Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սերունդի աղետն ու ողբերգութիւնը կայեանում է ըստ էութեան ճշմարիտ աղոթք չունենալու, աղոթազուրկ լինելու մէջ․ Տեր Շնորհք աբեղա Պալոյան

Նոյեմբեր 23,2025 23:25

Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի քարոզը՝ խոսված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ պատարագին

Յանուն Հոր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյ. ամէն:

Վեհափառ Տէր, Գերաշնորհ Սրբազան հայրեր, Հոգեշնորհ եւ Արժանապատիվ հայրեր, սիրելի ժողովուրդ Աստուծոյ:
Հոգեւոր զուարթարար մեծ ուրախութեամբ, պատկառանոք եւ գոհութեամբ փառք ենք վերառաքում առ բարձրեալն Աստուած եւ երախտապարտ ենք Ձեզ` Վեհափառ Տէր, որ բացեցիք Ձեր սրտի շնորհաց օրհնութեան դռները, այսօր հնարաւորութիւն ընձեռելով Մայր Տաճարում Սուրբ եւ անմահ Պատարագի առանցքի շուրջ ժողովուելու եւ Սուրբ Էջմիածնի խորանի առջեւ Քրիստոսի յաւիտենական զոհաբերութեան խորհուրդով աղերսելու մեր անազատութեան մէջ գտնուօղ Միքայէլ եւ Բագրատ Արքեպիսկոպոսների, Մկրտիչ Եպիսկոպոսի, ազգային եւ Եկեղեցւոյ բարերար Սամուէլ Կարապետեանի, տնային կալանքի մէջ գտնւողներ` Տէր Գարեգին Քահանայի եւ Արագածոտնի թեմի գլխաւոր հաշուապահ` Նաիրա Ալաւերդեանի, ինչպէս նաեւ միւս քաղբանտարկեալների, հայրենիքից դուրս բանտարկութեան մէջ գտնւող Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկաւարների ու ռազմագերիների ազատութեան եւ նրանց ու նրանց հարազատների մխիթարութեան համար:

Մեր Եկեղեցւոյ դէմ հալածանքի արշավի այս պահերին Տիրոջ Սուրբ Խորանին Շիրակի, Տաւուշի եւ Արագածոտնի թեմերի հագեւոր դասի եւ միւս թեմերից մեր հոգեւոր եղբայրների, վանականների, աշխարհականների եւ հաւատացելոց անունից աղոթական խնդրանքներով դիմում ենք նաեւ որպէսզի Նոյի եւ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ Աստված(ԱԾ), ԱԾ Լուսաւորչի, Սահակայ եւ Մեսրոբայ, Նարեկացւոյ եւ Տաթեւացւոյ եւ նոյն Ինքն Սբ Հոգին նորոգի մեր հնազանդութեան եւ հաւատարմութեան ուխտը Քրիստոսի(ՔՍ) եւ Նրա Եկեղեցւոյ հանդեպ, Եկեղեցւոյ կարգերի ու նուիրապտութեան հանդէպ: Եւ ողջ հայութեան խորհրդական ծնունդի մսուրից եւ նուիրական ուխտավայրից` Մայր Եկեղցւոյ ներսից, սրտի հառաչանքներով եւ, հնարաւորինս, աղերսագին արտասւօք աղաչենք առ ՔՍ ԱԾ որպէսզի ների մեր անհատական եւ հաւաքական մեղքերը եւ մեզ Մկրտութեամբ կանչուածներիցս փրկութեան շնորհի ընտրուածներ դարձնի: Դարձնի ուխտի ժողովուրդ, Եկեղեցւոյ փարախից ներս ժողովի նաեւ բոլար մոլորեալներին, միաւորի, միաբան ու միախորհուրդ դարձնի, պահպանի Իր բանաւոր հոտի ու փոքր ածուի մնացորդաց սերունդը:

Եւ ՅՍի ՔՍի մեր փրկչի տիրաւանդ հաւատքն ու սէրը եւ Նրա աստուածային օրհնութիւնն եմ աղոթելով մաղթում ձեզ` սիրելի ներկաներ, եւ Նրա անճառելի շնորհը, խաղաղութիւնը, սրբարար զորութիւնը թող ձեր բոլորի անմահ հոգիներն առաջնորդի դեպի յաւիտենական փրկութիւն. ամէն:

