ՀՀ իշխող համակարգի վարած արտաքին քաղաքականության նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարավորինս մերձենալն է: Շատերն այն կարծիքին են, որ դա վաղուցվա խնդիր է եւ ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխմանը՝ դեպի Արեւմուտք: Իսկ Արեւմուտք գնալու համար ճանապարհը, բնականաբար, Թուրքիան է, որի հետ հարաբերությունները նախ պետք է կարգավորել: Առաջին պլանում, ինչպես ենթադրվում է, ամենազգայուն հարցերն են՝ 1915թ. Հայոց ցեղասպանության թեման եւ այն խորհրդանիշները, որոնց վրա պատկերված է Արարատ լեռը: Թուրքիան հորդորում է ազգային խորհրդանիշներից հեռացնել Արարատի պատկերը եւ փակել Ցեղասպանության հարցը:
Դեռեւս 90-ական թվականներին կար քաղաքական մի խումբ, որն այդ գաղափարն էր առաջ քաշում՝ համոզմունք հայտնելով, որ 1915-ի ողբերգական իրադարձություններն ունեցել են որոշակի աշխարհաքաղաքական պատճառներ: Այսինքն՝ Ռուսաստանը եւ Թուրքիան պատերազմական գործողության մեջ էին, որի ժամանակ էլ, ըստ թուրքական տեսակետի, օգտագործում էին հայերին: Եվ պնդում էին, թե հայերն ինչ-որ առումով մեղավոր են, քանի որ թույլ են տվել ռուսներն իրենց օգտագործեն ընդդեմ թուրքերի: Հիմնավորում էին նրանով, որ հայերը Թուրքիայում հարյուրավոր տարիներ խաղաղ ու հանգիստ ապրել են, որեւէ խնդիր չեն ունեցել, ավելին՝ տնտեսական եւ մշակութային զարգացում էին ապրում մինչ ռուսները:
Այդպիսով՝ Թուրքիան, փոխանակ առերեսվելու իր պատմության հետ, փաստորեն, Արեւմուտք գնալու գին է սահմանել Հայաստանի համար՝ Ցեղասպանության խնդրի վերանայում: Եվ հատկանշականն այն է, որ այսօր ՀՀ իշխանության մեջ գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հակված են վերարժեւորելու անցած դարասկզբի մեր պատմության աղետալի էջերը: ԱԺ իշխանական պատգամավորներից մեկն ասում է՝ մեկուկես միլիոն զոհերի թիվը պետք է անուն առ անուն ճշտել՝ պարզելու համար, թե քանի հոգի է զոհվել եւ ինչ հանգամանքներում: Իշխանամերձ այլ շրջանակներից էլ տեսակետ է հնչում, թե հայերն, իբր, իրենց սխալ են պահել:
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, եւ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ 2025թ. հունվարին տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է վարչապետը։ Վերջինս ոչ միայն կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, այլեւ Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն քննադատության սլաքն ուղղում է հայերի կողմը:
Կարդացեք նաև
1915թ. Հայոց ցեղասպանության վերաքննության գաղափարը Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել նաեւ խոհափիլիսոփայական իր տրակտատներից մեկում՝ «Պատմական Հայաստան եւ Իրական Հայաստան» երկում: Թեմայի վերաբերյալ կառավարող քաղաքական ուժի ու նրա արբանյակների պաշտոնական մոտեցումները, ըստ էության, ներհակ են գիտական մեկնաբանություններին, հայտնի հեղինակների, այդ թվում նաեւ թուրք պատմաբանների եզրահանգումներին: Անհիմն են բոլոր այն պնդումները, թե մեղքը Թուրքիայում բնակվող հայերինն է, հայերն, իբր, իրենց «սխալ են պահել» կամ այլ պետությունների կողմից օգտագործվել են ընդդեմ Թուրքիայի ու թուրք ժողովրդի:
Հեռու չգնանք, բերենք մի քանի օրինակ Թուրքիայի 20-րդ դարի պատմությունից, որտեղ չեն եղել ո՛չ արտաքին քաղաքական հետք եւ ո՛չ էլ տեղի փոքրամասնություններն իրենց առանձնապես «սխալ» են պահել, բայց, միեւնույն է, թուրքի յաթաղանից չեն խուսափել: Այսպես՝ 1937-38թթ, Դերսիմ: Ուծացման կամ տեղահանության պատրվակով թուրքերը հարձակվում են մի քանի գյուղերի վրա, որտեղ քուրդ-զազաներ եւ կրոնափոխ հայեր էին բնակվում: Սպանվածների թիվը՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 14 հազար, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մոտ 70 հազար: Հաջորդը՝ 1955թ., հույների ջարդ Ստամբուլում, որտեղ շուրջ 100 հազար հույն կար: Բարեբախտաբար՝ մեծամասնությունը հասցնում է լքել քաղաքը: Ստամբուլում այժմ 2 հազար հույն է ապրում:
Օրինակների ցանկը մեծ է: 1978-ին ալեւիների ջարդեր եղան Մարաշում, որտեղ 8-10 հազար ալեւի ընտանիք կար, կրոնով շատ մոտ՝ Սիրիայի ալեւիներին: Այդ օրերին, ըստ տարբեր գնահատականների՝ 150-500 զոհ են տալիս: Էլ չասած՝ Սիրիայի ալեւիների ցեղասպանության մասին, որ վերջերս տեղի ունեցավ Սիրիայի արեւմուտքում՝ այն այժմ թուրքական ազդեցության գոտի է: Փաստերը վկայում են, որ թուրքերի կողմից այլազգի ժողովուրդների ջարդերը ո՛չ Առաջին համաշխարհային պատերազմի պատեհությամբ են պայմանավորված, ո՛չ վերջիններիս՝ արտաքին ուժերին ծառայելու հանգամանքով: Այդ պատճառները շատ ավելի խորքային են եւ հասնում են Թուրքիայի պետության ակունքներին:
Դանիել ՓԱՆՅԱՆ
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում


















































