Վերջին շրջանում Սահմանադրական դատարան են դիմում հատկապես վարչական վարույթների հետ կապված գործերով` վարչական դատարան դիմելուց հետո:
Նոյեմբերի 11-ին ՍԴ-ն նույնքան որոշումներ է կայացրել, որից երեքը`վարչական գործերով անցածներն էին: Ըստ Անգելիկա Ումրիկյանի` անձին վերաբերող վարչական ակտի դեմ հայց էր ներկայացվել անգամ դրա վիճարկման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, Ամալյա Եփրեմյանի գործով, ով վարչական դատարանում վիճարկել է իր դեմ կարգապահական վարույթը, դրա հիմքը` Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը, Ստեփան Գասլստանի գործով…
2025 թ. հոկտեմբերի 9-ից Սահմանադրական դատարանում էր Ստեփան Գալստյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը: Դիմողը խնդրել էր. «Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասին հակասող ու անվավեր ճանաչել «Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասն՝ այնքանով, որքանով պայմանագրային զինծառայողի՝ անազատության մեջ գտնվելու փաստը օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում՝ որպես պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պայմանագրի ժամկետի կասեցման հիմք՝ դրանով իսկ պայմանագրային զինծառայողին փաստացի թույլ չտալով իրացնելու աշխատանքի ազատ ընտրության՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնարար իրավունքը»:
Ներկայացնելով իր` թիվ ՎԴ/1942/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշել էր, որ եթե օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը պայմանագրային զինվորական ծառայողի՝ կալանքի տակ գտնվելու պարագան նախատեսեր որպես պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պայմանագրի գործողության ժամկետը կասեցնելու հիմք, ապա պայմանագրային զինվորական ծառայողը կունենար «իրական իրավունք» կամ իրական հնարավորություն՝ կալանքից ազատվելուց հետո պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու մասին իրավասու պաշտոնատար անձին զեկուցագիր ներկայացնելու միջոցով շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը: Հետեւաբար` իրացնելու աշխատանքի ազատ ընտրության` Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնարար իրավունքն այնքանով, որքանով պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի հոսքը վերսկսման ենթակա կլիներ պայմանագրային զինվորական ծառայողի՝ կալանքից ազատվելու պահից: Այսինքն, պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու մասին իրավասու պաշտոնատար անձին զեկուցագիր ներկայացնելիս պայմանագրային զինվորական ծառայողը հերթական պայմանագիրը կնքելու այլ խոչընդոտների բացակայության պայմաններում կունենար իրական ակնկալիք, որ կարող է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը, քանի որ վերացած է հերթական պայմանագրով ստանձնվելիք պարտականությունների կատարումն անհնարին դարձնող պատճառը, այն է՝ այլեւս ազատության մեջ լինելու պայմաններում ինքը կարող է իրականացնել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու` պայմանագրով ստանձնվելիք պարտականությունները:
Կարդացեք նաև
Ըստ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 11-ի աշխատակարգային որոշման` «Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեեւ դրանում բարձրացված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը շեշտել է, որ դիմողը վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացի առկայությունը փորձել է հիմնավորել առավելապես ենթադրություններով եւ վերոգրյալ՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա օրենսդրական բացի առկայության վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, ուստիեւ չի հիմնավորվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի` դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որեւէ հիմնական իրավունքին եւ/կամ ազատությանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2025


















































