«Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով վարձակալելու տարբերակների մասին շրջանառվող ենթադրությունների իսկությունը հաստատելով՝ Փաշինյանը ներկայացրել է այն ենթակառուցվածքային հնարավորությունները (էլեկտրահաղորդում, գազ, նավթ, օպտիկամանրաթել, երկաթուղի, ավտոճանապարհ), որոնք գործնականում վկայում են Հարավային Կովկասում՝ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի համակարգմամբ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների երկարաժամկետ ներկայության մտադրության մասին:
ՀՀ վարչապետը միայն չի անդրադարձել խնդրո առարկա ճանապարհի լայնությանը, որի հրապարակմամբ ամբողջովին ի չիք է դառնալու այն տեսակետը, թե իբր այս տարածաշրջանում այլեւս «միջանցքային վտանգ» գոյություն չունի: Հատկապես որ 2025 թ. օգոստոսի Սպիտակ տան եռակողմ հայտարարության 3-րդ կետում նշված է «անխոչընդոտ հաղորդակցություն» (Unimpeded Connectivity) արտահայտությունը, որն իրավական հերմենեւտիկայի տեսակետից լայն մեկնաբանության հնարավորություն է տալիս Բաքվին՝ ընդդիմանալու ցանկացած վերահսկողության կամ սահմանային ստուգումների՝ այդպիսով միջանցքային բնույթ հաղորդելով այս երթուղուն:
Ներքին օրենսդրության մեջ «վարձակալությունը» ենթադրում է, որ վարձակալը որոշակի ժամանակահատվածում ստանում է կոնկրետ օբյեկտի օգտագործման իրավունքը: Սակայն միջազգային իրավունքում «միջազգային վարձակալություն» նշանակում է տվյալ տարածքի նկատմամբ իշխանության իրացման փոխանցում վարձակալող պետությանը կամ ընկերությանը: Եվ քանի որ Փաշինյանի խոսքով «Թրամփի ուղին» փոխանցվելու է ամերիկա-հայկական համատեղ կոնսորցիումին՝ ներդրումների համամասնությամբ, հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ը ունենալու է գերակշիռ ներդրում, հետեւաբար՝ գերակշիռ վերահսկողություն:
Այս պարագայում Երեւանի պնդումները, թե պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գործնականում հերքվում են: Դրա լավագույն օրինակներից են վարձակալական ու ներդրումային պայմանագրերով ամերիկյան ռազմաբազաների տեղակայման միջոցով ԱՄՆ-ի ներկայությունը Գուանտանամոյում, Պանամայի ջրանցքում եւ այլուր:
Կարդացեք նաև
«Թրամփի ուղու» վարձակալության նախագիծը կյանքի կոչվելու դեպքում Իրանը 49 կամ 99 տարով փաստացի կդառնա ԱՄՆ-ի անմիջական հարեւանը, իսկ Իրանի եւ Հայաստանի սահմանը կհայտնվի ծանրագույն մարտահրավերների առաջ:
Առաջարկվող հնարավոր «լուծումները», այդ թվում՝ խնդրո առարկա ճանապարհը Իրան-Հայաստան սահմանից հեռու տեղադրելը, էստակադա կամ ստորգետնյա ճանապարհ կառուցելը, կամ ԱՄՆ-ի վերահսկողությունն Իրանի ճանապարհի հատվածում բացառելը, չեն կարող համարվել հիմնահարցի կարգավորում, քանի որ ցանկացած միջանցքային մոտեցում հանգեցնում է աշխարհաքաղաքական փոփոխությունների:
Ահա թե ինչու Ալիեւն ու նրա լոբբիստական ցանցը Իրանում չեն դադարում կիրառել «Զանգեզուրի միջանցք» կեղծ եզրույթը՝ շարունակելով արտագաղթի հետեւանքով Սյունիքում բնակչության թվի կրճատման եւ ժողովրդագրական պատկերի փոփոխության ֆոնին օգտագործել «Արեւմտյան Ադրբեջան» կամ ադրբեջանցիների «հայրենադարձության» թեզերը:
ԱՀՄԱԴ ՔԱԶԵՄԻ
միջազգային իրավունքի պրոֆեսոր, Եվրասիայի ավագ հետազոտող
Աղբյուրը՝ Iranian Diplomacy[*]
Գրիգոր Առաքելյանի թարգմանությունն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































