Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային իշխանության մակարդակով ոչնչացվում է երևանցու առողջությունը․ Քրիստինա Վարդանյան

Նոյեմբեր 21,2025 18:02

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հացենիների հատմանը՝ նշելով, որ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը նորմայից 5 անգամ պակաս է, և բնակչությունը թթվածնաքաղցի ու թունավորման ռիսկի մեջ է։

Նրա գրառումը կիսել էր ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը՝ նշելով, որ այդ անեծքի տակից չենք կարողանալու դուրս գալ, և կատարվածը հավասարազոր է օրը ցերեկով, փողոցում, բոլորի ներկայությամբ մարդ անդամահատելուն։

«Տիգրան Մեծ, Ագաթանգեղոս և այլ փողոցներում հատվել են ծառեր։ Իրենց մոտ դրա վերաբերյալ միայն մեկ հիմք կա՝ ծառերի փոխարինման ծրագիր։ Առհասարակ, փողոցի երկայնքով հատվող ծառերի հետ կապված նման մեթոդաբանություն չի կիրառվում։ Այսօր ամբողջ աշխարհը ամեն տերևի համար պայքարում է, որովհետև կլիմայի գլոբալ փոփոխություն է տեղի ունենում, իսկ փողոցների ծառերը այգիների, պուրակների ծառեր չեն, դրանք շատ ուրիշ սանիտարահիգիենիկ ֆունկցիա են իրականացնում՝ օդափոխության միջանցքներ և այլն։

Այն, ինչ արվում է, ուղղակի կոտրում է քաղաքի կանաչ կարկասը։ Հասկանալի է, որ վերականգնվելը լինելու է տասնամյակների ընթացքում, բայց ցավոք սրտի, նաև այն ծառատեսակները, որոնք իրենք ընտրել են՝ գնդաձև փոքրիկ պարտեզային ձևերը, որոնք տնկված են Սայաթ-Նովայում, Մոսկովյանում ու շատ այլ տեղերում, չեն մեծանում։ Մենք այս իշխանության փոփոխությունից հետո ստիպված ենք լինելու նաև փողոցներում կանաչապատման նոր գործընթացներ իրականացնել։ 10–13 տարի այդ ծառերը չեն փոխվելու, ինչպես նախկինում Երևանում տնկված գնդաձև ակացիաները, որոնք 3 մետրից ավել չբարձրացան։

Ամենակարևորն այն է, որ Երևանը հարավային քաղաք է։ Մենք ունենք արևի ուլտրամանուշակագույն քաղցկեղածին ճառագայթներից և ջերմային սթրեսից բնակչության պաշտպանության հարց, իսկ ստվերի մակերեսը ուղիղ համեմատական է ծառի սաղարթի լայնությանը և ծառի բարձրությանը։ Ինչքան լայն ու խիտ սաղարթ ունենա ծառը և ինչքան բարձր լինի՝ այդքան լինելու է մեծ ստվերային ծածկ ու խիտ ստվեր, այսինքն՝ այն, ինչ մենք ունեինք մինչև այս ծառերը հատելը։ Հիմա ունենք արևի բաց հասանելիություն, ասֆալտը տաքանում է մինչև 70 աստիճան, մարդիկ կանգառում կանգնած են՝ առանց կանգառասրահների, կիզիչ արևի տակ և իմ նշած ազդեցության ներքո են գտնվում։ Նաեւ չպետք է մոռանալ օդի աղտոտվածության ցուցանիշի մասին, որը Երևանում սարսափելի վիճակում է, հատկապես աշնան և ձմռան ընթացքում։ Քաղաքը գերկառուցապատվում է, ինչը խաթարում է օդի բնականոն շարժը։ Որպես պատնեշներ են օդափոխության միջանցքների ճանապարհին այդ նոր շենքերը, արդյունքում մենք ունենում ենք հիգիենիկ տեսանկյունից բոլոր ստանդարտների խաթարում»,– Aravot.am-ի հետ զրույցում նշեց տիկին Վարդանյանը։

«Ես ուղղակի սարսափում եմ բոլոր այն հետևանքներից, որոնք մեր բնակչությունը, ցավոք սրտի, կրելու է։ Ես անընդհատ ասում եմ, որ Երևանում ունենք ընդամենը 4 % ապահովվածություն, երբ ստանդարտը ընդհանուր օգտագործման տարածքների համար պահանջում է 20 %։ Մենք ունենք 5 անգամ պակաս կանաչ տարածքներ։ Բայց սա մինչև ծառերի փոխարինման ծրագիրն էր, երբ դեռ կային մեծ սաղարթներով ծածկված փողոցներ, իսկ հիմա, երբ ամբողջ փողոցի երկայնքով դրանք զանգվածային հեռացվել են, ունենք եռացող շենքերի քարե մակերեսներ և ասֆալտի բաց ծածկ։ Քաղաքային իշխանության մակարդակով ուղղակի ոչնչացվում է երևանցու առողջությունը։

Փոխանակ գումարները ներդրվեին կանաչապատման մեջ՝ բնակչությանը պաշտպանելու համար, որովհետև կանաչապատումը առողջապահական գործիք է շրջակա միջավայրի ռիսկերը կառավարելու և մեղմացնելու համար, մենք անում ենք ուղիղ հակառակը․ հանում ենք խոշոր սաղարթները, նրանց փոխարեն բերում ենք այնպիսի ծառատեսակներ, որոնք այգեպուրակային տարածքների համար են և մեր կլիմայական գոտում ավելի վնասվող են։ Նույն Ալբիցիան, որ Ալեք Մանուկյան փողոցում տնկվել է, ցրտից վախենում է, և եթե Երևանում լինի մինուս 20 աստիճան՝ մենք կկորցնենք ամբողջ փողոցի ծառերը»,– հավելեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց, որ ԽՍՀՄ-ի ժամանակ փողոցներում նման ծառատեսակներ չեն տնկվել, դրանք եղել են այգեպուրակային տարածքներում։
«Դա ևս մեկ ապացույց է, որ խորհրդային տարիներին եղել է գիտահեն դպրոց, իսկ հիմա ուղղակի քաղաքապետարանի քմահաճույքներին համապատասխան։ ՀՈԱԿ-ի տնօրենը սակուրա է սիրում, Հուդայածառ է սիրում, կամ Ալբիցիա է կյանքում ինչ-որ տեղ հանդիպել, ու հիմա բերել են այդ ծառերով ողողում են քաղաքը, և կան գիտնականներ, որոնք այս ամենի տակ ստորագրում են։ Տասնյակ անգամ պահանջել ենք հիմքեր՝ գոնե մեկ գիտական ամսագիր ցույց տան, ցույց չեն տվել»,– հավելեց ավագանու անդամը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ իր հերթին հայտարարություն էր տարածել և նշել, որ Տիգրան Մեծ պողոտայում և Ագաթանգեղոսի փողոցում կատարվել են մայթերի բարեկարգման աշխատանքներ, անցկացվել է ոռոգման համակարգ, ինչը երկար տարիներ բացակայել է։ Միևնույն ժամանակ հատվել են մոտ 80 տարեկան բարդի և կենսունակությունը կորցրած, փտած, տապալման ենթակա հացենիներ։ ՀՈԱԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Քրիստինա Վարդանյանի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը և գրեթե 3 տարի սթրեսի մեջ են պահում երևանցիներին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930