Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական գործիքնե՞ր, թե մեդիագրագիտություն․ ապատեղեկատվության դեմ պայքարը Էստոնիայում և Հայաստանում

Նոյեմբեր 20,2025 23:30

Ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական գործիքների վերաբերյալ հարցի քննարկումից առաջ հայ և էստոնացի փորձագետները կարծում են, որ պետք է ապահովել խոսքի ազատության, տեղեկատվության ազատության և կառավարությունների կողմից ոլորտին միջամտելու միջև հարցերի հավասարակշռությունը։

Aravot.am-ը փորձել է պարզել՝ Էստոնիայում և Հայաստանում իրավական համակարգը բավարար գործիքներ ունի՞ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։ Փորձագետների կարծիքները հիմնականում համընկնում են՝ իրավական գործիքակազմը բավարար է։

Էստոնիայի Պաշտպանության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն և համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության վերլուծության փորձագետ Դմիտրի Տեպերիկի «Ֆունկցիոնալ էկոհամակարգի կառուցում՝ Էստոնիայում FIMI-ի (արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներ և միջամտություն) դեմ պայքարի համար զեկույցում ամրագրված է․ «Էստոնիայի անկախության վերականգնումից ի վեր, վերջին երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը համառորեն փորձել է «չարամիտ ազդեցություն գործադրել Էստոնիայի վրա տարբեր ոլորտներում։ 2024-ին ռուսական ապատեղեկատվության կամ այլ մանիպուլյացիաների տեսանելի հաջողություններ չկան Էստոնիայում կամ նրա շուրջ, ինչը որոշակի վստահություն է ներշնչում վերջին տասնամյակներում մշակված բազմակողմ հակազդեցությունների և սկզբունքների արդյունավետության նկատմամբ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության (FIMI) նկատմամբ դիմադրողականություն ձևավորելու և պահպանելու համար»։

Փորձագետի կարծիքով՝ պետք է շահառուների շրջանում խրախուսվի և զարգացվի ադապտիվ սովորելու մտածելակերպը և կիրառվի համակարգային մոտեցում։ Նա նաև ներկայացրել է մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք պետք է Էստոնիայի խորհրդարանը կիրառի՝ օրինակ՝ ուղղված ընտրական գործընթացների թափանցիկության բարելավմանը, իրազեկմանը և այլն։

Aravot.am-ը Stratcom -ի փորձագետ (Էստոնիա) Հաննես Կրաուսի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք էստոնական իրավական համակարգը բավարար գործիքներ տրամադրո՞ւմ է ապատեղեկատվության դեմ պայքարի համար, նա պատասխանեց․ «Իրավական համակարգերի գործիքների վերաբերյալ հարցի քննարկումից առաջ պետք է հարց առաջանա խոսքի ազատության, տեղեկատվության ազատության և կառավարության կողմից այդ ոլորտ «մտնելու» կարողության միջև հավասարակշռության մասին։ Սա քաղաքական հարց է, որին չեն կարող պատասխանել իրավաբանները կամ պետական ​​ծառայողները:

Այնուամենայնիվ, Էստոնիայում տեղի է ունեցել այս քննարկումը, որը հանգեցրել է հասարակության շրջանում համոզմունքի, որ կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել այդ ոլորտում որոշ՝ իսկապես սահմանափակ և հստակ սահմանված իրավիճակներում: Մեր հասարակությունն ու քաղաքական գործիչները չափազանց զգայուն են ցանկացած փորձի նկատմամբ, որը կարող է սահմանափակել ազատ բանավեճը։ Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Էստոնիայում ամենամեծ մարտահրավերն ազատ բանավեճի և ապատեղեկատվության միջև տարբերություն գտնելն է: Մարտահրավերների համար լուծումներ գտնելը կախված է հասարակության վստահությունից, ապատեղեկատվության վերաբերյալ իրազեկվածությունից և մարդկանց մեդիագրագիտությունից՝ ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնելու համար»։

