Լեռնաջուր համայնքի բարձրադիր թեք լանջերին դարձյալ անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվում: Viva-ն հետևողականորեն աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի ջանքերին՝ այս տարածքում անտառի ծածկույթն ընդլայնելու համար: Քառամյա համագործակցության տարիներից վերջին երկուսը նվիրվել է Լոռու մարզի լեռնային լանդշաֆտ ունեցող այս բնակավայրերին: Մոտեցման հիմքում ոչ թե կամայական որոշում է, այլ հեռանկարային ու ռազմավարական գործունեություն. բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայի փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Ստեղծվող անտառները էկոլոգիական օգուտներին զուգահեռ նաև կարգավորող և բնական աղետները կանխող գործառույթ կիրականացնեն:
Լեռնաջուրում ընտրված աշխատանքային նոր 1,5 հա տարածքը նախորդ տարվա ծրագրով ստեղծված անտառի շարունակությունն է: Ծրագիրը համայնքներում եկամուտ է ապահովում տարվա երեք եղանակներին: Այս աշնանը տնկվում են մոտ 5600 փակ և բաց արմատային համակարգերով տեղական անտառային ծառատեսակներ՝ կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, հաճարենի, թխկի, կեչի, և մի քանի տեսակի թփեր: Viva-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի համագործակցությունը ենթադրում է բազմաշերտ արդյունք՝ բնության էկոհամակարգի կարգավորման, սոցիալական և կրթական բաղադրիչներով:
Կարդացեք նաև
«Մենք ընդլայնում ենք երկրի թոքերի գործառույթն իրականացնող անտառային հատվածը, ձգտում կանխել անապատացումը, նպաստում ջրային ռեսուրսների պահպանմանը և պայքարում ենք սողանքների դեմ: Կարևոր է նաև այն, որ այս ծրագիրն ապահովում է սեզոնային աշխատատեղ: Իսկ տնկիների բազմազանությունը թույլ է տալիս հարմարավետ միջավայր ստեղծել նաև վայրի կենդանիների համար՝ նպաստելով մարդ-վայրի բնություն համակեցությանը: Առհասարակ «կանաչ մտածողության» հիմքում պատասխանատու մոտեցումն է ամեն ինչի հանդեպ»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Անտառաստեղծմանը մասնակցող յուրաքանչյուր բնակիչ յուրօրինակ «դեսպան» է դառնում իր ընտանիքում, միջավայրում՝ «կանաչ մտածողության» սկզբունքները տարածելով երիտասարդների շրջանում:
«Մարդու գործունեության արդյունքում բնությանը վնաս է հասցվում ամեն օր, և մեր հոգատարությունը նույնպես պետք է անդադար լինի։ Viva-ի հետևողականությունը ցույց է տալիս, որ ընկերությունն իրոք գիտակցում է բիզնեսի դերն ու պատասխանատվությունը հասարակական ու բնապահպանական հարցերում։ Իսկ անտառապատումը միաժամանակ և՛ երկարաժամկետ խնդիրներ է լուծում, և՛ կարճաժամկետ․ այս պահին միայն սեզոնային աշխատանքում 150 հոգի է ներգրավված»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:
Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել: Իսկ տարիներ առաջ սկսել է համագործակցել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ: Քառամյա աշխատանքի արդյունքում գործընկերները Լոռու մարզի երեք համայնքում տնկել են շուրջ 43600 ծառ: Անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվել 14,5 հեկտարի վրա: Տարածքի ընտրության հարցում հաշվի են առնվել տեղանքի խոնավությունը, դիրքադրությունը, հողի որակը, կլիմայական պայմանները և տնկարկի անտառ դառնալու հնարավորությունները: «Իմ անտառ Հայաստան»-ի իրականացրած մոնիթորինգի արդյունքները տպավորիչ են․ միջինում արձանագրվել է 70%, իսկ ռելիեֆի որոշ հատվածներում՝ անգամ 90% կպչողականություն։
























