Շնորհակալ ենք նաեւ Լուսարարապետ` Հայր Անանիայից եւ նրա լուսարարպետական կազմից եւ բոլորից, Տէրը օրհնի եւ անձնուէր ծառյութեան մէջ անայլայլ պահի ձեզ:

Ինչո՞ւ է ներկայիս կրոնական կեանքը անկման մէջ: Ինչո՞ւ է հոգեւոր կեանքը ու մեր անհատական բարեպաշտութիւնը անկում ապրում, իսկ հակառակ սրան` նիւթապաշտութիւնը, կամապաշտ, երկրահակ, անարգ մոլորութիւնները՝ առատանում ու փարթամանում այս աշխարհում: Ինչո՞ւ է մեր հաւատքը մակերեսային եւ զուտ տեսական դարձել եւ ինչո՞ւ է այն պղտորուել՝ ընդխառնուլով կենցաղային նիւթապաշտութեան հետ:

Դժուար չէ նկատել, որ մի կողմից մեղքի մշակոյթը քարոզող ու կուլտիվացնող ողջ աշխարհն ինքնին եւ մեղքը իր նկարագրով ու էութեամբ, երբէք չեն փոխուել, եւ նոյն աշխարը այժմ հսկայական միջոցներ է ներդրել եւ ներդնում, որպէսզի մեր հասարակութեան շերտերից արտաքսի ՔՍին եւ ապա նուսատացնի եւ եթէ հնար է, թուլացնի Եկեղեցւոյ ազդեցութիւնն ու ոչնչացնի այն, դարձնի հասարակութեան ծաղրանքի առարկայ, եւ այս դիվագործական սեւ սերմերն ու ժամացոյցով լարուած ռումբը արդեն ներդնում են մեր եւ մեր զավակների մտքերի ու հոգիների մէջ:

Միւս կողմից, այս համընդհանուր անկումի հենքի վրայ Հայ ժողովուրդն այսօր իւրովի է ապրում հոգեւոր անկումի իր անհատական ողբերգութիւնը: Եւ արդեն մի քանի տարիների եւ հատկապէս վերջին ամիսների ընթացքում կատարուած եւ կատարուօղ ու դեռ կատարուելիք իրողութիւնները` հոգեւոր գաղջութիւնը, պատերազմի արհաւիրքները, Արցախի անկումն ու արցախցիների տեղահանութիւնը, նեղութիւններն ու փորձանքները մեզ համար հնոցի կրակի բով են դարձել, որի մէջ եկեղեցւոյ եւ հայրենիքի պատմական այս շրջանում խարամից կարող էր զըտւուել մեր սրտի եւ հոգու ոսկին: Այս եւ միւս շատ հոգեւոր, հոգեբանական եւ անգամ հոգեֆիզիոլոգիական փոփոխութիւնները մեր հոգեւոր տկարացման ոչ թէ որպէս արդարացումներ, այլ որպէս պատճառներ կարող են լինել, որոնք սակայն ազդել են որպէսզի ժամանակակից մարդու աղոթքը անկենդան եւ մակերեսային դառնայ: Այս պատճառով աղոթելիս միտքը դժուարութեամբ է ընկղմւում խոսքերի իմաստի խորութիւնների մէջ, եւ, հետեւաբար, սիրտն էլ չի արձագանքում` ներքնապէս աղոթքի իմաստներն ապրելով:

