Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի նման բան անել: Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի»

Նոյեմբեր 20,2025 16:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը 2026 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումը և իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։ Նախագծի նպատակն է նաև կենսաթոշակների և պարբերական բնույթի նպաստների՝ անապահովության նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարման համար իրավական հիմքեր ստեղծելը՝ ի կատարումը վարչապետի կողմից տրված հանձնարարականի:

Նախատեսվում է սահմանել, որ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստ նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի և շահառու երեխայի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը: Կապահովվի անապահովության նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ: Արսեն Թորոսյանը միաժամանակ հայտնել է, որ միայն վերջին ամսում 10 հազարով նվազել է կանխիկով ստացողների թիվը: «Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման գործընթացում, դա լինի հնարավորինս սահուն:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում մշտապես չբնակվելու և նպաստներից օգտվելու դեպքերին, և դա համարել անտրամաբանական:

ԱՍՀ նախարարը պարզաբանել է՝ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ են տվել այն երեխաների համար, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն. «Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, ծննդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կգրանցվեն, այսինքն՝ կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա: Նույնը վերաբերում է 50 հազարներին: Եթե 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում կգա, կգրանցի, նպաստը կստանան գրանցման պահից, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում, այսինքն՝ գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա»:

Վարչապետի արտահայտած այն մտահոգությանը, որ տարիներ շարունակ այդ գումարը երկրից դուրս է գնացել, Արսեն Թորոսյանը պարզաբանել է՝ միայն այս միանվագով՝ տարեկան 600 մլն:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրը պետք է հստակ արձանագրել. «Չի կարելի նման բան անել: Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի»:

Թեմայի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է. «Իրականում ինչ թեմա էլ որ քննարկենք, շատ կարևոր է պետության դիրքերից հասկանալ, թե մենք քաղաքացիության ինստիտուտին ոնց ենք վերաբերում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս պահի դրությամբ մենք հիմնովին վերանայում ենք ոլորտը: Մինչև տարեվերջ պատրաստ կլինի միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարական կոնցեպտն ու այնտեղ մի առանձին բաժին նվիրված է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը, որովհետև տարիներ շարունակ ձևախեղել ենք տարբեր մոտեցումներ: Մի դեպքում, մարդակենտրոնության հետևից գնալով, քաղաքացիության ինստիտուտն ենք ստորադասել, մյուս դեպքում՝ ավելի շատ ինստիտուտին ենք դեր ու նշանակություն տվել, քան մարդու որոշակի կարիքներին։ Մինչև տարեվերջ մենք պատրաստ կլինենք ավելի մեծ կազմով քննարկման, որպեսզի ներկայացնենք մոտեցումները, որովհետև ինչ մոտեցում որ որդեգրեցինք, մնացյալ բոլոր ոլորտներում մեր մոտեցումները կկարողանանք ավելի ճիշտ ու սինխրոն կազմակերպել»։

Կառավարությունը 2025 թ. արդեն 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 59 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքի 24 սուբվենցիոն ծրագրեր. Արագածոտնի մարզում կիրականացվի 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 2, Արմավիրի մարզում՝ 5, Գեղարքունիքի մարզում՝ 1, Լոռու մարզում՝ 3, Կոտայքի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 5 ծրագիր:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, այս որոշմամբ արդեն՝ 2025 թ. պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ:

