«Ով-ով՝ դուք քաղաքական հրահանգի մասին մի խոսեք, ձեր քաղաքական ուժի ղեկավարը ԱԺ ամբիոնից ասում է՝ ձեզ լցնելու ենք ԱԱԾ պադվալները»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին։
«Հասել ենք նրան, որ մարդկանց նոթատետրն ենք քննում, ննջասենյակներում ու լոգասենյակներում եք նկարահանող սարքեր դնում»,- վրդովվեց Էլինար Վարդանյանը։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը միջամտեց՝ մեղադրանքներ հնչեցնելով ընդդիմության հասցեին։
Դիմելով իշխանական խմբակցության պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Ես խիստ կզարմանայի, եթե Հայաստանում տեսնեիք ժողովրդավարության հետընթացի նախադրյալներ․ բոլոր իշխանությունները ավտորիտար ռեժիմներ էին, բացի ձեր իշխանությունից, որ անվանում եք «ժողովրդավարության բաստեոն»։ Ինչեւէ, մենք ամեն օր ապրում ենք Հայաստանում, ամեն օր տեսնում ենք դա»։
Հակադարձելով իշխանական պատգամավորների ելույթներին՝ կալանավորված մարդկանց պատժի համաչափությանը վերաբերող, Էլինար Վարդանյանը հարցրեց․ «Լիդյա Մանթաշյանի պատիժը համաչա՞փ է։ Կոչումբաեւին եթե այդ ձեւով բերման չենթարկեին, ի՞նչ էր անելու, գրառման մեջ ստորակե՞տ էր ավելացնելու։ Ռուբեն Մխիթարյանին տեսնում ենք ձեռքերը վեր, ասում են՝ դրանից առաջ ուրիշ բան էր անում․ ի՞նչ էր անում, ասեղով ծակո՞ւմ էր ոստիկաններին»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հայտարարության նախագծի հեղինակներն առաջարկեցին հետաձգել նախագծի քվեարկությունը՝ երկու ամիս ժամանակով, այն կազմակերպել խորհրդարանում նոյեմբերի 26-ին կայանալիք լսումներից հետո։
Հիշեցնենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։ Իսկ նոյեմբերի 26-ին ընդդիմադիր խմբակցությունները լսումներ են հրավիրել նույն թեմայով։ Երեկ նաեւ նամակ-հրավեր փոխանցվեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ լսումներին մասնակցելու համար։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































