժողովի նպատակներից է ամրապնդել այս միասնությունը, ստեղծել համագործակցության նոր կամուրջներ Հայաստանի և սփյուռքի միջև, աջակցել հայ արվեստագետների փոխճանաչելիությանը, խթանել համատեղ նախագծերի իրագործումը, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների ներգրավմամբ ձևավորել մշակութային քաղաքականության ժամանակակից և համապարփակ օրակարգ մերօրյա իրականության համար»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Երկօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմաոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։

Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 250 հայ արվեստագետների, փորձագետների և ստեղծագործ անհատների աշխարհի տարբեր երկրներից։ Այն միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և, ամենակարևորը, հայկական մշակույթի ու արվեստը միջազգային հարթակներում ներկայացմանը։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930