Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Ղուկասյանին այս պահին տանում են կալանավորման․ հայտնի է պատճառը․ որոշ մանրամասներ

Նոյեմբեր 20,2025 21:30

Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը գտնվում է տնային կալանքի տակ, այսօր հրավիրել էին Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ, սակայն երբ հասել է այնտեղ, դիմակավորված ոստիկանները առևանգել էին նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։

Այս մասին մենք տեղեկացել էինք նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանից։

Այս դեպքից քիչ անց քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ նրան ձերբակալել են․ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության կասկածանքով)։

Թե ինչ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս է հասցրել խուլիգանություն կատարելու մեջ կասկածվել, երբ տնային կալանքի մեջ է, մեզ պարզ դարձավ, որ նոր գործը կապված է երկու օր առաջ Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի ու մյուսների դատավարության ժամանակ արված որոշ հայտարարությունների հետ։

Հիշեցնենք, որ դատական այդ նիստը որոշակի սահմանափակումներով ուղիղ հեռարձակվում էր, ու որոշակի հայտարարություններ անում էր նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանն ասում էր՝ չեն կոտրվելու, իրենք կոտրող են, կոտրվող չեն, լավ է լինելու, ներքին թուրքին բռնաբարելու են։

Ինչևէ, Սպարտակ Ղուկասյանը ևս այդ օրը խոսել է։ Նա ասել է․ «Ով որ մեր հետ ուժի լեզվով կխոսի, մեզ կդատի, դրա մերն ու մանուկը․․․․»։

Կան պնդումներ, որ նրա խոսքում լսվում է նաև Ադրբեջան ու ադրբեջանցիներ բառը ու խոսքի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է, որ նրա խոսքը ուղղված է ադրբեջանցիներին, այսինքն՝ «Ով որ ուժի լեզվով կխոսի հայերի հետ, հայերին կդատի, դրա մերն ու մանուկը․․․»։

Փաստաբանից տեղեկացանք, որ այս պահին նրան տանում են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու։ Մեղադրող կողմը պահանջում է կալանավորել նրան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930