Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի տարածաշրջանը հարուստ է պատմական հնավայրերով, որն էլ վկայում է՝ հազարամյակներ այստեղ մարդն ապրել ու արարել է

Նոյեմբեր 20,2025 22:11

Այս օրերին ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող բլուրների վրա իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ մարզկենտրոն Աշտարակից 75 կմ հեռավորության վրա։ Թալինի տարածաշրջանը հարուստ է պատմական հնավայրերով, որն էլ վկայում է՝ հազարամյակներ անընդհատ այստեղ մարդն ապրել ու արարել է։

Առավել շատ են նախաքրիստոնեական շրջանի հնավայրեր՝ ամրոցներ, մեգալիթյան աշտարակներ, դամբարանադաշտեր, այսպես կոչված «Անապատի օդապարուկներ», ծիսական ու պաշտպանական այլ կառույցների ավերակներ և այլն։ Արագածավանի մոտակա ավազահանքերին մոտ մի քանի բլուրներ կան՝ ամբողջությամբ պատված հազարամյակների պատմությամբ պատաշարերով, այլ կառույցների հիմքերով։

Ըստ հնագետների այս տարածքում մոտ 4 հազար և ավելի առաջ ամրոց-բնակատեղի է եղել։

Ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրությամբ բլուրներից մեկի վրա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) աշրավախումբը, հնագետ, պ․ գ․ թ․ Մարիամ Շահմուրադյանի ղեկավարությամբ իրականացնում է պեղումներ։ Բացվել է ամրոցի ծիսական հատվածը։

Ինչպես տեղեկացրեց արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը, տարածքում մ․ թ․ ա․ առաջին հազարամյակում գոյություն ունեցած ամրոց-բնակատեղիի հոգևոր-ծիսկան սրբավայրն է։ Այն ուղղանկյուն մոտ 16 ք/մ մակերեսով, քարակերտ հոծ կառույց է։ Պեղումներից բացվել են պատերը, որոշ հատվածներում ունեն 2 մետրից ավելի բարձրություն։ կառուցված են կոպտամշակված բազալտե քարերով։

Պեղումներից հայտնաբերվել են վանակատից պատրաստված նետի և տեգի սլաքներ, խեցեղենի բեկորներ, մշակված փոքր քար։ Արշավախմբի անդամ, Արագածավան գյուղի բնակիչ Սամվելի ուղեկցությամբ բարձրանում ենք դեպի ծիսական աշտարակ։ Չնայած հազարամյակների վաղեմությանը, պահպանվել են պատմական ճանապարհի հետքերը։

Զգացվում է՝ տեղ-տեղ ժամանակին բնական ժայռերը մշակել են, հարթեցրել՝ դարձնելով աստիճաններ։ Որոշ հատվածներում քարերով սալահահատակներ են հիմնել։ Մինչ ծիսական աշտարակ հասնելը, բլրալանջին ոչ մեծ հարթության վրա երևում են այդ ժամանակների բնակելի տարածքի տների հիմքերը, պատերի մնացորդներ։ Նույն տների մեջտեղով ճանապարհ-փողոց է եղել, որը շարունակվում է, հասնում ամրոցի այսպես կոչված միջնաբերդ ու իջնում ցած։

Ծիսական աշտարակի մոտ արշավախմբի անդամները հայտնաբերված հետաքրքիր մի անի քար են առանձնացրել․ բոլորն ունեն հիմնականում 2 փոսորակ։ հնարավոր է, օգտագործվել են հեղուկի համար։ Ամրոցը, որ գտնվում է մի քանի բլուրների վրա և զբաղեցրել է բավականին մեծ տարածք։ Պահպանվել են պարիսպների հիմքերը, որոշ տեղերում պատաշարերը՝ մոտ 2 մ բարձրությամբ։

Պաշտպանական պարիսպները եղել են մի քանի շարք։ Տարածքում շատ են նաև դամբարանները, որոնցից մի ո պեղվել են։ Սամվելի ուղեկցությամբ իջնում եմ ցած, որտեղ է մոտ 30 մ տրամագծով դամբարան։ Պեղվել է 2 տարի առաջ, քիչ գտածոներ են հայտնաբերվել, սակայն դամբարանը եղել է հետաքրքիր կառույց՝ եռատակ շրջանաձև պատերով։

Նույն դամբարանի հարևանությամբ այլերի հիմքեր նույնպես նշմարվում են։ Բլուրների լանջերին, ստորոտներում՝ համեմատաբար հարթ հատվածներում, կան կառույցների հիմքեր, պատեր։ Եղել են ամրոցի բնակելի տարածքները։ Երևում են նաև պատմական ճանապարհի հետքերը՝ եզրագծված պատաշարերով։ Տարածքում շատ են վանակատի բեկորները՝ սև և կարմրավուն։ Հայկական լեռնաշխարհի վանակատի հանքերից մեկը գտնվում է Արտենի լեռան վրա և մոտակայքում։ Իսկ նշված ամրոցատեղին շատ հեռու չէ Արտենիից, որի վրա պահպանվել են միջնադարյան հզոր ամրոցի ավերակները։

Օրվա ընթացքում հնագետ Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ եղանք նաև Թալինի միջնադարյան քարավանատան տարածքում։ Երբեմնի կառույցից միայն պատերն են պահպանվել։ Սրբատաշ քարերի հիմնական մասը տարել են տներ կառուցելու համար։

Ըստ հնագետների՝ Թալինի քարավանատունը միջնադարյան Հայաստանում ամենամեծն է եղել։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Զաքարյան իշխանների կողմից կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Մետաքսի առևտրական ճանապարհի վրա կառուցված Իջևանատունը եղել է նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն Դվինից Անի տանող ճանապարհին։

Ըստ Թորոս Թորամանյանի՝ քարավանատունն ունեցել է երկու հյուրատուն-սրահների միջև մեծ բակ-վաճառանոց, կարող էր տեղավորել մինչև 300 ուղտերով քարավաններ։ Հենց իջևանատան բակում էլ եկած քարավանները կազմակերպել են տոնավաճառներ։ Այցելեցինք նաև Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցի կամ Մեծ տաճար, որը հիմնանորոգվում է այս օրերին։

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930