Փորձագետը նշեց՝ Էստոնիայում թվային հարթակներում ապատեղեկատվությանն արձագանքելու հիմնական գործիքները գտնվում են «Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին» օրենքի (131-րդ գլուխ) և «Իրավապահ մարմինների մասին» օրենքներում․ «Օրինակ՝ մեր իրավասու մարմինը կարող է գործել, եթե տեղեկատվությունը «հրահրում է ատելություն, բռնություն կամ խտրականություն ազգային պատկանելության, էթնիկ ծագման, լեզվի, կրոնի կամ Սահմանադրությամբ սահմանված այլ հանգամանքների հիման վրա, կամ արդարացնում է պատերազմական հանցագործությունները»։ Նման միջոցառումներն անհրաժեշտ են ազգային անվտանգությունը պահպանելու համար։ Այս դրույթը կիրառելի է միայն սահմանափակ իրավիճակներում, և ցանկացած դեպք կարող է քննարկվել դատարանում։ Որպես ԵՄ անդամ երկիր՝ մեր օրենքները համահունչ են ԵՄ իրավունքի՝ ներառյալ «Թվային ծառայությունների մասին» օրենքի (Digital Services Act, DSA) պահանջներին»։

Հղում կատարելով Էստոնիայի Ազգային անվտանգության հայեցակարգ-2023-ին՝ Հաննես Կրաուսն ասաց․ «Փաստաթուղթը կարևոր նշանակություն է տալիս ոչ թե ապատեղեկատվությանը, այլ սահմանադրական արժեքներին, որոնք պետք է պաշտպանվեն ռազմավարական հաղորդակցության արդյունքում: Եվ քանի որ խոսքի ազատությունն ու լրագրության ազատությունը, ի թիվս այլնի, մեզ համար հստակ սահմանադրական արժեքներ են և լրացուցիչ երաշխիք, որ որևէ կառավարություն չի կարող գերազանցել իր լիազորությունները»։ Ըստ մեր զրուցակցի՝ այժմ Էստոնիայում ապատեղեկատվության դեմ պայքարում հիմնական սպառնալիքներից են փաստերի ստուգման գործընթացների նկատմամբ փոփոխված վերաբերմունքը, հասարակության մեդիա և տեղեկատվական գրագիտության մակարդակը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ (Խորհրդի քարտուղար) Շուշան Դոյդոյանը ևս կարծում է, որ պետք է գնալ հասարակության մեդիագրագիտությունը, իրազեկվածությունը բարձրացնելու ճանապարհով․ «Քանի դեռ մարդկանց չես կրթել, չես կարող ակնկալել, որ նրանք կարող են կեղծիքը ճշմարտությունից, հորինվածը, արհեստականորեն ստեղծվածը տարբերել փաստերից, ավելին՝ կարծիքը, գնահատականը տարբերել փաստերից։ Այս բոլոր հմտությունները պետք է ուսուցանվեն ամենավաղ տարիքից։

Շուշան Դոյդոյանը

Թվային անգրագիտության դեմ պայքարը՝ կրթական համալիր գործընթաց իրականացնելու միջոցով նաև բխում է մեր՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգից, բայց, ցավոք, մեդիագրագիտությունը եղել ու այսօր էլ շարունակում է մնալ քաղհասարակության անելիքը մեր երկրում և այդպես էլ չդարձավ պետության թիվ մեկ ռազմավարությունը և պաշտպանական համակարգի ազգային անվտանգության համակարգի բաղադրիչը։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը դեռևս ցածր մակարդակի մեդիագրագիտություն ունի։ Ուստի այդ հասարակությունում սկսել կիրառել խիստ պատժիչ գործիքակազմ, ուղղակի հղի է լուրջ վնասներով, վտանգներով, կարող է սպառնալիք դառնալ ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակման համար»։