Վարչապետը թվարկել է տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերը: Գումար է հատկացվել հետևյալ ծրագրերի համար՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի ներքին ցանցի գազամատակարարում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 10 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 1578 տնային տնտեսություն), Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ՝ 1-ին փուլ (կատարված շինարարական աշխատանքները՝ 45%, ասֆալտապատվել է 760 մ երկարությամբ ճանապարհ), Վեդի համայնքի Տափերական բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, նորոգվել են 3 բազմաբնակարան շենքերի 1793 քմ մակերեսով տանիքները, շահառուները՝ 60 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված, ասֆալտապատվել է 980 մ երկարությամբ ճանապարհ), Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 19 կմ ջրագիծ, շահառուները՝ 601 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Մ. Մաշտոցի փողոցի գազիֆիկացում (ավարտված, կառուցվել է 320 մ գազատար, շահառուները՝ 15 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում (ավարտված, կառուցվել է 1,2 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 110 տնային տնտեսություն), Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան–Ջիվանի հատվածի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է 650 մ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար բնակավայրերի լուսավորության համակարգերի կառուցում (ավարտված, կառուցվել է 19,5 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 691 հենասյուն և նույնքան ԼԵԴ լուսատու), Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ և Ազնվաձոր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 820 մ երկարությամբ ճանապարհ), Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում /2-րդ փուլ/ (կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար), Տաշիր համայնքի Ապավեն (ներքին) և Ձյունաշող բնակավայրերի գազաֆիկացում (կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, կառուցվել է 10,7 կմ գազատար, շահառուները՝ 133 տնային տնտեսություն), Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի «Լուսաբաց» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-Ի վերակառուցում և գույքի ձեռք բերում (կատարված է շինարարական աշխատանքների 83%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար), Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1.8 կմ երկարությամբ ճանապարհ), Աբովյան համայնքի Առինջ և Բալահովիտ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում (ավարտված, կառուցվել է 786 մ ջրահեռացման համակարգ , շահառուները` 290 տնային տնտեսություն), Նաիրի համայնքի Արագյուղ բնակավայրի ջրագծերի բարելավման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 800 մ ջրատար խողովակաշար, շահառուները` 35 տնային տնտեսություն), Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում /նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեք/ (ավարտված, կառուցվել է 4,9կմ երկարությամբ գազատար։ Շահառուները՝ 1696 տնային տնտեսություն), Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Կրաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում /2փուլով/ (ավարտված, ասֆալտապատվել է 1,5 կմ երկարությամբ ճանապարհ), Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Գ․ Նժդեհ փողոցի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, ասֆալտապատվել է 928 մ երկարությամբ ճանապարհ), Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան բնակավայրի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը , հիմնանորոգվել է 880 քմ մակերեսով տարածք), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քմ բակային տարածք), Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 25 սանի համար), Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Բարանայի,Կոթի բնակավայրի 22 և 26-րդ փողոցների տուֆապատում ( ավարտված, տուֆապատվել է 973 մ երկարությամբ ճանապարհ), Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մ երկարությամբ ճանապարհ):

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու պլանը կկատարվի մինչև դեկտեմբերի մեկնարկը. «Այսինքն՝ դեկտեմբերին, ինչպես պայմանավորվել էինք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի: Այս պահին 475 կիլոմետրն ավարտել ենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարի իրականացված և ընթացքի մեջ գտնող մի քանի խոշոր ծրագրերի. «Նախ՝ Հյուսիս-հարավին հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածն ավարտվեց և ամիսներ առաջ շահագործման հանձնվեց: Հիմա հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են: Մեկը՝ Թթուջուր-Նավուր ճանապարհն է, աշխատանքներն ավարտված են: Եվ ավարտվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ և Իջևան խոշորացված համայնքները միացնում է իրար: Ուզում եմ հիշեցնել, որ սա 25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ՝ ներկաներից կհիշե՞ն, երբ Բերդում կային նախաձեռնություններ՝ կառուցելու անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ, հիմա Բերդ խոշորացված համայնքը Տավուշի մարզի ներսում գործող 3 ճանապարհ ունի, այսինքն՝ հիմա ավարտվում է: Գործնականում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են կամ օրերի հարց է»:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը տեղեկացրել է, որ Գանձաքար-Իծաքարը ճանապարհը ևս ամբողջությամբ ավարտված է, ներկայումս ընթանում են կահավորման, գծանշման աշխատանքներ:

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել պատմամշակութային արժեք հանդիսացող կամուրջների վերանորոգմանը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է պատմամշակութային արժեք հանդիսացող կամուրջների վերանորոգման խնդրին:

