«Այս բոլոր օրինազանցությունները, որ մի փաստաթղթում հավաքվել են, լավ կլիներ, որ ժամանակին դրանցից յուրաքանչյուրի համար ներկայացվեր դատախազություն հայց։ Դրա իմաստն այն է, որ եթե մերժում են, թող շաբաթը մեկ մերժեն, ամեն անգամ հայցը ներկայացվի և պատասխան չստանա, և այդպես հավաքվի մի «դոսյե»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը:
Հիշեցնենք՝ տասնյակ հասարակական, քաղաքական գործիչներ քննարկեցին հաղորդում՝ ուղղված գլխավոր դատախազությանը Նիկոլ Փաշինյանի կատարած հանցավոր գործողությունների մասին։
Տիգրան Պասկևիչյանը կարևորեց նախաձեռնությունը և ասաց, որ կմիանա փաստաթղթին։ Այնուհետև հավելեց․ «Սրա հետ պետք է այլ փաստաթղթեր լինեն․ դատախազությանը հաղորդում ներկայացնելու մասին մի տեքստ կազմվի և ներկայացվի բոլոր միջազգային կառույցներին և դեսպանատներին, որ իրենք տեղյակ լինեն»։
Կարդացեք նաև
Տիգրան Պասկևիչյանը նաև մտահոգություն հայտնեց, որ պետբյուջեից մեծ միջոցներ են ծախսվում, որպեսզի ապահովվի Նիկոլ Փաշինյանի՝ պատարագի մասնակցության ուղեկցությունը․ «Անցյալ կիրակի վերադառնում էի Սյունիքից։ Դա մոտավորապես այն ժամն էր, երբ վարչապետը գնացել էր Խաչիկ գյուղի եկեղեցում պատարագի։ Ամբողջ ճանապարհին՝ սկսած Արենի գյուղից մինչև Երևանի մուտքը կանգնած էին պարեկային ծառայության մեքենաները, որոշակի հեռավորության վրա կանգնած էին ոստիկաններ կամ պարեկներ։ Սա որոշակի ծախս է, որը պետությունն անում է միայն մեկ մարդու քմահաճույքի համար, որ ինքը պետք է գնա պատարագի»։
«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































