Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրյանը և Պապուաշվիլին համակարծիք են եղել, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել

Նոյեմբեր 20,2025 16:59

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը շարունակվել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։

Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունության, զարգացման և փոխադարձ վստահության ամրապնդմանը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական ինտեգրման տեսանկյունից։

Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման և էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք միտված են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու զարգացման օրակարգի առաջմղմանը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930