Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։ Արարատ գյուղը, որ առավել հայտնի է հին անվամբ՝ Դավալու, երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղն է։ Պատարագին Նիկոլ Փաշինյանի հետ ներկա էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Իսկ կառավարության անդամներից՝ նախարարներ Դավիթ Խուդաթյանը, Գեւորգ Պապոյանը, Անահիտ Ավանեսյանը, Վահե Հովհաննիսյանը եւ այլք։ Սուրբ Հակոբ եկեղեցում էր նաեւ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին Նիկոլ Փաշինյանը ներկայանում է վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում։ Այս միջոցառումների մեկնարկը տրվեց Հովհաննավանքից՝ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ։ Ի դեպ, ամեն անգամ նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է հանվի կաթողիկոսի անունը, մինչդեռ Եկեղեցու կանոնագրքով դա պարտադիր է։ Այս անգամ ևս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չհնչեց։
Հիշեցնենք, մամուլում գրվեց, որ Տեր Երվանդ Բաբայանը Սուրբ Հակոբ եկեղեցու մշտական քահանան չէ։ Հիմնական քահանան Տեր Հարությունն է, որը Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից, նա Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվն է։ Նույն օրը նաեւ տեղեկություններ հրապարակվեցին, որ Տեր Հարությունը մոտ օրերս հայր է դառնում և դեռևս 13.11.2025-ից դիմում է գրել արձակուրդ գնալու վերաբերյալ:
Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դեմ է քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին կարգալույծ անելու միջնորդությանը։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր. « Նախկին տեր Արամի կարգալուծության հարցում իմ դեմ լինելը պայմանավորված է եղել բացառապես Եկեղեցու շահով, և իմ մոտեցումը հարցին չի կարելի կապել քաղաքական որևէ օրակարգի հետ՝ ընդդիմության կամ իշխանության։ Միևնույն ժամանակ, այո՛, այս հարցը չենք կարող տարանջատել նաև Եկեղեցի-իշխանություն ներկայիս հակամարտությունից, որն ավելի քան անառողջ է և անբնական»: Նա նաեւ ընդգծել էր, որ իշխանություն-Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Պղծարշավը շարունակվում է։