Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն ստանալու իրավունքն՝ օրակարգում. ՀՔԱՎ-ի հայցադիմումները ՀՀ պետական մարմինների դեմ

Նոյեմբեր 21,2025 15:46

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ռազմավարական դատավարությունների շրջանակում շարունակում է ներկայացնել մի շարք հայցադիմումներ ՀՀ պետական մարմինների դեմ՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, պետական մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Ներկայումս ՀՔԱՎ-ը դատարան է ներկայացրել մի շարք հայցադիմումներ, որոնք վերաբերում են տեղեկատվության ազատության և հավաքների ազատության իրավունքներին։

ՀՔԱՎ-ը ընդդեմ ՀՀ կառավարության։ Այս հայցադիմումով վիճարկվում է կառավարության կողմից Տավուշի մարզի սահմանազատման հետևանքով քաղաքացիներին տրամադրվելիք փոխհատուցումների չափերն ու պայմանները սահմանող իրավական ակտը գաղտնի պահելու հանգամանքը։ Այդ տեղեկատվությունը վերաբերում է հանրային շահին և անհրաժեշտ է վերահսկողության և թափանցիկության համար։

ՀՔԱՎ-ը ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության: Այս հայցադիմումով վիճարկվում է մերժումը՝ տրամադրել «Հայաստան–ՆԱՏՕ 2017–2019թթ․ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» պատճենը։ Այս փաստաթուղթը պետք է հասանելի լինի հանրությանը՝ միջազգային գործընկերության վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ապահովելու նպատակով։

ՀՔԱՎ-ը ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության: Այս հայցադիմումով վիճարկվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության որոշումը՝ չտրամադրել ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների վերաբերյալ տվյալներ, ինչը հակասում է տեղեկատվության մատչելիության սկզբունքներին, որոնք ապահովում են տեղեկատվության մատչելիությունը և թափանցիկությունը պետական մարմինների գործունեության նկատմամբ։

ՀՔԱՎ-ը ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության: Այս հայցադիմումով վիճարկվում է հավաքների ազատության հետ կապված ՀՀ ներքին գործերի նախարարության գործողությունները, որոնք դրսևորվել են Ա․ Նավալնիի հիշատակին նվիրված խաղաղ հավաքի ընթացքում՝ մասնակիցների անձնագրային, անձնական և կոնտակտային տվյալների անհիմն հավաքագրման միջոցով։ Այս գործողությունները խախտում են մասնակցության ազատության և անձնական տվյալների պաշտպանվածության սկզբունքները։

Բացի այդ, ՀՔԱՎ-ը միաժամանակ ևս չորս կազմակերպությունների հետ՝ վիճարկում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու որոշումը, որը հակասում է համայնքի շահերին։

Այս գործընթացներին զուգահեռ ՀՔԱՎ-ը նախապատրաստում է ևս երկու դատական հայց՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման հիմքով՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ գլխավոր դատախազության դեմ։

ՀՀ ազգային ժողովի դեմ ներկայացվող հայցադիմումով պահանջվում է ներկայացնել 2016թ․ ապրիլյան քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։

ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացվող հայցադիմումներով պահանջ է ներկայացվում տրամադրել ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր և պայմանագրային զինծառայողների մահվան դեպքերի թիվը և ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր և պայմանագրային զինծառայողների մահվան ելքով դեպքերի փաստով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։Հայցերի նպատակն է ապահովել, որ պետական կառույցները կատարեն իրենց՝ օրենքով ամրագրված պարտականությունները և ապահովեն հանրությանը վերաբերող տեղեկությունների ամբողջական ու ժամանակին տրամադրումը։

ՀՔԱՎ-ը շարունակելու է հետևողականորեն պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները և պայքարել այն պետական գործողությունների դեմ, որոնք խախտում են ազատության, թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքները։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930