Հաջորդ տարի ավարտվում է գործող կառավարության հնգամյա ծրագիրը, գումարած՝ սպասվում են ընտրություններ, ուստի կարևոր է համադրել հանրային սպասումները, իշխանության խոստումների կատարման գնահատականները, ապագայի տեսլականները:
Իսկ ի՞նչ ունենք առաջին հերթին խոստումների մասով: Նախ՝ պետք է արձանագրել, որ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները՝ հատկապես աղքատության մակարդակի նվազեցման, կենսաթոշակառուների ու նպաստառու խմբերի կենսապահովման, աշխատող աղքատության և եկամուտների արդար բաշխման հարցում փաստացի չեն կատարվել: Սա ոչ միայն վիճակագրական թվերի հարց է, այլև մարդկանց կյանքի իրական որակի, սոցիալական ապահովության և պետության նկատմամբ վստահության խնդիր: Կառավարության հնգամյա ծրագրի ամենամեծ սպասումներն ու ուշադրությունը կենտրոնացած էին հենց սոցիալական խոստումների վրա: Աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի շոշափելի աճ, համատարած երջանկության խոստումներ՝ սրանք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական հայտարարություններn էին, այլև կառավարության ծրագրային փաստաթղթի մաս:
Ավելին, կոնկրետ ցուցանիշներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ոչ միայն խոստումների կատարումն է հեռու իրականություն դառնալուց, այլև անգամ առկա է որոշ ցուցանիշների վատթարացում:
2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, մինչդեռ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով, իսկ անապահով ընտանիքի նպաստի միջին չափն ավելացել է ընդամենը 3-4 հազար դրամով: Այսինքն, սոցիալական աջակցության ավելացումը համընթաց չի եղել գնաճին և սպառողական զամբյուղի թանկացմանը, ինչի հետևանքով խոցելի խմբերի իրական եկամուտները ոչ միայն չեն ավելացել, այլև գնողունակության տեսանկյունից նվազել են:
Կարդացեք նաև
Պետական պարտքի իրավիճակն առավել մտահոգիչ է: Վերջին 7 տարին պետական պարտքը ավելացել է ավելի քան 7 միլիարդ դոլարով՝ գրեթե կրկնապատկվելով, ինչը նշանակում է, որ տարեկան միջինը 1 միլիարդ դոլար ավելացել է մեր ընդհանուր պարտքային բեռը: Սա բերում է նրան, որ բյուջեի եկամուտների շուրջ 12 տոկոսը ուղղվում է միայն պարտքի սպասարկմանը՝ տոկոսների վճարմանը, ինչը սահմանափակում է սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:
Աղքատության մակարդակի և սոցիալական խնդիրների խորացման հարցում վիճակագրական տվյալները ևս ինքնին խոսուն են: 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոս, մինչդեռ վերջին հրապարակված՝ 2023 թվականի ցուցանիշներով, աղքատությունը ոչ միայն չի կրճատվել, այլև աճել է՝ հասնելով 23,7 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը՝ 1,1 տոկոսի: Սա բացարձակապես հակասում է կառավարության ներկայացրած խոստումներին: Ավելին, կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը շարունակում է մնալ աղքատ կամ ծայրահեղ աղքատության շեմին, իսկ նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ պայմանավորված աշխատանքային ստաժի կրճատմամբ ու համակարգային փոփոխություններով: Սա նշանակում է, որ նույնիսկ կենսաթոշակային համակարգը չի կարողանում ապահովել տարեցների կենսապահովման նվազագույն մակարդակը:
Այսպիսով, ըստ էության, գործող սոցիալտնտեսական քաղաքականությունն առերևույթ չի համապատասխանում հանրային սպասումներին և ծրագրային խոստումներին, իսկ առանց խորքային փոփոխությունների և պատասխանատու մոտեցման՝ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարն առավել քան մշուշոտ է։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































