Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի ղեկավարը քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար․ «Փաստ»

Նոյեմբեր 22,2025 10:30

Նախօրեին ՔՊ ղեկավարը հայտարարեց, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները պետք է վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից: Ավելին, նա նշեց, թե «մարդիկ զզվել են «ներկա-նախկինից»:

Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներքին թշնամանք ու ատելություն սերմանող անձնավորությունը, ի դեպ, զուգահեռաբար սկսել է խոսել «քաղաքական բարեկրթության», վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին: Շշմելու բան է, չէ՞…

Բայց դա հարցի հուզական կողմն է, ու պարզապես արձանագրենք և կենտրոնանանք նրա հայտարարությունների «նյութական» կողմերի վրա, որն առավել հետաքրքիր է:

Ի՞նչ է պարզորոշ ակնարկում Փաշինյանը՝ խոսելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներին քաղաքականությունից հեռացնելու մասին: ՔՊ-ի ղեկավարը այդպիսով քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար: Դա կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին «չարտոնելը», այսինքն՝ չգրանցելը, քրեական նոր վարույթներ «կարելը» և այլն:

Ըստ էության, Փաշինյանի ասածը մի կողմից «փորձնական խայծ» է՝ պարզելու համար, թե ինչ արձագանք կլինի, իսկ մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ «մոլդովական տարբերակը» Հայաստանում կիրառելու, այսինքն՝ մրցակից ուժերին ընտրություններից առաջ մեկուսացնելու, քաղաքական մրցակցային դաշտը նեղացնելու հիմքեր է ձևավորում: Պատահական չէ, որ Փաշինյանը վերստին հիշել է «գործակալների» թեման: Նույն «դաշտից» են նաև Փաշինյանի ու նրա քարոզիչների խոսակցությունները ընդդիմադիրների հասցեին, թե վերջիններս «վնասում» են ազգային անվտանգությանը, Ռուսաստանի կամ չգիտես, թե էլ ում հետ կապեր ունեն, այս, այն:

Կարճ ասած՝ «մոլդովական սցենարի» ավելի խիստ տարբերակի հիմքերն է գցում:

Զուգահեռ այս թեմայով հենց իշխանություններին հարողները, նրանց սատելիտները՝ 0,1-0,9 տոկոսանոց «քաղաքական ուժերի», մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են աղմկում: Նրանց դեպքում հասկանալի է՝ եթե հիմնական ուժերը չմասնակցեն, մեկ էլ տեսար՝ իրենք խմբով մի 5 տոկոս տարան ու ձեռք բերեցին պատգամավորի մի քանի բաղձալի մանդատ:

Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ՝ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի:

Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: Ուրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվո՞ւմ: Ու ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի:

Հ.Գ.-Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ հանդիպում է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի մասնակցությամբ, որի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկին հորդորվել է «վերևներին» հասկացնել, որ եթե փորձեն խաղարկել «մոլդովական սցենարը», այսինքն՝ տեռորի ենթարկեն ընդգծված հակառուսական տրամադրություններ չունեցող ուժերին, թույլ չտան մասնակցել ընտրություններին, շարունակեն շահարկել Ռուսաստանի անունը մասնավորաբար «ագենտների» կեղծ թեզերով, ապա «հանկարծ» կարող են հրապարակվել ուշագրավ տվյալներ, թե իրականում ով է ում «ագենտը»…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930