Եւ միայն ու միայն կրքերի դէմ անզիջում պայքարի շնորհիվ կարելի է ազատագրել միտքը, սիրտը, հոգեւոր զգացումները, հոգեւոր գիտակցութիւնը եւ կրոնական ինտուիցիան, որոնց շնորհիվ մարդն իրեն ոչ միայն նիւթական այլեւ աննիւթական, մետաֆիզիկ աշխարհի հետ հաղորդակից է զգում: Շատ հայրեր խորհուրդ են տալիս ամէն անգամ արդեն ծանոթ աղոթքները կարդալ ասես առաջին անգամ ենք կարդում: Երանելի ճգնաւոր հայրերի համար աղոթքի իւրաքանչիւր բառը ասես նորովի էր ընկալւում` ոչ թէ ըստ ձեւի, այլ ըստ իր բովանդակութեան, որի շնորհիվ նրանց աղոթքները դառնում էին հոգեւոր նոր ստեղծագործութիւն: Այսպիսի աղոթքի մէջ ներգործող Աստուծոյ շնորհը մաքրում, լուսաւորում եւ միաւորում է հոգին շնորհատըուի հետ` այնքանով որքանով մարդը պատրաստ եւ ընդունակ է դրան: Եւ քանի որ աղոթքը սերտորէն ագուցուած է մարդու ներքին պատերազմի եւ նրա ողջ կեանքի հետ` ինչպէս աղոթում ես, այնպէս էլ ապրում ես եւ հակառակը` ինչպէս ապրում ես, այնպէս էլ աղոթում ես: Մեր սերունդի աղետն ու ողբերգութիւնը կայեանում է ըստ էութեան ճշմարիտ աղոթք չունենալու, աղոթազուրկ լինելու մէջ: Կորցնելով կամ չունենալով աղոթքը, կորցնում ենք ԱՅ հետ մեր կապը, կորցնում ենք մեր մէջ ՔՍին, իսկ սա իր հերթին թուլացնում է մարդու տեսկան հաւատքը, եւ սիրտը զուգահեռ շարունակում է կապուած մնալ կենցաղային նիւթապաշտութեան հետ: Ահա սա է իրական, այն խորքային ողբերգութիւնը, որից յետոյ որպէս յետեւանք գալիս է նաեւ հայրենիքի ֆիզկական սահմանների կորուստը: Զուր են տքնում պահապանները, եթէ Աստուած չի պահում քաղաքը:

Հետեւութիւնները թողնում եմ ձեզ, սիրելիներ:

Դարձեալ անդրադաձ կատարենք մեր իրականութեանը եւ տեսնենք, թէ ինչպէս է մարտնչող տգիտութեան եւ ոգեւորուած հիստերիայի հենքի վրայ փորձւում մեր հաւատքը առ ՔՍ, փորձւում Մայր Եկեղեցւոյ եւ մեր հայրերի հանդէպ մեր հնազանդութիւնն ու խոնարհութիւնը: Արդարեւ, այսօր փորձւում է մեր հայրենիքի հանդէպ հաւատարմութիւնն ու նուիրուածութիւնը, ձգձգուօղ նեղութիւններում ու տառապանքներում փորձւում են մեր համբերութիւնը, մեր հաւատքի տոկունութիւնը եւ աղոթքի հարատեւութիւնը:

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր, Տիրոջով մեզ մաս ու բաժին վիճակուած այս մեծ փորձութեան մէջ չմատնուենք հոգեւոր անտարբերութեան, եկէք ապաշխարութեամբ եւ աղօթքով ուղղենք մեր հոգեւոր կեանքի առանցքից դեպի հեռաւոր ծայրամաս սահած ՔՍի ներկայութիւնը եւ համախմբուած մասնակից դառնանք յաւիտենական այս հարսնարանին: Իմաստուն կոյսերի նման, ելնենք ընդ առաջ երկնաւոր, անմահ Փեսային` մեր աղօթքի ձէթի վառեալ լապտերներով:

Մի հապաղէք, քանի դեռ բաց են առագաստի դռները:
Չդառնանք ու չնմանուենք ոչ շատ հեռու անցեալի մեր կերպարին, որ միայն նեղութեան, պատերազմի ու աղետի, սպառնալիքի պահին աղոթել գիտի: Բոլոր նրանք ովքեր ԱՅն մտերմանալու կարօտն են զգում, նրանք ովքեր փափագ ունեն Նրա շնորհն եւ ողորմութիւնն ստանալուն, հարկ է որ ջերմեռանդ սրտով Աստծուց սուրբ մարգարէի շուրթերով եւ մարգարէի եռանդուն փափագով խնդրեն.

