Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ի երեկոյան Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ մնացյալ հայորդիների համար:
«Քանի որ մեր 3 սրբազանները՝ Շիրակի, Տավուշի եւ Արագածոտնի թեմն են ներկայացնում, մենք՝ 3 թեմերի հոգեւորականներով խնդրեցինք Վեհափառ հորը, օրհնություն ստացանք, որ այսօր կատարվի Սուրբ եւ անմահ պատարագ: Մեր առաջին նպատակը հետեւյալն է. ճիշտ է, Աստված ամեն բան գիտի, ամեն բան տեսնում է, բայց մենք Աստծուն ցույց կտանք, որ միասին ենք, պինդ ենք, ամուր ենք, կուռ ենք: Նաեւ ուզում ենք, որ բոլորը տեսնեն, որ մենք առանձին-առանձին չենք, որովհետեւ վերջին շրջանում շատ են այդ հարցը տալիս՝ արդյոք եկեղեցին միաբա՞ն է: Մենք ուզում ենք ասել, որ եկեղեցին միաբան եղել է, կա ու կմնա, դրա համար Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ այսօր այստեղ ենք՝ Սուրբ պատարագի»,-ասաց տեր Փառեն քահանա Պետրոսյանը:
«Մենք միշտ աղոթում ենք մեր թեմի առաջնորդի, մյուս սրբազանների, մեր տեր հոր , ինչպես նաեւ բոլոր անօրինյալ կալանավորների եւ գերյալների համար: Այսօր էլ միասնաբար 3 թեմերի հոգեւորականներով, ժողովրդով եւ հավատացյալներով պետք է աղոթք անենք արդարության վերականգնման համար, որպեսզի արդարությունը վերականգնվի եւ բոլորն ազատութան մեջ լինեն»,- նշեց տեր Մակար քահանա Գալամդարյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Վեհափառ Հայրապետի դեմ գործող հոգեւորականներին, այս մասին էլ՝ պատասխանելով լրագրողի հարցին, տեր Մակարն այսպես ասաց. «Նրանք ոչ թե ընդվզում են Վեհափառ Հայրապետի դեմ, այլ եկեղեցու կարգն են խախտում, եւ դրա համար է, որ կարգալույծ են լինում: Միշտ էլ եկեղեցու դեմ հալածանք եղել է, եւ չարը միջոցներ է ման գալիս, որ եկեղեցու դեմ հալածանք լինի, թերևս սա էլ այս ժամանակաշրջանի հալածանքն է, որ բաժին է հասել մեր եկեղեցուն եւ հոգեւորականներին: Եվ եկեղեցին պետք է այս հալածանքն էլ հաղթահարի՝ ավելի հզորացած, ավելի մաքրագործված դուրս գալով, իսկ հալածանքների ժամանակ միշտ էլ լինում են թուլացողներ, պետք է ժողովուրդը շատ աղոթք անի հոգեւորականների համար, որ չթուլանան, որովհետեւ տկարությունը մարդկային մեղք է:
Տկարանում են, դրանից են գալիս խնդիրները: Իսկ եթե իրենց պարտադրվում է Վեհափառ Հայրապետի, թեմակալ առաջնորդի անունները չմատնանշել պատարագի ժամանակ, եւ իրենք էլ գնում են դրան՝ եկեղեցու կարգը խախտելով, նշանակում է՝ թուլացել են»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































