Երեւանում «Lion Heart» մարտարվեստների ակադեմիայի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ակադեմիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ, խառը մարտարվեստների ներկայացուցիչ Արմեն Ղուլյանը, որը պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2016 թվականից եւ հայտնի է նաեւ Fight Night Global եւ RCC մարտարվեստների կազմակերպությունների մրցաշարերին իր մասնակցությամբ, ասաց. «Այս ակադեմիայի հիմնադրումը նշանակալի երեւույթ է ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանի համար: Ինձ քիչ առաջ լրագրողներից մեկը հարցրեց, թե որն է Հայաստանում մենապայքարային մարտարվեստների ակադեմիա հիմնելու նպատակը: Ութ տարի առաջ, երբ Սարգիսը մտմտում էր ակադեմիայի մասին, նպատակը ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելն էր, այլ հայ մարզիկներին միասին հավաքվելու, մարզվելու եւ արդյունքներ արձանագրելու հնարավորություն ընձեռելը, արտասահմանում հայ մարզիկների համայնքը պահպանելը: Առանց Սարգսի եւ նրա ընտանիքի այս ամենը չէր լինի»:
Խոսելով առաջիկա տարում ակադեմիայի լուծելիք խնդիրների մասին՝ Արմեն Ղուլյանն ասաց. «Առաջին տարվա ընթացքում մենք կկարգավորենք մարզումային գործընթացը, որպեսզի դնենք նաեւ ակադեմիայում գործող մարզաձեւերից մեր հավաքականների ձեւավորման հիմքերը: Ընդ որում, հավաքականները կկազմավորվեն բացառապես ազնիվ մրցակցության պայմաններում: Հույս ունեմ, որ արդեն առաջին տարվա ավարտին մենք ուրախությամբ կարձանագրենք մեր մարզիկների արդյունքները: Լիարժեքորեն կգործեն նաեւ սիրողական խմբեր»:
Կարդացեք նաև
Ակադեմիայի թիմի ավագ, խառը մենամարտերի մարտիկ Էդուարդ Վարդանյանը իր հերթին նշեց, որ մարզական այս օջախի հիմնական առաքելությունը երեխաների, երիտասարդների մեջ արժեքային այնպիսի որակների արմատավորումն է, ինչպիսիք են պատիվը եւ ուժը: «Եվ պատահական չէ, որ ակադեմիայի նշանաբանը «Պատիվ եւ ուժ» է: Մեր նպատակը բարձր նվաճումների ճանապարհին մարզիկների համար մարզվելու անհրաժեշտ պայմանների ապահովումն է: Եվ մեր լավագույն մարզիկների արդյունքները անպայման կարդարացնեն մեր բոլոր նվիրական ակնկալիքները»,-ասաց նա:
Հայաստանում «Lion Heart» ակադեմիայի ղեկավար Էդգար Շահնազարյանը իրազեկեց ակադեմիայի սան դառնալու կարգի, դրանից հետո երեխաներին եւ ծնողներին ներկայացվող ակադեմիայի արժեքները պահպանելու անհրաժեշտության մասին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ մենք տալու ենք բոլոր հնարավորությունները այն երեխաներին, որոնք ցանկանում են նմանվել մեր ակադեմիան ներկայացնող աշխարհին հայտնի մարզիկներին, ինչպիսիք են, օրինակ, Արման Ծառուկյանը, Էդուարդ Վարդանյանը, Դավիթ Խաչատրյանը, ինչպես նաեւ ակադեմիայում կայացած մեր մյուս անվանի մարզիկներին: Եվ օգնելու ենք, որ նրանք էլ հասնեն մարզական բարձունքների»,-ասաց Էդգար Շահնազարյանը:
Aravot.am-ի հարցին, թե «Lion Heart» մարտարվեստների կենտրոնը հետագայում ընդլայնելու, նաեւ իր հյուրանոցով մարզահամալիր դարձնելու ծրագրեր կա՞ն, քանի որ ասվեց, որ Երեւանում նախատեսվում է հյուրընկալել աշխարհահռչակ մարզիկների, տարբեր երկրների թիմերի հավաքներ, միջազգային խոշոր մրցումներ կազմակերպել: Եվ քանի որ մարտարվեստներում վնասվածքների պակաս չկա, ինչպե՞ս է կազմակերպվելու բժշկական սպասարկումը, Արմեն Ղուլյանը պատասխանեց. «Լավ հարց է: Հիմա այստեղ ներկա են տղաներ, որոնք եկել են հավաքներ անցկացնելու: Մենք նրանց տեղավորել ենք հյուրանոցներում, սակայն սնունդը կազմակերպվում է այստեղ: Մենք ունենք գործընկերներ, որոնք Հայաստանի տարածքում մարզաբազաներ ունեն, եւ կարողանում ենք հավաքներն ու մարզումները կազմակերպել: Ձեր բարձրացրած թեմայի շուրջ մենք քննարկումներ ունեցել ենք ակադեմիայի մոտ հատուկ սպորտային հյուրանոց ունենալու շուրջ: Այդ տարբերակները մենք դիտարկում ենք: Մրցումների առումով, ցանկանում ենք այստեղ կազմակերպել տարբեր մարտաոճերի հիմնականում սիրողական մակարդակի եւ մանկապատանեկան մրցումներ: Դուք քիչ առաջ ականատես եղաք, թե ինչպիսի պատանի կարատիստներ, ձյուդոիստներ, բռնցքամարտիկներ, ըմբիշներ կան: Նրանց միջեւ մրցումային մրցակցությունով է ընտրությունը կատարվելու:
Ինչ վերաբերում է բուժսպասարկմանը, Հայաստանում գործում է Մարզական բժիշկների ասոցիացիա եւ նրանց հետ միասին մենք լիարժեք վերահսկողություն ենք սահմանելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































