«Հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում այսօր ՀՀ-ում ուսուցիչը, որը նույնպես պետական մարմնի աշխատող է, կարող է ստանալ 700 հազար դրամ վարձատրություն, շարքային զինվորականը կարող է ստանալ 700 հազար դրամ վարձատրություն»,- Մարզահամերգային համալիրում ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների 1-ին համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով իրեն այս հարցում հակադարձողներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ի պատասխան կան հերքում տարածող հարգելի ուսուցիչներ, որոնք ասում են՝ ճիշտ չէ․ ես ուսուցիչ եմ և 75 հազար դրամ վարձատրություն եմ ստանում։ Սա այլոց շարքում նույն օրակարգին է վերաբերվում՝ կրթական օրակարգին և կամավոր ատեստավորում չանցնելու հետևանք է։ Մենք չենք ասում՝ բոլոր ուսուցիչները ստանում են 700 հազար դրամ վարձատրություն և ասում ենք այն պատճառով, որ այսօր ՀՀ-ում կան նման ուսուցիչներ»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ՀՀ-ում այդպես էլ չի հաջողվում հանրային համերաշխություն և միասնականություն ձևավորել։ Նա այս առիթով հայտարարեց․ «Չի հաջողվում, որովհետև մեզանում չի ընկալվում այն իրողությունը, որ հանրային համերաշխության ու միասնականության ապահովման համար նույնպես պայմանական ասած՝ աերոդինամիկա է հարկավոր։ Պետության երկարատև տեսլականի վերաբերյալ հակադիր ու մեկը մյուսին բացառող կարծիքները չեն կարող հանրային համերաշխության հիմք դառնալ։ Հանրային համերաշխությունը կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարատև տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































