«Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»,-հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ՔՊ-ականներին հրավիրել Մարզահամերգային համալիր հանդիպման, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարը ձեռնպահ մնաց այլ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ տեխնիկական հարցերին չի տիրապետում, չգիտի՝ հանդիպումը լուսաբանման համար բա՞ց է լինելու, թե՞ ոչ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախընտրական գործընթացների՞ հետ կապ ունի հանդիպումը և արդյոք ինքն իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2026-ի խորհրդարանական ընտրություններում, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց․ «Առաջադրվելու եմ ցուցակում դիտարկվելու համար։ Այն մարմինը, որը կհամարի՝ իմ թեկնածությունն ընդունելի է, և իմ անունը կլինի ցուցակում, միայն դրանից հետո վճարումը կկատարեմ»։
Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական վերնախավի այն անդամները, որոնք նախկինում ղեկավարել են ՀՀ-ն և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և հարցին՝ այս համատեքստում ինչո՞ւ իշխանությունը չի գնում քաղաքական դաշտն առողջացնելու ճանապարհով, ավարտի այս կամ այն դե ֆակտո ուժի գործունեությունը, թե՞ ավելի հեշտ է վարկաբեկված ուժերի հետ գնալ ընտրությունների, հետո մտածել քաղաքական դաշտը մաքրելու մասին, ի պատասխան Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց՝ դա չի արվում, քանի որ իրենց քաղաքական ուժն «ամուր կառչած» է ժողովրդավարական արժեքներից․ «Ժողովուրդը պետք է գնահատական տա։ Մեր ցավը նաև դա է, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն առողջացման գործընթացները։ Ինձ համար գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի՝ պետության կառավարման ղեկը ստանձնելու դեպքում երկրի կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, քան հավերժ մրցել հեղինակազրկված քաղաքական ուժերի հետ»։
Կարդացեք նաև
Մխիթար Հայրապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































