Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքի մասին ֆինանսների նախարարությունը տարբեր՝ իրար չհամապատասխանող տվյալներ է հրապարակում

Նոյեմբեր 23,2025 18:24

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, իր ելույթում հայտարարեց. «… Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ, ոչ թե կրկնապատկվել է կամ՝ ավելացել 100 տոկոսով, այլ 80 տոկոսով…»։

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից վերցված տվյալների հիման վրա կատարվող հաշվարկներով որեւիցե կերպ չի հաջողվում ստանալ նախարարի հայտարարած 80 տոկոսը։

Այսպես, 30.04.2018թ. դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,319.2 մլրդ դրամ կամ 6,867.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 30.09.2025թ.՝ համապատասխանաբար՝ 5,433.5 մլրդ դրամ կամ 14,195.9 մլն ԱՄՆ դոլար։ Դրամային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 63.7, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 106.7 տոկոսով։

ՀՀ կառավարության պարտքը 30.04.2018թ. դրությամբ կազմել է 3,026.3 մլրդ դրամ կամ 6,261.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 30.09.2025թ.՝ համապատասխանաբար՝ 5,233.6 մլրդ դրամ կամ 13,673.6 մլն ԱՄՆ դոլար։ Դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 72.9, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 118.4 տոկոսով։

Նախարարի խոսքում նշված 80 տոկոսը չի ստացվում նաև այլ ամսաթվերի տվյալները դիտարկելու դեպքում։

Այս առիթով Aravot.am-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը հարցմանն ի պատասխան, պարզաբանել է․ «2018 թվականի տարեվերջին ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,082.5 մլրդ դրամ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրի նախագծով 2025 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքի կանխատեսումը 5,573.8 մլրդ դրամ է: 2018 թվականի նկատմամբ 2025 թվականի տարեվերջին կանխատեսվող ՀՀ կառավարության պարտքն ավելանում է 80.8 տոկոսով»:

Հրապարակված տարբեր պաշտոնական տվյալների անհամապատասխանության մասին մեր դիտարկումը ՀՀ Ֆինանսների նախարարությունում շրջանցել են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930