Շուրջ երկու տարվա ջանքերի շնորհիվ 2023-ի դեկտեմբերին ընդունվեց ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Հայեցակարգի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

Հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով, փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա, բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։

Շուշան Դոյդոյանի կարծիքով, ցավոք, ապատեղեկատվության դեմ ռազմավարությունը կամ հայեցակարգը, որ ընդունվեց, ավելի մեծ ջանքեր ներդրվեցին այս փաստաթղթի մշակման ու ընդունման վրա, քան բուն իրականացման․ «Մշակման գործընթացում շատ ակտիվ դերակատարում ստանձնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և գործընկեր կառույցները, բայց ընդունումից հետո մենք համարեցինք, որ դա, քանի որ արդեն կառավարության փաստաթուղթն է, ուստի կառավարությունը պետք է լիարժեք պատասխանատվություն ստանձնի դրա իրականացման համար, ինչը, ցավոք, տեղի չունեցավ։ Փաստաթղթով, դրա գործողությունների ծրագրով սահմանված գործողությունների մեծ մասն այդպես էլ մնացին թղթի վրա, որոշ հատվածներ զուգահեռ ընթացող բարեփոխումների շրջանակում իրականացվեցին մասամբ, բայց հիմնական կորիզը փաստաթղթի մնացել է թղթի վրա»։

ԻԱԿ նախագահի կարծիքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարը չպետք է սկսել պատասխանատվություն սահմանող նորմերի մասին զրույցից, այլ պետք է գնալ մեդիագրագիտության ճանապարհով․ «Մյուս կողմից պետական, իրավապահ մարմինները չունեն բավարար հմտություններ այդ գործիքակազմը այնպես կիրառելու, որ կարողանան ճիշտ հավասարակշռություն սահմանել ազատ արտահայտվելու իրավունքի և օրենքով արգելված բովանդակության միջև»։

Ըստ Շուշան Դոյդոյանի՝ ՀՀ իրավական համակարգը բավարար գործիքակազմ ունի ապատեղեկատվության դեմ լիարժեք պայքարելու համար, բայց ըստ նրա՝ այս պահին պետք է ձեռնպահ մնալ իրավական գործիքակազմ կիրառելուց․ «Քրեական օրենսգիրքը որոշակի կարգավորումներ սահմանում է, որոնք կարող են բռնության քարոզը, ատելության խոսքի հեղինակներին պատասխանատվության ենթարկել։ Բայց գնալով պատասխանատվություն սահմանելու կամ պատժիչ գործիքները կիրառելու ուղղությամբ՝ մենք կկանգնենք այն իրավիճակի առաջ, որի նշանները զգում եմ հիմա, որ առողջ, գուցե ցնցող քննադատությունը, իշխանության կամ պետական պաշտոնյաների համար տհաճ հրապարակումները ուղղակի առիթ կարող են դառնալ կոշտ, անհամաչափ միջամտությունների և ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման համար։ Վերջին դեպքը վառ ապացույցն է նրա, որ ցնցող, վիրավորական, գուցե նաև հայհոյական արտահայտությունների հեղինակներին ձերբակալեցին ոչ թե հայհոյանք կամ վիրավորանք հրապարակելու համար, որը քաղիրավական կարգավորմամբ է կարգավորվում, այլ որակեցին՝ որպես խուլիգանություն։ Փորձ է արվում քրեական պատասխանատվության ենթարկել այդ խոսքի հեղինակներին, ինչն անընդունելի է»։

Aravot.am-ի հետ զրույցում էստոնական Delfi խոշորագույն լրատվական պորտալի հետաքննող և փաստեր ստուգող լրագրող Իլյա Բերն ասաց՝ Էստոնիայում չկա օրենք, որը հատուկ վերաբերվում է ապատեղեկատվությանը կամ «ֆեյք նյուզին», փոխարենը գործում են այլ իրավական մեխանիզմներ, որոնք կարգավորում են հրապարակային խոսքը․ «Էստոնիայի Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտվելու ազատությունը և արգելում գրաքննությունը։ Բացառիկ դեպքերում ազգային կարգավորող մարմինն (TTJA) իրավասու է սահմանափակել պետական քարոզչական ալիքների հեռարձակումը։ Օրինակ՝ այս կերպ են Էստոնիայում եթերից հանվել ռուսական և բելառուսական պետական ալիքները»։