«Առաքեա, Տէր, զլոյս Քո եւ զճշմարտութիւն Քո զի առաջնորեսցեն ինձ եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի հարկս Քո»: «Առաքեա, Տէր, զլոյս Քո» ասելով սուրբ մարգարէն նկատի ունի ՔՍի անանցանելի եւ անստեղծ Լոյսը եւ շնորհի առաջնորդութիւնը, որը նախ` հաւատք է ծնում մեր մէջ եւ ապա հասունացնում է այն մեզանում:
Շարունակութիւնը` «Եւ զճշմարտութիւն Քո»- ԱՅ ճշմարտութիւնն այն պարգեւն է, որը սէր է վառում մեր հոգիների խորհրդարանում: Եւ այս զոյգ շնորհները հաւատքն ու սէրը, ուրեմն, թող առաջնորդեն մեզ, հանեն ու բարձրացնեն լեառն ԱՅ` Նրա սուրբ ներկայութեան հանդիման:

Եթէ ճշմարտապէս լուսաւոր է մեր հաւատքը, եթէ անկեղծ ու մաքուր է մեր սէրը, անկասկած, պէտք է ընդունենք ու նաեւ իր ժամանակին ստանանք յանուն ՔՍի մեր տառապանքներով ու աղոթքներով հասունացած ԱՅ ողորմութիւններն ու շնորհները:

Բոլորիս յայտնի է, թէ այսօր ինչպէս են փորձեր արւում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, սուրարգատային, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցւոյ ծաղրապատկերը ձեւաւորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ«-ն ու շինծու «կարգաւորութիւնն» ունի: Եւ պարզ է որ այնտեղ ԱԾ չի կարող բնակուել, քանի որ այնտեղ արդեն Նրա փոխարեն սուրարգատային քրիստոսն է… կամ հակաքրիստոսը, որպէսզի Եկեղեցին հարմար լինի մեղքը ազատորեն գործելու համար, որպէսզի Եկեղեցին ստերիլ լինի ԱԾց, որպէսզի Եկեղեցին ազատագրուած լինի ՔՍից:
Մեր եկեղեցւոյ մէջ Սուրբ Հոգին գործում է, երբ կա հնազանդութիւնն ու խոնարհութիւնը, հետեւաբար հնազանդութիւնն ու խոնարհութիւնը պայմաններ են, որպէսզի ԱՅ շնորհը գործի եւ աշխատի մեզանում, որպէսզի մենք նմանուենք Քրիստոսին եւ սրտով միաւորուենք Նրան: Անհնազանդութիւնն ու ապստամբութիւնը, ինչպիսի արդարացումներ էլ որ բերեն, քայքայում է անձի ողջ էութիւնը, իսկ մարդկային սրտում միաւորում է հպարտութեան հեղինակի` հակաքրիստոսի ու սատանայի հետ: Եւ սա ցաւալի աքսիոմա է, եւ ցաւալի փաստ: Հպարտութիւնն այնպիսի մթագին մոլորութեան վարագուով կարող է շղարշել մարդուս էութիւնը, որ ակնյայտ ու տարրական մարդակազմական եւ եկեղեցագիտական ճշմարտութիւնները անտեսուեն ու շրջանցուեն:

Սակայն անաստուածութեան առաքեալները այժմ գառան մորթու նոր տարազով են ասպարէզ եկել` դառնալով շրջուած գիտակցութեան, կեղծ եկեղեցու, կեղծ հաւատքի եւ կեղծ սիրոյ մի անգամուայ օգտագործուող քարոզիչներ: Սատանան ձգտում է միշտ կապկել ՔՍին, իսկ այսպիսիք իրենց գռեհիկ հպարտութեամբ վարակուած, իրենց արատաւոր ինտելեկտում ապրող հափրանքները համարում կամ ներկայացնում են բացարձակ հոգեւոր վիճակներ` իբրեւ լոյս եւ ճշմարտութիւն: Իսկ մեզ յայտնի է այս տեսակի հոգեւոր հիվանդութեան ախտանիշը: Դա նոյն հպարտութիւնն է, նոյն սին փառքի մոլուցքը իր մասամբքներով եւ իր զանազան դրսեւորումներով: Որը շատ հաճախ կլինիկական միջամտութիւն է պահանջում…

Ուստի եւ, այս ամենն ի նկատի առնելով մենք դարձեալ յիշենք ու յիշեցնենք մեր հոգու առաջնային պարտականութիւնների մասին, եւ մեր բոլորիս ուխտի սնուցման աղբիւր հանդիսացող աւետարանական տերունաւանդ սկզբունքները` աղօթքը եւ պահեցողութիւնը եւ մեր իսկ ՔՍով ծառայութեան կոչուած վայրերում երբէք չդադարեցնենք ընդհանրական եւ անհատական աղոթքները:

