207 մլն դրամի դրամաշնորհ՝ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին․ կառավարությունը 2020 թվականից հենց այդքան, այսինքն՝ շուրջ 550 հազար դոլար է տրամադրել կազմակերպությանը։
Փաշինյանի կառավարությունը պետբյուջեից պատկառելի չափով գումարը տրամադրել է հինգ տարիների ընթացքում՝ գաղտնի որոշումներով և առանց մրցույթի։ Նշենք, որ ՀԿ-ի հիմնադիր Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ից մինչ այժմ զբաղեցնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։ 2025 թվականի հունվարի 30-ին էլ նա նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։
Վարդան Ազատյանը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ, երբ 2019 թվականին՝ հեղափոխության մեկամյակի առթիվ, հեղինակեց «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։ Իսկ ի՞նչ հանձնառություն է ստանձնել Ազատյանը 2020-2025 թվականներին հարկատուների գրպանից ստացած միլիոնների դիմաց․ նրա հիմնադրած ՀԿ-ից Factor TV-ի գրավոր հարցմանը հստակ պատասխաններ չեն տրամադրել։
Փոխարենը, առաջարկել են ուսումնասիրել modernities.am կայքում հրապարակված բովանդակությունը։ Այս ընդհանրական պատասխանից ենթադրելի է, որ կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները ստեղծվել են պետական ֆինանսավորմամբ։
Կարդացեք նաև
Factor TV-ն ուսումնասիրել է «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» հայեցակարգը։ Աշխատությունում կոչ է արվում վերանայել պետության մասին ավանդական ընկալումը՝ պետությունը դիտել ոչ թե որպես կորսվածը վերականգնելու կատարյալ, զգայական նպատակ, այլ որպես իր սահմանների մեջ ապրող մարդկանց կյանքի գործնական պայման, արդիականացման գործիք և մշակույթ ձևավորող իրականություն։
Այս թեզն ավելի խոսակցական բառապաշարով «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանրությանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստան» բանախոսության ընթացքում։
Թե՛ Ազատյանի հայեցակարգում, թե՛ Փաշինյանի ելույթում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ պետք չէ գնալ կորսված հայրենիքի հետևից։ Չնայած դրան, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ գումարներն Ազատյանի ՀԿ-ին չեն տրվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ստեղծման և տարածման համար։
Թողնելով մասնագետների ուսումնասիրությանը, թե որքանով են Փաշինյանի և Ազատյանի մտքերն օգնում քաղաքացու և պետության կապի ամրապնդմանը, անդրադառնանք գումարի հատկացման մեխանիզմներին։ 550 հազար դոլարը Ազատյանի ՀԿ-ին տրվել է Կառավարության գաղտնի որոշումներով, առանց մրցույթի։
Այս որոշումները գաղտնազերծվեցին այն բանից հետո, երբ Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ կառավարությանը և խնդրեց տրամադրել պետբյուջեից Հասարակական կազմակերպություններին տրվող գումարի չափն ու բյուջեն։
Վարչապետի աշխատակազմը Factor TV-ին հայտնեց, որ որոշումների գաղտնազերծումը հնարավոր է դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































