Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետի անունը պատարագին չհիշատակելը հակականոնական է, եւ դա կունենա իր հետեւանքները. տեր Եսային՝ տեր Թադեի մասին

Նոյեմբեր 22,2025 17:30

Թալինի տարածաշրջանային հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը նոյեմբերի 21-ին հրավիրվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի քննարկմանը: Ինչպես կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանն ու  Վարդան Հունանյանը, տեր Թադեն եւս իր ձեռամբ մատուցած պատարագի ժամանակ, որին ներկա էր Նիկոլ Փաշինյանը, չէր հիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:

Aravot.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանից փորձեց մանրամասներ պարզել՝ ի՞նչ է քննարկվել եւ արդյոք հոգեւորականը կարգալույծ կհռչակվի, ինչպես այդ լուրը շրջանառվում է մամուլում: «Երեկ տեղի ունեցավ կարգապահական հանձնախմբի նիստը, տեր Թադեն ներկայացավ նիստին, հանդիպումը կայացավ, հետագայում արդեն կարգապահական հանձնախումբն իր եզրակացությունը կանի եւ ըստ պատշաճի նաեւ կտեղեկացնի»,- ասաց տեր Եսային:

Մեր դիտակմանը, որ տեր Թադեն եւս կարգալույծ հռչակված քահանաների նման պատարագի ժամանակ չի տվել Վեհափառ Հայրապետի անունը, արդյոք դա ինչ-որ հետեւանք կունենա՞, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն այսպես արձագանքեց. «Բնականաբար, Վեհափառ Հայրապետի անունը պատարագին չհիշատակելը հակականոնական է, անպայման անդրադարձ կլինի դրան, եւ դա կունենա իր հետեւանքները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին տեր Թադեն հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս Հովհաննավանքի նախկին հոգեւոր հովիվ, արդեն կարգալույծ  հռչակված Ստեփան Ասատրյանին: Նա նաեւ նշել էր, թե, իբր, եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930