Որպէսզի աղոթքի եւ պահքի կենսական անհրաժեշտութիւնը հասկանանք ու գիտակցենք, հարկ չկայ հատուկ աստուաշնչեան եւ հայրախոսական ուսումնասիրութիւններ կատարելու, բաւական է նայենք մեր թեմերի հոգւոր եւ ոչ հոգեւոր դաշտում կատարուող խտացուած իրադարձութիւններին: Որոնց լուծումները եւ զենքերը մեր ձեռքերում են, եւ դա մեր սրբատեղիներից բարձրացող անդադար աղոթքներն են: Սիրելիներ, եկէք չտկարացնենք ու չընկճենք մեր այս նուիրական կոչուածութիւնն ու պարտականութիւնը: Երբ առաջնայինն իր տեղում է, միւսները իրենց տեղերը կգտնեն: Վստահ եմ եւ հաւատում եմ, որ ձեր միասնական սուրբ աղոթքներով մեր լեռնացած մեղքերը շարժուելով` ընկղմուելու են ՔՍի մոռացութեան կիրճում:

Մենք այժմ փութով լծուած ենք ուղղելու այն հետեւանքները, որոնք գոյացել են հենց «Արթուն կացէք եւ յամենայն ժամ աղոթս արարէք, զի մի անկանիցիք ի փորձութիւն» այս կարեւոր պատուիրանի երկրորդական եւ յետին պլան մղելու պատճառով, պահեցողութիւնն անտեսելու, եւ այն քմհաճոյքի եւ ծաղրանքի առարկայ դարձնելու պատճառով: Բոլոր միւս անհանզանդութեան, բարձրամիտ ամբաստանութիւնների, կամապաշտ ամբարտաւանութիւնների երեւոյթնրն ու ակցիաները սկսւում են Եկեղեցւոյ այս կարգերը, աղոթքը, պահքը, անտեսելու, անկարեւոր համարելու եւ այդպիսով արդեն իսկ Մայր Եկեղեցուն անհանզանդութիւն դրսեւորելու պատճառով:

Սուրբ հայրերն ասում են` շնորհը վերդառնում է այն ճանապարհով, որով լքել է այն մեզ: Պահեցողութիւնը, ժուժկալութիւնը եւ ճգնաւորութիւնը վերաբերում է ոչ միայն կերակուրի տեսակներին, այլեւ մտքի դեգերումներին ու տեղեկատուութեան քաոսում տուայտող անդադրում խորհուրդների անկառավարելի հոսանքներին:
Ուստի պէտք է մեր կամքն ուղղենք առ այն, որպէսզի մենք յոժար ու պատրաստ լինենք մտնելու նեղ դռներով եւ ուշադիր աղօթքով միաւորուելու մէր Տէր ՅՍ ՔՍին, որ Իր պատուական արիւնով գնելով մեզ, մեղքի եւ սատանայի գերութիւնից ազատելով, պահի եւ պահպաի մեր կարողութիւններից վեր ամէն տեսակի հոգեւոր եւ մարմնաւոր փորձութիւններից ու փորձանքներից եւ շնորհի մեզ դեռ այս աշխարհում ժառանգել Նրա անպատում օրհնութիւնները, զորացնի, առատացնի եւ օրհնի բոլորիս հաւատքն ու սէրը, լուսաւոր եւ սուրբ պահի մեր մտքերն ու սրտերը, յանուն ՔՍի եւ Նրա սիրոյն մեր կրած բոլոր նեղութիւնները, անարգանքներն ու բանտարկութիւները, զոհաբերութիւններն ու ինքնակամ ընծաները, աղոթքներն ու առաքինութիւնները Աբէլի պատարագի նման ընդունի հաճութեամբ եւ փոխարէնը մեզ ազատի մոլորութիւններից ու ազատագրի մոլորեալների ոտնձգութիւններից ու լիացնի ամենայն հոգեւոր եւ մարմնաւոր բարութեամբ. իսկ հանդերձեալ աշխարհում Իր խոստացած երանելի փառքին արժանի դարձնի. ամէն:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930