«Մենք Գանձաքար-Իծաքար ճանապարհին ունենք Հախումի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, և մենք այստեղ որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք մետաղյա կամուրջ, և պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք և կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն: Սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել, լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար», – ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նշել է՝ Ստեփանավան-Օձուն ճանապարհին էլ կա պատմական կամուրջ և հանձնարարական տվել, որ դա նույնպես լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզ վարչապետի այցելության ժամանակ տրված հանձնարարականի հիման վրա նախագծվել է մետաղական բազմակի օգտագործման կամուրջ՝ 3 մետրից մինչև 42 մետր մոդուլով ցանկացած տեղ կիրառելու համար: «Ուզում եմ տեղեկացնել, որ նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, փորձաքննության փուլն իրականացրել ենք և ավարտել: Առաջիկայում պատրաստ կլինենք արդեն պատվիրելու մետաղական կամուրջների շինարարության նախագիծ ՏԿԵՆ-ի գործընկերների հետ, որը կարող է ունենալ 3 մետրից մինչև 42 մետր թռիչք»,– ասել է Եղիազար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ավարտվել են Հախումի կամրջի նախագծային աշխատանքները, լուսավորության և մնացյալ կամրջին անհրաժեշտ վերականգնման մասով: «Յաղդանը նույնպես գործընթացի մեջ է Ձեր հանձնարարականից հետո: Ընդ որում՝ Դուք խնդիր էիք դրել արահետներով մոտենալու, այսինքն՝ խոսքը միայն կամրջին չէր վերաբերում, այլև հարակից տարածքի բարեկարգմանը: Այդ տրամաբանության մեջ նախագծային աշխատանքներն արվում են: Կարծում եմ, որ եկող տարվա մեջ դա հնարավոր է իրականացնել, ավարտել: Հախումի կամրջի մասով նույնպես արդեն եկող տարի բուն աշխատանքները կմեկնարկեն, և մյուսներն էլ: Այդ բոլոր կամուրջները, որոնք նշվեցին, մենք էլ ենք շատ կարևորում հուշարձանների վերականգնումը և ամրակայումը, իրականում բացահայտումներ են, որ առաջին հերթին մեր հանրությանն էլ են թույլ տալիս հասկանալ, որ պատմամշակութային ժառանգությունը բազմազան է: Մենք միշտ մի ուղղությամբ ենք մեր ժառանգությունը պատկերացնում, բայց իրականում աշխարհիկ քաղաքացիական կառույցները դրա շատ կարևոր մասն են: Այդ բոլորը կնախատեսենք, բյուջեն դա մեզ թույլ է տալիս: Մենք անգամներով ավելացրել ենք հուշարձանների վերականգնման բյուջեն 2018 թվականի համեմատ, և կարծում եմ, որ բոլոր աշխատանքները կարվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Թեմայի վերաբերյալ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշել է, որ այս տարվա ընթացքում հիմնանորոգել և շահագործման ենք հանձնել մի քանի կամուրջներ. «Մասնավորապես՝ Հաճնի կամուրջը, 2 կամուրջ հիմնանորոգել ենք Վաղարշապատում՝ նախկին Խոյ համայնքի տարածքում, այս պահին ընթանում են Հայանիստի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որը փլուզվել էր: Ընթանում են նաև Մրգաշատի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, և շուրջ 2 տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքներ են ընթանում Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածում»:

Հերթական գումարն է հատկացվել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 10,7 մլրդ դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ 2025 թ-ի պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող), մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց (որից 49-ը կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ևս 47-ը՝ կառուցվող դպրոց։ 2026 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն ընդհանուր թվով 308 դպրոցներ, որից 139-ը կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված:

Որոշմամբ գումար կհատկացվի Թալին համայնքի Կաքավաձոր և Ոսկեթաս բնակավայրերում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզների, Լոռու մարզի Լեռնավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ դպրոցների վերանորոգման և հիմնանորոգման համար՝ Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Մելիքգյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեջի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի գ․ Գորայքի միջնակարգ դպրոց, գ․ Ախլաթյանի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե․ Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց: Գումար կհատկացվի հետևյալ դպրոցների կառուցման համար (ներառյալ՝ նախագծումը)՝ Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոց, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց, Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց, Փշատավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց: Արագածոտնի մարզի Հացաշենի մոդուլային. գ. Ագարակավանի, գ. Նոր-Ամանոսի, Գեղարքունիքի մարզի Արփունքի մոդուլային կրթահամալիրների կառուցման համար կհատկացի 1,810,500.0 հազար դրամ:

