Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր շարունակվում է «Լելե Թեփե»-ի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում հարցաքննվում են վկաները։ Այս գործով վկա` 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողներից մեկը մանրամասներ պատմեց հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածի ռազմական գործողությունների մասին։ Նա ասաց, որ իրենց գործողությունների ժամանակ հրամանատարական կազմից տեսել է տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանին, որն այս գործով մեղադրյալներից է։ «Մեր տանկն անսարք էր, պարոն Մնացականյանն ուրիշ տանկ նստեց, որպեսզի ղեկավարեր գործողությունները»,- ասաց վկան։
«Ձեզ ասվե՞լ էր, որ եթե հակառակորդը հանդիպի, ինչ գործողություններ պետք է անեք»,- հարցրեց հանրային մեղադրողը։ Վկան դրական պատասխան տվեց։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ Մնացականյանի տանկը կողաշրջվել էր։ «Ի՞նչ էր անում պարոն Մնացականյանը»,- հարցրեց հանրային մեղադրողը։ «Փորձում էր անձնակազմին դուրս բերել»,- պատասխանեց վկան։
Նշենք, որ «Լելե Թեփե»-ի օպերացիայի գործով մեղադրյալներից թվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը։
Ըստ քրեական վարույթի՝ «8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի՝ «Ցոր»-ի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, Արթուր Օհանյանը ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն՝ հարձակման անցնել Հորադիզի արեւմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ եւ վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների եւ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները»։
Արթուր Օհանյանի հետ միասին այս գործով մեղադրյալ են նաեւ զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գեղամ Աբրահամյանը եւ տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը։
Արթուր Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գեղամ Աբրահամյանի եւ Գեղամ Մնացականյանի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):
Նախորդ դատական նիստում Արթուր Օհանյանը, ի պատասխան դատախազի ներկայացրած փորձագիտական եզրակացության, հարցադրում էր արել՝ ինչո՞ւ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ են զբաղեցնում բանակում։
«Լելե Թեփե»-ի գործով պաշտպանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում եւ տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որեւէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որեւէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով նաեւ «Լելե Թեփե»-ի ձախողված օպերացիայի մասին, պատասխանատվությունը բարդել էր զինվորականների, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի որդու վրա։ Սեյրան Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, «Լելե Թեփե»-ի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