Իլյա Բերը նշեց՝ եվրոպական մակարդակում Էստոնիան ենթարկվում է այնպիսի կարգավորումների, ինչպիսիք են «Թվային ծառայությունների մասին» օրենքը (Digital Services Act, DSA), որը պարտավորություններ է դնում թվային հարթակների վրա՝ վնասակար բովանդակության, ալգորիթմների թափանցիկության և ապատեղեկատվության հետ կապված ռիսկերի կառավարման հարցով։ Կան նաև մի շարք սահմանափակումներ․ «Քանի որ չկա ապատեղեկատվությանը նվիրված հատուկ օրենք, նման դեպքերի կարգավորումը մեծապես կախված է գործող օրենքների մեկնաբանությունից։ Սա ստեղծում է անորոշության և չարաշահման լայն հնարավորություն։ Հարթակների վրա՝ օրինակ՝ սոցիալական ցանցեր կամ լրատվական ագրեգատորներ, ճնշումը հիմնականում անուղղակի է․ պարտավորությունները կիրարկվում են «փափուկ ակնկալիքների» միջոցով, այլ ոչ թե հստակ իրավական մեխանիզմներով։ Գործնականում կիրառումը սահմանափակ է»։ Ըստ Իլյա Բերի՝ կարգավորումների ավելացումը՝ հատկապես հեռարձակման ոլորտում, կարող է ընկալվել՝ որպես գրաքննություն կամ պետական միջամտություն և դառնալ իրավական կամ սահմանադրական վեճերի առարկա։ Այսինքն՝ թեև գոյություն ունի իրավական շրջանակ, դժվար է ասել, որ այն արդյունավետ է գործում․ «Բացի դրանից, ես լուրջ կասկածներ ունեմ, թե արդյոք ապատեղեկատվության դեմ հնարավո՞ր է իրական պայքար ծավալել իրավական դաշտում։ Իմ մասնագիտական կարծիքը հակված է «ոչ»-ին, քան «այո»-ին»։

Ըստ մեր զրուցակցի՝ Էստոնիայի մեդիա դաշտի գլխավոր սպառնալիքը ռուսական քարոզչությունն ու տեղեկատվական գործողություններն են․ «Մեկ այլ խնդիր է ոլորտի աճող «անվտանգայնացումը»․ երբ անվտանգության մարմինները, ներառյալ ներքին անվտանգության ծառայությունը, ստանում են ավելի մեծ լիազորություններ՝ միևնույն ժամանակ դառնալով ավելի քիչ հաշվետու մեդիայի կամ քաղաքացիական հասարակության առջև։ Գոյություն ունեն նաև լուրջ տնտեսական մարտահրավերներ․ անգամ խոշոր լրատվամիջոցներն են դժվարությամբ ապահովում ֆինանսական կայունություն, ինչը հաճախ ստիպում է նրանց դիմել պետական աջակցությանը՝ վտանգելով խմբագրական անկախությունը։ Կիբերհարձակումներն ու համակարգչային ներխուժման փորձերը շարունակում են մնալ իրական վտանգ՝ հատկապես Էստոնիայի թվային ենթակառուցվածքների պարագայում։ Եվ վերջապես՝ հոգեբանական ճնշումը․ լրագրողների հանդեպ սպառնալիքներն ու առցանց հետապնդումները բավական տարածված են»։ Ըստ Էստոնացի լրագրողի՝ ընդհանուր առմամբ Էստոնիայում լրագրողները իրավական տեսանկյունից համեմատաբար լավ պաշտպանված են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930