Այսօր ունեցել եմ բարդ աշխատանքային օր, և ուզում եմ կիսվել հակասական զգացողություններով։
Մի կողմից, հնարավորություն եմ ունեցել՝ բարձրաձայնելու Հայաստանում քաղբանտարկյալների՝ օր օրի վատթարացող վիճակի մասին, մյուս կողմից առնչվել եմ իշխող քաղաքական ուժի անհաղորդ, քարացած դիրքորոշմանը։
Հայաստանի Հանրապետությունում ահագնացել են քաղաքական ճնշումները: Անհերքելի է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, և դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրավական իրողություն։ 60-ից ավելի ՀՀ քաղաքացի քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման, նրանից գրեթե 40-ը անազատության մեջ են։ Այս խնդիրներն եմ այսօր ներկայացրել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծով։
Հայաստանում այսօր կան մարդիկ, որոնք կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խոսքի ու դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում. նրանք դասական քաղբանտարկյալներ են։
Կարդացեք նաև
Քաղբանտարկյալի կարգավիճակը հավաստվում է ԵԽԽՎ 2012 թվականին ընդունած թիվ 1900 բանաձևով, որով փաստվում է, որ անձը քաղբանտարկյալ է, եթե՝
– Կալանավորումն իրականացվել է ՄԻԵԿ և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ, բացառապես քաղաքական պատճառով՝ առանց որևէ հանցանքի հետ կապելու:
– Քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է կասկածյալ կամ մեղադրյալ:
– Քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ և կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ։
Այս ամենին գումարենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 18-րդ հոդվածը և դրանից բխող՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների կիրառելիությունն ու վերաբերելիությունը:
Քաղբանտարկյալներից շատերը մարդկանց հայտնի են, սակայն կան անուններ, որոնք քչերն են լսել։ Ցանկը ցավալիորեն երկար է, և կա այդ ցանկի ընդլայնման անհանգստացնող միտում։
Քաղբանտարկյալների վերաբերյալ հիմնավորումներին իշխանականների կողմից բերվում է երկու հակափաստարկ.
- Քաղբանտարկյալներ եղել են նախորդ իշխանությունների օրոք։
Իհարկե, նախորդ իշխանությունների օրոք ևս եղել են վիճելի դեպքեր և կասկած հարուցող օբյեկտիվությամբ դատական պրոցեսներ։ Սակայն այսպիսի անտրամաբանական կառուցվածքի, հետապնդման այս ծավալների գործեր, այն էլ՝ հայ բարձրաստիճան հոգևորականների հանդեպ հետապնդումներով, երբևէ չեն եղել։ Ընդամենը արտաբերած խոսքի համար ամիսներ տևող կալանավորումներ երբեք չեն եղել։ Ի վերջո, նախորդ իշխանությունները եղել են քսանյոթ տարի, տասնյոթ տարի, յոթ տարի առաջ։ Բայց չէ՞ որ մենք խոսում ենք այսօրվա´ բանտարկյալների մասին, մեր ներկայի´ մասին, որը խեղում է հարյուրավոր մարդկային կյանքեր։ Մենք խոսում ենք ապագայի մասին։
- Միջազգային կառույցների կողմից չկա որևէ զեկույց, որտեղ կարձանագրվի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։
Այո, սա լուրջ խնդիր է։ Բայց սա առաջին հերթին միջազգային կառույցների խնդիրն է։ Ցավոք, այսօր միջազգային կառույցները խոր ճգնաժամի փուլում են։ Մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման և էթնիկ զտման ժամանակ։ Մենք պետք է ֆիքսենք այդ իրողությունը և հաշվի նստենք այդ հանգամանքի հետ։ Այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական պատկերը։ Վաղը կփոխվի իրավիճակը, կփոխվեն նաև միջազգային կառույցների մոտեցումները։
Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