Անդրադառնալով «300 դպրոց» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ դրա թիվն արդեն անցել են. «Մեր տրամաբանությունն այն է, որ առաջին 300-ը ավարտում ենք և սկսում ենք երկրորդ 300-ը, որից մոտ 50-ում արդեն շինարարական աշխատանքները սկսվել են: Մեր շինարարության պորտֆելներն աճում են, սա նշանակում է, որ մեր շինարարության տեմպերը մեծացել, լավացել են: Սա նշանակում է, որ մեր և՛ կառավարչական, և՛ շինարարական հմտություններն ավելի են լավացել: Իհարկե, նաև շատ սկզբունքային է, որ մենք շարունակենք այցերը նոր բացվող դպրոցներ, ինչը շատ օգտակար է»:

Հաստատվել են Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Ծատուրյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Քանի որ Վանաձորի պետական համալսարանի գործունեության առանցքը հիմնականում մանկավարժական կրթությունն է, կարևորում եմ, որ այստեղ ռեկտորի պաշտոնում լինի մարդ, որը լավ ճանաչում է դպրոցը և պատկերացնում է մանկավարժական կրթության առանձնահատկությունները»:

Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Հնարավորինը կանեմ՝ լավարկելու աշխատանքները «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակին և վերջնարդյունքի վրա, իհարկե, այս ամենը՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ»:

Կհայտարարվի 2025 թվականի ձմեռային զորակոչը

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: Որոշմամբ կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի, ինչպես նաև օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:

Գործադիրը գումար է հատկացրել Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ ավելի քան 53 մլն դրամի չափով՝ Արագածոտնի մարզի Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի իրականացման աշխատանքների ձեռքբերման նպատակով։ Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Այն հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է, պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցու գմբեթը քանդված է, բաց է, այդ իսկ պատճառով եկեղեցու թմբուկը կլիմայական պայմաններից ենթարկվում է քայքայումների և գմբեթը ծածկելու հրատապ անհրաժեշտությունը բխում է հուշարձանի ընդհանուր պահպանությունը պատշաճ ապահովելուց: Որոշումը մշակվել է ՀՀ վարչապետի բանավոր հանձնարարականի հիման վրա: Հիմնավորման համաձայն՝ հայ-իտալական համագործակցությամբ ներկայումս իրականացվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Հայ-իտալական համագործակցության շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են ընթանում նաև Արուճի ամրոցում: Մասնագետներն Իտալիայից ժամանած ճարտարապետների հետ քննարկել են պեղված հատվածների և Արուճի ամրոցի հրատապ ամրակայման անհրաժեշտության հարցը: Իտալացի և հայ ճարտարապետներն ուսումնասիրություններ են կատարում նաև Արուճի տաճարում՝ պարզելու համար հուշարձանի տեխնիկական վիճակը և գմբեթի վերականգնման հնարավորությունը:

Երեք հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում կտրամադրվի պետական աջակցություն

Կառավարությունը փոփոխություն է կատարել «ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրում: Փոփոխության նպատակն է պետական աջակցության չափի ավելացման միջոցով խթանել ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը: Մասնավորապես՝ նախատեսվում է 3 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական հողերի խոշորացմանը, օգտագործման արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը:

Կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր

Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների արտահանման համար լիցենզավորման ընթացակարգ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ։ Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը: Բայց այդ, կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում: Կիրականացվի նաև սև և գունավոր մետաղներից բարդ ապրանքների ներմուծման փոխարինում։

