Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի ՀՆԱ-ն ենք սխալ ձեւով վատնում»․ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց հասարակությանը՝ շքեղ ծախսերով անարդյունավետ վատնումների մեջ

Նոյեմբեր 23,2025 15:08

«Եթե պետության համար մարդը բարձրագույն արժեք է, մարդն՝ իր համար կարա՞ լինի, բարձրագույն արժեք, թե՝ չէ։ Ո՞նց կարա մարդն ինքն իր համար բարձրագույն արժեք չլինի, ինքն իրեն բարձրագույն արժեք չհամարի եւ ակնկալի, որ ուրիշն իրեն բարձրագույն արժեք համարի։ Այստեղ տրամաբանական խզվածք կա, եւ մեր գնահատականն այն է, որ մարդն ինքն իրեն բարձրագույն արժեք կարող է համարել՝ ինքն իր կրթությանը պատշաճ ուշադրություն դարձնելով։ Ընդ որում, կրթություն ասելով՝ չպետք է հասկանանք, որ ուշադիր լինի ֆիզիկային, քիմիային․․․

Կրթությունը շատ ավելի լայն հասկացությունն է՝ սկսած՝ հազար ներողություն, բայց սննդակարգը, սնունդը ընդունելու ձեւն ինքը նույնպես կրթության հարց է, առողջ ապրելակերպով ապրելը կամ չապրելը, ինքը նույնպես կրթության հարց է, կներեք, փողոց դուրս գալու դեմքի արտահայտությունը նույնպես կրթական հարց է, հերթ կանգնելը, այո, ակնհայտորեն։ Հազար ներողություն, տանը, ընտանիքի միջավայրում ունեցած դեմքի արտահայտությունը նույնպես կրթական հարց է, աշխատավայրում ունեցած դեմքի արտահայտություն նույնպես կրթական հարց է, արտաքին տեսքը, բարեւ տալու ձեւը նույնպես կրթական հարց է»,-  ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կրթության մասին իրեն ուղղված հարցի։

Նա համոզված է, որ մեր պետության գոյության հազարամյա օրակարգն այսպիսի մանր դետալներից է կառուցված։ Ասաց՝ 2020 թվականից սկսել են ուսումնասիրել եւ հասկանալ մեր իրականությունը՝ ոչ ավանդական եղանակով, այլ մեր կենցաղից․ «Ո՞նց կարող ենք մեր տներում, ծննդյան հոբելյան անելիս, մեր ընտանեկան 47 հազար դրամը ծախսել ոչ արդյունավետ, ծախսենք այնպես, որ մեկ է վերջում էդ ափսոսանքի զգացողությունը մնա, որ ինչ-որ բան կամ պակաս էր, կամ՝ ավելացավ։ Ո՞նց կարող ենք մենք՝ էդ 47 հազար դրամը  ծախսենք մի տրամաբանությամբ, հետո գնանք կառավարության դահլիճը մեզ փոխո՞ւմ է, նստենք կառավարության նիստի սեղանի շուրջ եւ 470 միլիոն դրամը լրիվ ուրիշ, հակադարձ ուրիշ տրամաբանությամբ․․․ չի կարող էդպիսի բան լինել։ Հետեւաբար, եթե ուզում ենք 470 միլիոն դրամը ծախսել մաքսիմալ արդյունավետությամբ, պետք է մեր 47 հազար դրամը կարողանանք ծախսել մաքսիմալ արդյունավետությամբ»։

Նա ուրախ է, որ Հայաստանում հարսանիքներ շատ են լինում, բայց չի ընդունում հարսանիքի «սեղանի շուրջ նստելու կուլտուրան»․ «Երբ դուրս ենք գալիս հարսանիքներից, պրծել ա հարսանիքը, էդ սեղանի վրա էնքան բան ա մնում, որ կարելի ա երեք հատ էլ էդպիսի հարսանիք անել։ Բա ժողովուրդ ջան, անարդյունավետ ծախս է, վատնում է։ Ո՞ւմ փողն ենք մենք վատնում․ թվում է՝ թե մարդա իրա  փողը։ Ոչ։ Մեր փողն ենք մենք վատնում։ Մեր երկրի ՀՆԱ-ն ենք սխալ ձեւով վատնում»։

Նա նաեւ նկատեց՝ առջեւում Նոր տարվա տոներն են, նորից բոլորը նույն խնդրի առջեւ են կանգնելու։ Ասաց իր ընտանիքի օրինակով՝ յոթ անգամ փորձել են ինչ-որ մոդել փոխել՝ մեկ է՝ չի ստացվում, դրա գիտելիքը չունեն։

Պետական համակարգում աշխատավարձերի մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ առաջիկայում կներդրվի նոր համակարգ, որը միտված կլինի պետական համակարգի աշխատողների կրթական մակարդակի բարձրացմանը, այն կանդրադառնա նաեւ աշխատավարձերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930