Հայաստանի ժուռնալիստների միության շենքը առգրավվում է իշխանության կողմից։ Սա, ի թիվս այլնի, հիշատակելով՝ Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական բեւեռի հովանու ներքո անցկացված, «Քրիստոնեության դեմ հալածանքները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը։
«Կարծես թե Հայաստանը հետեւում է իր հարեւան Վրաստանի օրինակին՝ շարժվելով ազատության ոտնահարման ճանապարհով», – ասաց Դոկտոր Վելդքեմպը։
Նշելով Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար միջնորդությամբ իրականացվող TRIPP նախագիծը՝ Վելդքեմպն ասաց․
«Մենք մտահոգ ենք, եւ կարծում ենք, որ նախագահ Թրամփը նույնպես պետք է մտահոգ լինի, քանի որ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը այս ամենի (խաղաղության ու TRIPP նախագծի – Ա․Ա․) կյանքի կոչումը վտանգի է ենթարկում։
Կարդացեք նաև
Տարիներ ի վեր Հայաստանը եղել է տարածաշրջանի ամենաազատ երկիրը, բայց անգամ դեպի Արեւմուտք իր թվացյալ շրջադարձի ֆոնին, Հայաստանի կառավարությունը ստեղծում է ավտորիտար նոր քաղաքական համակարգ:
Հայաստանը, որտեղ տրորվել է չափազանց պայծառ քաղաքացիական հասարակությունը, որտեղ մարդիկ վախենում են խոսել, երկխոսել, կազմակերպվել, որտեղ քաղաքականություն է թելադրում օր օրի ավելի անկանոն, անհաշվետու եւ վարկանիշ կորցնող վարչապետ, Միացյալ Նահանգների համար կլինի փխրուն դաշնակից, եւ դա լավագույն դեպքում»։
Վարչապետ Փաշինյանի տեսլականը, Վելդքեմպի խոսքով, մի Հայաստան է, որտեղ առանց պետության հավանության Եկեղեցին չի կարողանա որեւէ քաղաքական կամ հասարակական ազդեցություն ունենալ։
«Եկեղեցին այլեւս չի գործի որպես պետության եւ հասարակության միջեւ միջնորդական հաստատություն։ Այն այլեւս չի կրի բարոյական իշխանություն՝ լուսավորության, միասնության եւ հայ ազգի ընդհանուր տեսլականի ձեւավորման համար։ Կլինեն 3 մլն անհատ հավատացյալներ, որոնք կայցելեն պետության կողմից նշանակված հոգեւորականների եկեղեցիներ։ Նրանք միմյանց հետ կապակցված կլինեն մեծամասամբ կամ ամբողջապես պետության միջոցով», – ասել է նա։
Վելդքեմպն իր ելույթի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, որ ազգային եւ քրիստոնեական ինքնությունը կորցրած Հայաստանը չի կարող օգտակար լինել Միացյալ Նահանգների համար։
«Եթե նախագահ (Թրամփը) ցանկանում է խուսափել այդ արդյունքից, ԱՄՆ կառավարությունը պետք է խախտի լռությունը», – ելույթը եզրափակեց Վելդքեմպը։
Վելդքեմպի ելույթն ամբողջությամբ՝ 34:30-ից։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