Կբարելավվեն բնակչության բնակարանային պայմանները

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որի արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Որոշմամբ առաջարկվում է 4 անձի (2 ընտանիք) նվիրել 2 բնակելի տարածք: Ցանկում ընդգրկվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), հասցեի բնակելի տարածքները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքներին սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների մատուցման որակն ու արդյունավետությունը: Նախատեսվում է նաև ՀՀ-ում ապաստան ստացած փախստականները ժամանակավոր տեղավորման կենտրոններից դուրս գալուց հետո կապահովվեն ժամանակավոր կացարաններով։ Որոշմամբ առաջարկվում է լուծարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը: Սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել «Օթևան» ՊՈԱԿ-ի միջոցով՝ սոցիալական բնակարանային ֆոնդի շրջանակում։ Ինչպես նաև՝ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների սոցիալական ինտեգրման համար սոցիալական աջակցության տրամադրումը կազմակերպելու նպատակով նախատեսվում է ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի անշարժ գույքը՝ սենյակները, հետ վերցնել Պետգույքի կառավարման կոմիտեից և ամրացնել նախարարությանը։ Իրավական հիմքերի ստեղծումից հետո փախստականների սոցիալական ինտեգրման ծառայությունը հետագայում կկազմակերպվի նախատեսված անշարժ գույքի շրջանակում՝ մասնավոր կազմակերպության միջոցով։

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Աջակցության՝ ամսական 300.000 դրամ, վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 26-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող:

Աջակցություն՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանը

Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված Նորարարության հայկական հիմնադրամի ֆինանսավորումը իրականացում է համաֆինանսավորման հիմունքներով, որի դեպքում պետությունը համընկնող չափով (մեկին մեկ) համաֆինանսավորում է մասնավոր հատվածի ներդրումները։ Ներկայումս հիմնադրամը ստացել է 100,000.0 հազար դրամի մասնավոր ներդրում, որից 80,000 փոխանցվել է հիմնադրամի հաշվին՝ հիմնադիրների կողմից, իսկ մնացածը սպասվում է մինչև տարեվերջ։ Որոշմամբ առաջարկվում է անհրաժեշտ 100,000.0 հազար դրամը հատկացնել Կառավարության պահուստային ֆոնդից: Հիմնադրամի առաքելությունն է խթանել գիտական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը՝ որպես Հայաստանի տնտեսական առաջընթացի, արդյունաբերական վերազինման և գլոբալ մրցունակության հիմնաքար։ Այն գործելու է որպես կապող օղակ Կառավարության, գիտության, կրթության, արդյունաբերության և միջազգային գործընկերների միջև՝ նպատակ ունենալով՝ աջակցել գիտահետազոտական և տեխնոլոգիական ռազմավարական ծրագրերի մշակմանը, մշակել պետություն-մասնավոր ներդրումային ծրագրեր, ներգրավել տեղական և միջազգային մասնագետների, գաղափարներ և ռեսուրսներ՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման նպատակով։

Միջազգային համագործակցություն. THRIVE ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմում են 16,450,000 ԱՄՆ դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։ «THRIVE» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ:

Հավանություն է տրվել 2025 թ. հունիսի 30-ին ստորագրված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի վավերացումը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն և պահպանությունը:

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը: Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:

Գործադիրի հավանությանն է արժանացել 2014 թ. սեպտեմբերի 18-ին Մագլինգեն/Մաքոլինում ստորագրված «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կոնվենցիան միտված է կանխել արդյունքների արհեստական փոփոխումը, պահպանել մրցումների անկանխատեսելի բնույթը, ինչն առանցքային է արդար խաղի և սպորտի հեղինակության համար: Կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր կողմ մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին և յուրաքանչյուր այլ կազմակերպությանը խրախուսում է մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու համար սահմանել ընթացակարգեր և կանոններ ու անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։ Խրախուսում են նաև մարզական կազմակերպություններին ընդունել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մշտադիտարկում, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմիններին: Նախատեսվում է ստեղծել նաև հսկիչ հանձնաժողով, որի կազմում ներգրավվում են տարբեր ոլորտների՝ սպորտի, իրավապահ և խաղադրույքները վերահսկող մարմինների ներկայացուցիչներ, ինչն ապահովում է լայն և համալիր մոտեցում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930